Սնանկացող ձեռնարկության լույսն ու ստվերը

Արտադրական այս ձեռնարկության անհաջողությունների մասին խոսակցությունները դեռևս ամռանը սկսվեցին: Պրիվոլնոյե գյուղի բնակչությունը սեպտեմբեր ամսին փակեց «Աշտարակ կաթ» ընկերության մեքենաների ճանապարհը: Պարզվեց, որ հունիս ամսից այդ ընկերությունը գյուղացիներից կաթ է մթերում` առանց վճարման: Գյուղացիների խոսքով` ընկերության պարտքը 46 մլն դրամ էր: Նրանք մինչև սեպտեմբեր կաթը հանձնում էին մեկ լիտրը 100 դրամով: Իսկ սեպտեմբերի մեկից` 120 դրամով:

Ընկերությունը` համաձայնելով գնաճին, շարունակում էր կաթը մթերել: Սակայն շարունակում էր անասնապահներին չվճարել մթերված կաթի դիմաց: Այս անախորժ պատմությունն ինչ-որ կերպ կոծկվեց: Կոծկվեց մինչև նոյեմբեր: Մի քանի օր առաջ հանկարծ պարզվեց, որ «Աշտարակ կաթը» դադարեցրել է իր արտադրությունը: Պաշտոնապես այս ընկերությունը հիմնադրվել է 1995թ.: Հիմնադրման պահից, մամուլի հրապարակումների համաձայն` սեփականատերն Աշոտ Ափոյանն է:

Նա հասարակությանը հայտնի դարձավ 2003թ., երբ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեց ՀՅԴ ցուցակով: Երրորդ գումարման ԱԺ պատգամավոր դառնալուց հետո նա խորհրդարանում ոչ մի ելույթ չունեցավ: Չնայած ՀՅԴ ցուցակով ընտրվելու փաստին` մեր մամուլը նրան համարում էր անկուսակցական պատգամավոր:

Հաջորդ` 2007թ. ընտրություններին նա մեկ անգամ էլ հաջողացրեց նույն ցուցակով ընտրվել խորհրդարանի անդամ` դառնալով Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի անդամ: Մամուլն արդեն գրում էր, որ Աշոտ Ափոյանը դարձել է ՀՅԴ անդամ: Չորրորդ գումարման ԱԺ-ի նիստերին էլ սույն պատգամավորը հրապարակային խոսք չունեցավ: Ընդամենը մեկ անգամ նա «շփվեց» մամուլի հետ:

Լրագրողները նրա անունը հրապարակել էին գործարար պատգամավորների ցանկում, և պարոն Ափոյանը հայտարարեց, որ ինքը հարգում է օրենքը, չի զբաղվում գործարարությամբ և ընդամենը «Աշտարակ կաթ» ընկերության բաժնետեր է: Հետո նրա անունը երկար ժամանակ չէր հիշատակվում մեր մամուլում: Եթե հաշվի չառնենք 2012-ի մի տխուր պատմություն: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը սույն գործարարի դեմ քրեական գործ էր հարուցել:

Քրգործը հարուցվել էր նրան պատկանող ընկերության իրավական խորհրդատուի հայցով: Իրավական խորհրդատուն իր հայցը մամուլին ներկայացնելիս պնդում էր, որ Աշոտ Ափոյանը վերջին տարիներին դարձել էր աղանդավորական մի խմբակի անդամ:

Իսկ այդ խմբակը տարիներ շարունակ անշարժ գույքի հետ կապված զանազան պատմությունների մեջ է ներքաշվում: Այս անգամ էլ իրավախորհրդատուն պնդում էր, որ Ափոյանն իրենից խաբեությամբ խլել է մի խանութ Երևանում և 100 հա գյուղատնտեսական նշանակության հող: Նման պատմությունները սովորաբար սկսվում են մեծ աղմուկով ու հետո անսպասելի «դադարում»: Այս դեպքն էլ բացառություն չէր:

Բայց այդ ընթացքում «Աշտարակ կաթ» արտադրական ձեռնարկությունը շարունակում էր հաջողությամբ տնտեսվարել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համաձայն` «Աշտարակ կաթին» է պատկանում կաթնամթերքի շուկայի համարյա 40 տոկոսը: Այդ ընկերության պաշտոնական կայքում հայտարարված է, որ ընկերությունը շուրջ 500 աշխատակից ունի: Տնտեսագիտական բոլոր դասակարգումներով այն, փաստորեն, խոշոր արտադրական ձեռնարկություն է:

Խոշոր ձեռնարկություն, որ տարիներ շարունակ հպարտությամբ հայտարարում էր, որ համագործակցում է մոտ 6 հազար ֆերմերային տնտեսության հետ: Առանձնահատուկ հպարտությամբ հայտարարվում էր, որ կաթ մթերում են ծովի մակերևույթից առնվազն 2 հազար մետր բարձրության վրա գործող մարգահովիտների անասնապահական տնտեսություններից: (Պարզ ու խորիմաստ ակնարկ այն մասին, որ իրենց արտադրանքի հումքն ալպիական է ու էկոլոգիապես մաքուր): 50 տեսակի կաթնամթերք ու 45 տեսակի պաղպաղակ արտադրող ձեռնարկության կյանքն անամպ էր: Բայց հենց պաղպաղակի իրացման սեզոնի պիկին սկսվեցին ընկերության ձախորդությունները: Դա կանխատեսելը բարդ էր: Ընկերությունն անընդհատ նոր ապրանքատեսակներ էր թողարկում` փորձելով պահպանել իր գերիշխող դիրքը կաթնամթերքի շուկայում:

Բայց նախկինում հայտնված տգեղ պատմությունները հավանաբար հիմք ունեին: Արդեն երկու-երեք շաբաթ է` «Աշտարակ կաթ» ապրանքանիշի մթերք շուկա չի հանվում: Իրավիճակը, բնականաբար, մտահոգիչ է: Եթե ընկերության 500 աշխատակից և գործընկեր 6 հազար ֆերմերային տնտեսություն ունենալու փաստը չափազանցված համարենք, միևնույն է, պիտի ընդունենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալները շուկայի 40 տոկոսը զբաղեցնելու մասին:

Փաստորեն, 20 տարուց ավելի մեր ներքին շուկայում հանրահայտ ապրանքանիշն անհասկանալի պատճառներով պարտքեր է կուտակել ու հայտնվել է սնանկացման եզրին: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունն արդեն հայտարարել է, որ ուսումնասիրում է խնդիրները և հնարավորության դեպքում կփորձի աջակցել ընկերությանը: Սպասենք զարգացումներին: Բայց այն, որ այս ընկերությունում ամեն ինչ կարգին չէ տնտեսական ու ձևական տրամաբանության հետ, ակնհայտ է ընկերության կայքում տեղադրված «Mojo» յոգուրտի գովազդից՝ «Երիտասա՞րդ ես, աշխատո՞ւմ ես առավոտից երեկո, խմո՞ւմ ես և ծխո՞ւմ, վարո՞ւմ ես անառողջ ապրելակերպ:

«Mojo»-ն քեզ համար է: Ամեն օր լիցքավորվիր «Mojo» յոգուրտներով` քավելով մեղքերդ օրգանիզմիդ հանդեպ»: Ընդունեք, որ գովազդի կամ քարոզի ավելի անհեթեթ տեքստ դժվար է գտնել:

Տեսանյութեր

Լրահոս