«Մեր լեզվի մասին օրենքը փոփոխության ենթակա չի». ԿԳ նախարար
«Ես ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսել, երկու տարբեր հարց կա՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, մեր լեզվի մասին օրենքը փոփոխության ենթակա չի։ Երկրորդ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ ունեցող տարածք, մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվի փայլուն տիրապետումից զատ՝ ունենան օտար լեզուների իմացություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով ռուսերենը երկրորդ պետական լեզու սահմանելու մասին լուրերը։
Ըստ նրա՝ եթե Եվրոպայում 3 լեզվի գործածություն է, Հայաստանում դրվում է երկու լեզվի խորացված իմացություն, քանի որ ՀՀ-ն նաև ԵՏՄ անդամ է, և ռուսերենի խորացված իմացությունն անհրաժեշտ է։ Նախարարը հերքեց, որ Սահմանադրության դրույթը, որով հայոց լեզուն ամրագրվում է՝ որպես ՀՀ միակ պետական լեզու, կարող է փոխվել։
«Ես հանդիպել եմ ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հետ։ Որևէ այդպիսի հիմնախնդիր իրենք չունեն, պարզապես, որպես միջհաղորդակցային լեզու, շահագրգռված են, որ ռուսաց լեզուն զարգանա, խորանա, մեր ժողովուրդը տիրապետի այդ լեզվին»,- ասաց Լ. Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: