Բաժիններ՝

Բացահայտվում է քանդվող Երևանի գաղտնիքը

Նախորդ հրապարակումներից մեկում 168.am-ն անդրադարձ էր կատարել խնդրին, որով պայմանավորված՝ իրականություն է դառնում վերջին տարիների Երևան քաղաքի հուշարձանաթափը: Առաջին տպարանի շենքն, օրինակ, պայթեցվեց, որովհետև այն ներառված չէր պատմամշակութային հուշարձանների համապատասխան ցանկում: Նույն տրամաբանությամբ ու պատճառահետևանքային կապերով քանդվել են, քանդվում են ու գուցե դեռ քանդվելու են հին երևանյան մնացյալ բոլոր կառույցները, որոնց համար «սեփականատերեր» կգտնվեն:

Վերջին տարիներին երևանյան հուշարձանաթափի թնջուկը, պարզվում է, սակայն, իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակազմակերպություն հանդիսացող՝ փոխնախարար Արև Սամուելյանի անմիջական վերահսկողության տակ գտնվող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի վարած բարձիթողի քաղաքականության արդյունքում: Մշակութային օբյեկտների հաշվառում կատարելու պարտականությունը, որը նշյալ ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկն է, տարիներ շարունակ չի իրականացվում: Մինչդեռ ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշումը սահմանում է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին (II). Հուշարձանների պետական հաշվառումը և կադաստրի վարումը, 17 կետի համաձայն, սահմանում է՝ հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերում նշված տվյալները պարբերաբար (առավելագույնը` յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր հայտնաբերումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների:

Պարզվում է, որ վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում Երևան քաղաքի և ոչ մի մշակութային օբյեկտ չի հաշվառվել և չի ընդգրկվել ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ կանաչ լույս վառելով քաղաքի նկարագիրը տարերայնորեն աղավաղող «սեփականատերերի» համար:

168.am-ը հանդիպել և զրուցել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, ում ղեկավարած ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը պատմամշակութային հուշարձանների հաշվառումն է: Հակոբ Սիմոնյանից փորձեցինք ստանալ որոշ հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում Երևան քաղաքում չեն հաշվառվել պատմական և մշակութային նշանակության կարևորագույն և ոչ կառույցները՝ պատմամշակութային հուշարձանի կարգ սահմանելով, հետևաբար ապահովելով նաև դրանք հետագա ֆիզիկական ոչնչացումից:

Կարդացեք նաև

Հակոբ Սիմոնյանի հետ հարցազրույցը՝ ստորև.

– Պարոն Սիմոնյան, պատմամշակութային հուշարձանների հաշվառումը, պեղումների իրականացումն ու հուշարձանների վերականգնումը մտնո՞ւմ են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի գործառույթների մեջ:

– Միայն հուշարձանի հաշվառումը և պեղումների իրականացումը: Հուշարձաննների վերականգնումը կատարում է այլ կազմակերպություն՝ «Հուշարձանների վերականգնման» ՓԲԸ-ն: Շատ լավ է, որ Դուք այդ հարցը բարձրացրեցիք, որովհետև մամուլում, կարծես հենց 168.am կայքում, մեր ՊՈԱԿ-ի հասցեին անհարկի մեղադրանք է գնացել, թե իբր մեր պատճառով հուշարձանները վնասվում են և այլն, և այլն…

– Եկեք ճշգրտում մտցնենք, պարոն Հակոբյան, ոչ թե Ձեր ՊՈԱԿ-ի պատճառով հուշաձան է վնասվում, այլ Ձեր ՊՈԱԿ-ի կողմից չիրականացված գործառույթներից մեկի պատճառով, որն է՝ հուշարձանների հաշվառումը, դեռևս հուշարձան չհամարվող, բայց արժեքավոր օբյեկտը ձեռք է բերում սեփականատեր և կամայական ճակատագրի արժանանում:

– Սա ասում եմ, որ դուք էլ իմանաք ու ձեր խմբագրին բացատրեք՝ գոյություն ունի մի քանի բնագավառ՝ հուշարձանների ուսումնասիրումը և պահպանական փաստաթղթերի ստեղծումը, որը կատարում է մեր ՊՈԱԿ-ը: Այսինքն՝ մենք պատրաստում ենք պետական ցուցակները, վկայագրերը, պահպանական գոտիները, հուշարձանների կադաստրը և այլն: Այս փաստաթղթերի հիման վրա հուշարձանների պահպանությունն իրականացնում է լրիվ մեկ այլ ՊՈԱԿ: Իսկ ահա մեզ մեղադրում են, որ մենք չենք պահպանում…

– Արդեն ասացինք, թե Ձեր իսկ կողմից հիշատակված այդ հոդվածում ՊՈԱԿ-ին ինչում ենք մեղադրում…

– Կամ մեզ հարց են ուղղում, թե ինչո՞ւ, օրինակ, առաջին տպարանի շենքը չենք մտցրել ցուցակի մեջ:

– Այո, հենց նման հարցադրում կա այդ հոդվածում, և իսկապես, եթե հուշարձանների հաշվառումը Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկն է, ապա խնդրում եմ պատասխանեք այդ «մեղադրանքին», որ իրականում պարզապես լրագրողական հարցադրում էր՝ թե ինչո՞ւ արդեն իսկ պայթեցված առաջին տպարանի շենքը ներառված չէր պատմամշակութային հուշարձանների նորահայտ կամ հիմնական ցուցակում:

– Ամբողջ խնդիրն այն է, որ ՊՈԱԿ-ը կատարում է պետական պատվեր, այսինքն՝ իջեցնում են հանձնարարություն:

– Որտեղի՞ց է իջնում այդ պատվերը:

– Դա տալիս է գործակալությունը:

– Ո՞ր գործակալությունը:

– Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալությունը, որ մշակույթի նախարարության կազմում է: Այսինքն՝ եթե նա մեզ հանձնարարական չի տալիս, ես չեմ կարող դա անել:

– Այսինքն՝ ստացվում է, որ եթե վերոհիշյալ պատվերը չկա, ապա Դուք չե՞ք կարողանում իրականացնել ՊՈԱԿ-ի գործառույթը, որը հուշարձանի հաշվառումն է:

– Չէ, մենք հուշարձանի հաշվառումը կատարում ենք միայն պատվերի համաձայն: Այսինքն՝ դու շինարար ես, դու կառուցում ես միայն այն շենքը, որ քեզ պատվիրում են, հո չե՞ս կարող գնալ հենց այնպես շինարարություն անել: Ոնց որ դու գնաս ու սկսես ինքնագլուխ շենք կառուցել: Պետք է ես պատվեր ունենամ, որ այդ շենքը կառուցեմ:

– Այնքան էլ հասկանալի չէ, բայց մենք դա կպարզենք, թե ինչպիսի՞ մեխանիզմ է մշակված այս պարագայում:

– Փորձեք պարզել: Երևանի հուշարձանների ցուցակը մի երկար պրոցես է, որ ես ուզում եմ Ձեզ բացատրել: Ուրեմն 1993 թվականին, երբ քաղաքապետը Համբարձում Գալստյանն էր, ստեղծվեց Երևան քաղաքի հուշարձանների պահպանական համակարգ, և դա պետք է հիմք լիներ Երևանի նախագծման հեռակա զարգացման և այլնի համար: Եկան 1998-99 թվականները, ու այդ տարիների քաղաքապետարանը պարզապես սարսափելի ձևով ճնշեց: Գիտեք՝ ով էր այդ տարիներին նախագահը, ո՞վ ռիսկ ուներ դրան դեմ գնար, ու վերցրին և չեղյալ հայտարարեցին քաղաքապետարանի կողմից արդեն իսկ հաստատված այդ փաստաթուղթը: Արդյունքում պետական պահպանության տակ գտնվող հուշարձանների ցուցակից պարզապես դուրս մնացին 700-800 անուն հուշարձաններ: Այդքանն էլ քիչ էր, հայտարարեցին՝ քանի որ այդ ցուցակը պետք է նորից գրանցվեր, բայց չի գրանցվել, ուրեմն գործող փաստաթուղթ չէ, նոր գործող փաստաթուղթ պետք է ստեղծվի: Ահա, նոր գործող փաստաթղթում շատ ու շատ հուշարձաններ դուրս մնացին: Դրանից հետո արդեն կատարվեց երկրորդ քայլը՝ հանրապետական նշանակության շատ ու շատ հուշարձաններ դարձան տեղական նշանակության, իսկ տեղական նշանակության հուշարձանների ճակատագիրը որոշում է քաղաքապետարանը: Գնաց մի պրոցես, որ մենք արդեն գիտենք՝ քանդվեցին Երևանի բազմաթիվ շենքեր:

– Եվ մինչև հիմա քանդվում են…

– Դե, դա արդեն ուրիշ հարց է:

– Ի՞նչ հարց է, պարոն Սիմոնյան:

– Ուզում եմ ասել՝ հարցը այսպես է եղել: Ոչ թե մենք դա չենք մտցրել ցուցակում, այլ պարզապես այդպես է եղել:

– Ուզում եմ հասկանալ, թե հիմա իրավիճակն ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ են հիմա՝ մեր օրերում, արժեքավոր շենքեր պայթեցվում՝ պատճառաբանությամբ, թե դրանք պատմամշակութային հուշարձանների ցուցակներում չկան՝ այն դեպքում, հղում եմ անում ՀՀ կառավարության 2002 թվականի N 438 որոշմանը, որը սահմանում է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին (II). Հուշարձանների պետական հաշվառումը և կադաստրի վարումը 17 կետի համաձայն՝ հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերում նշված տվյալները պարբերաբար (առավելագույնը` յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր հայտնաբերումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների: Այսինքն՝ պաշտոնական փաստաթուղթը սահմանում է առավելագույնը յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ հուշարձանների լրամշակման կարգ: Դուք այս փաստաթղթին տեղյա՞կ եք:

– Այո:

Ուզում եմ հասկանալ, օրինակ՝ վերջին հինգ տարում հիմնական կամ նորահայտ ցուցակներում Երևան քաղաքից քանի՞ հուշարձան է հաշվառվել կամ լրամշակվել:

– Հուշարձանի կարգն այսպես է՝ մեր կազմակերպությունը հայտնաբերում է նորահայտ հուշարձաններ, կազմում է ցուցակներ, ներկայացնում է նախարարությանը, որտեղ կա գիտամեթոդական խորհուրդ, որտեղ էլ այդ հարցը քննարկում են: Դրանից հետո կամ տալիս են նորահայտ հուշարձանի կարգավիճակ, կամ մերժում են: 2011-15 թվականներին մեր ՊՈԱԿ-ի կողմից հայտնաբերվել է 782 անուն հուշարձան, այնպես որ՝ պետք չէ ուրիշի մեղքը գցել մեր ՊՈԱԿ-ի վրա, թե մենք անգործության ենք մատնված: Այնտեղ քննարկումների ընթացքում մեր ներկայացված օբյեկտների մեծ մասը անհարկի պատճառաբանություններով չեն ներառվում պատմամշակութային հուշարձանների նորահայտ ցանկում, դա իմ խորին համոզմունքն է, մի մասն էլ իրականորեն վիճահարույց են և այլն:

Վերջին հինգ տարիների ընթացքում Երևան քաղաքում քանի՞ հուշարձան է հաշվառվել:

– Երևան քաղաքի հետ կապված մշակույթի նախարարությունից մեզ առաջադրանք չի իջեցվել: Մենք անում ենք այն տարածքները, որոնց առնչությամբ մեզ առաջադրանք է իջեցվում: Երբ նախարարությունը մեզ հետ պայմանագիր է կնքում, ասում է՝ ՊՈԱ՛Կ, այս տարի գնա ու արա՛ Երևան քաղաքը:

– Ե՞րբ է վերջին անգամ նախարարությունը Ձեզ հետ պայմանագիր կնքել Երևան քաղաքի հետ կապված:

Երևանի հետ կապված մենք այս տարի սկսել ենք անել շատ լուրջ գործ՝ Կոմիտասի անվան պանթեոնում մեր երախտավորների գերեզմանները, որոնք խայտառակ բարձիթողի վիճակում են, իսկ մինչ այդ Երևանի քաղաքի հետ կապված մեզ առաջադրանք, որպես այդպիսին, չի իջեցվել:

Հիմա պարզ է, թե ինչո՞ւ են իրար հետևից քանդվում Երևանի արժեքավոր շենքերը, որովհետև Դուք մշակույթի նախարարությունից պատվեր չեք ունեցել: Այդ դեպքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքի 3-րդ գլուխը սահմանում է Հուշարձանների պետական հաշվառման կարգը, որի 12-րդ հոդվածը սահմանում է. ՀՀ տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման` անկախ սեփականության ձևից: Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը և հաստատումը:

Սա օրենք է, որը սահմանում է Ձեր կողմից ղեկավարավող ՊՈԱԿ-ի գործառույթները: Ուզում եմ հասկանալ՝ արդյոք օրենքի կետ չի՞ խախտվում, այն պարագայում, երբ Դուք հանում եք Ձեր գործառույթից պետական ցուցակների հաստատումը՝ սպասելով պատվերների:

Գիտե՞ք, էդպես ասել՝ Ձեր պարտականությունն է ու վերջ… ի վերջո, այդպես չի կարելի: Այո, պարտականություններ կան, բայց դրանք պետք է ֆինանսական հիմք ունենան:

Պարոն Սիմոնյան, բայց ես խոսում եմ՝ օրենքին հղում անելով…

Դե օրենքը սահմանում է, որ մենք պետք է լավ ապրենք, բայց մենք լա՞վ ենք ապրում:

Օրենքը նման սահմանո՞ւմ ունի:

Վերցրեք՝ կարդացեք մեր Սահմանադրությունը… Սահմանադրությունը սահմանում է, որ մենք պետք է լավ ապրենք …

Հ.Գ. Տեղեկացնենք, որ 168.am-ը զրուցել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ: Զրույցի մանրամասները՝ շուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս