Բաժիններ՝

Մշակույթի փոխնախարարը կրկին ստում է. ինչպե՞ս են մսխվում պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար նախատեսված գումարները

ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի կանխատեսելի հակասականություններով օժտված ոչ միանշանակ կերպարը վաղուց դադարել է զարմանալու առիթներ նվիրել վերջինիս մասնագիտական գործունեությանը քաջածանոթ մարդկանց:

Վերոհիշյալ փոխնախարարն այնքան է կորցրել իրականության զգացողությունը, որ ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու փորձով ի դերև է հանում ոչ միայն սեփական անտեղյակությունը՝ իր իսկ կողմից ընդունված որոշումների առնչությամբ, այլև կասկածի տակ է դնում այդ գերատեսչության՝ պատկան մարմինների սթափությունն առհասարակ:

Այսպիսիով, հետևելով վերջին շրջանում փոխնախարարի պաշտոնական հայտարարություններին, հանկարծ նկատում ենք նրա ստորագրությամբ նախարարության պաշտոնական կայքում հայտնված մի հայտարարության, որով վերջինս բառացիորեն հրաժարվում է պատասխանատվություն կրել սեփական բարձիթողության արդյունքում աղավաղված հերթական հուշարձանի ճակատագրի համար:

Մշակույթի երկարամյա փոխնախախար Արև Սամուելյանը հոկտեմբերի 14-ին ՀՀ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է.

Կարդացեք նաև

«Դավիթ Բեջանյանի «Ճանապարհ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների համար Մշակույթի նախարարությունը պատասխանատվություն չի կրում իրավական առումով, բայց քանի որ դրանք գեղարվեստական արժեք են ներկայացնում, փորձում ենք անել հնարավորը՝ արձանները վերականգնելու և պահպանելու համար: Համագործակցում ենք տեղական իշխանությունների հետ: Աշխատում ենք գտնել հովանավորներ: Հետաքրքրվողներ կան, բանակցություններն ընթացքի մեջ են: Խնդիրը փորձում ենք լուծել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ»:

ekexeci-2

Ի տարբերություն բազմամյա փոխնախարարի, քաջատեղյակ լինելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 20-րդ հոդվածին, փորձում ենք ստանալ փոխնախարարի մեկնաբանությունը՝ արդյոք նորահայտ հուշարձանի պահպանությունն իրավական առումով դրվա՞ծ է ՀՀ մշակույթի նախարարության վրա, թե՞ ոչ:

Սովորության համաձայն, խուսափելով 168.am-ի հետ դեմ առ դեմ հանդիպումից, փոխնախարարը լրատվամիջոցի պաշտոնական նամակին պատասխանելու առաջին փորձով շրջանցում է հարցին սպառիչ պատասխան տալու պարտականությունը՝ պատասխանը ձևակերպելու պարտականությունը թողնելով նախարարության ենթակա աշխատակիցներից մեկին: Բաց ենք թողնում առաջին նամակի բովանդակային անհեթեթությունն ու երկրորդ հարցումն ուղարկելով՝ փորձում ենք, այնուամենայնիվ, ստանալ մեզ հուզող հարցի պատասխանը, որով փոխնախարարը խոստովանում է՝ ինքը սուտ է խոսել, ասել է թե՝ ապակողմնորոշել է հասարակությանը:

Փոխնախարարի ստորագրությամբ երկրորդ նամակը փաստում է.

«Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» արձանին տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ տրվել է ՀՀ մշակույթի նախարարության 2008թ. ապրիլի 7-ի փորձագիտական հանձնաժողովի կողմից»: Այսինքն՝ նշյալ որոշմամբ նորահայտ հուշարձանի պահպանությունն իրավական առումով հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության հոգածությանը: Թե ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել, տիկին Սամուելյանի բառերով ձևակերպված՝ «Դավիթ Բեջանյանի «Ճանապարհ» արձանի համար Մշակույթի նախարարությունը պատասխանատվություն չի կրում իրավական առումով» ապատեղեկատվությունը, թողնում ենք ընթերցողների և հատկապես ոլորտը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնած նորանշանակ նախարարի հետևությանը:

ekexeci-1

Այն, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ տարված աշխատանքների արդյունավետությունը (ոլորտի համակարգող և պատասխանատու՝ փոխնախարար Արև Սամուելյան) Մշակույթի նախարարության ամենաքննադատված և ամենաթույլ կողմերից է, իր հրապարակային ելույթներում բազմիցս հաստատել է ինչպես՝ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, այնպես էլ՝ նորանշանակ Արմեն Ամիրյանը՝ նշելով.

«Մենք պետք է զբաղվենք պատմամշակութային հուշարձաններով, որպեսզի այլ մարդիկ չգան և չավերեն»: Թեև առկա ցանկությանը՝ փոխելու ստեղծված իրավիճակը, ոլորտում առաջիկայում դրական որակական փոփոխություններ կարծես թե չեն սպասվում: Սա արդեն պարզ է դառնում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի անտեղյակ գնահատականներից, որ, ամենայն հավանականությամբ, ոլորտի պատասխանատուի՝ փոխնախարար Արև Սամուելյանի մտքի արգասիքներն են: Ահավասիկ Արմեն Ամիրյանը հրապարակային իր ելույթներից մեկում բարձրաձայնում է տարեկան թվով 7 վերականգնվելիք պատմամշակութային հուշարձանների լուսավոր ցանկության մասին:

Հավանաբար այս «խորհուրդը» (ինչպես վերջերս պայթեցված տպարանի առաջին շենքի առիթով նախարարի հնչեցրած գնահատականը, որը մասնագիտական նեղ շրջանակներում հակասական գնահատականների առիթ հանդիսացավ նա ստացել է ոլորտը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի շուրթերից:

15046209_10205640873139844_971366314_n

Միգուցե նորանշանակ նախախարի զբաղված ժամանակը դեռևս թույլ չի տալիս անդրադառնալու հարցին՝ իսկ ինչո՞ւ օրինակ նախկին առաջին տպարանի շենքը ներառված չէր պատմամշակութային հուշարձանների համապատասխան ցանկում: Քաղաքի չդադարող աղավաղումն է միայն այն առիթը, որով մեզ իրավունք ենք վերապահում նորանշանակ նախարարին իրազեկելու՝ պայթեցված տպարանի, ինչպես նաև վերջին տարիներին երևանյան հուշարձանաթափի թնջուկը, ոչ ավել, ոչ պակաս, իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակազմակերպություն հանդիսացող, փոխնախարար Արև Սամուելյանի անմիջական վերահսկողության տակ գտնվող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի վարած բարձիթողի քաղաքականության արդյունքում: Մշակութային օբյեկտների հաշվառում կատարելու պարտականությունը, որը նշյալ ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկն է, Ա. Սամուելյանի գիտությամբ չի իրականացվում: Արդյունքում, ցավալիորեն վերջին 10 տարիների ընթացքում Երևանի քաղաքի և ոչ մի մշակութային օբյեկտ չի հաշվառվել և չի ընդգրկվել ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ՝ կանաչ լույս վառելով քաղաքի նկարագիրը տարերայնորեն աղավաղող «սեփականատերերի» համար: Ի գիտություն, հիշեցնենք նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է հուշարձանների պետական հաշվառման կարգը.

Հոդված 12. Հուշարձանների պետական հաշվառումը

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման` անկախ սեփականության ձևից:

Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը և հաստատումը:

Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են անժամկետ»:

Վերադառնալով նախարարի՝ տարեկան թվով 7 վերականգնվելիք պատմամշակութային հուշարձանների լուսավոր գաղափարին, որ, ամենայն հավանականությամբ, պատկանում է սեփական պաշտոնն ամեն կերպ պահպանել ձգտող ոլորտի պատասխանատու Արև Սամուելյանին, նկատենք՝ մինչ վերջինս Ա. Ամիրյանին խորհուրդ է ալիս հրապարակայնորեն բարձրաձայնել այդօրինակ գաղափարի մասին, անհարմար դրության մեջ դնելով բանից անտեղյակ նորանշանակ նախարարին, մասնագիտական նեղ շրջանակներում նկատում են ՝ ոչ թե վերականգնում, այլ ամրակայում, որը թույլ կտա խնայել առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցները, միաժամանակ հնարավորություն տալով չկորցնելու մնացյալ 107 և ավելի պատմամշակութային հուշարձանները, որ հայտնվել են գրեթե հիմնահատակ ավերման եզրին:

Ի դեպ, Մշակույթի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները 168.am-ի խնդրանքով լույս են սփռում նախարարության խիստ գաղտնի փաստաթղթերից մի քանիսին, որը մեզ հնարավորություն է տալիս հրապարակելու Արև Սամուելյանի պաշտոնավարման ընթացքում «վերականգնման» անվան տակ աղավաղված պատմամշակութային հուշարձանների ճակատագրերը: Ահավասիկ ներկայացնում ենք նշյալ փոխնախարարի՝ նախարարությունում կերտած մասնագիտական կենսագրության իրական դիմագիծը՝ փաստերով՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսված ծախսերի մասին տեղեկություն: Նկատենք, որ ցանկում ներառված չեն մասնավոր սեկտորի կողմից վերականգնման աշխատանքների համար տրամադրված հսկայական գումարները.

գյուղ Հարթավան Աստվածընկալ վանք – 15 մլն դրամ
գյուղ Իրինդ Սբ Աստվածածին – 19 մլն դրամ
Արտաշատ քաղաքատեղի – 10 մլն դրամ
գյուղ Այգեշատ Թարգմանչաց եկեղեցի – 20 մլն դրամ
գյուղ Քոբեր ե/գ կայարան Քոբայրավանք – 22 մլն դրամ
ք. Ալավերդի, Սանահին թաղամաս Սանահինի վանք- 23 մլն դրամ
գյուղ Դսեղ, Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանք – 4մլն նախատեսվել է նախագծի համար և 13 մլն դրամ՝ այս տարվա վերականգնման համար,
գյուղ Բջնի, Բջնիի ամրոց – 12 մլն դրամ
գյուղ Կամարիս, Սբ Հովհաննես եկեղեցի – 15 մլն դրամ
գյուղ Տեղ, Սբ Գևորգ եկեղեցի – 20 մլն դրամ
գյուղ Վաղուտնի, Որոտնավանք – 12 մլն դրամ
գյուղ Կողբ, Մշկավանք – 10 մլն
գյուղ Գոշ Մ․Գոշի դամբարան – 10 մլն դրամ
Գոշավանք – 22 մլն դրամ
Երևան – Հանրապետության 32 ( ԻԿՕՄՕՍ-ի գրասենյակ) – 7մլն դրամ
Դվին հնավայր -18 մլն դրամ

գյուղ Օհանավան Սբ. Հովհաննավանք. երկու մասից կազմած վերականգնման նախագծի համար պետական բյուջեից արդեն իսկ ծախսվել է 4 մլն դրամ, վերականգնումը չի սկսվել Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման առնչությամբ մամուլում բարձրացված աղմուկից հետո նախատեսված է եղել ՀՐԱՏԱՊ տողից բարեկարգման նախագիծ կազմել Օձունի վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է մոտ 128 մլն դրամ:

ekexeci-5

ekexeci-4

Վերոհիշյալ ցանկում ներառված գրեթե բոլոր հուշարձանների վերականգնման աշխատանքներն ընթացել են նկատելի թերացումներով, դրանցից շատերի վերականգնման աշխատանքները կիսավարտ են: 168.am-ին մոտ կանգնած աղբյուրները լուրջ կասկածի տակ են դնում նաև Արև Սամուելյանի ղեկավարությամբ Գիտամեթոդական խորհրդում տարիներ շարունակ կայացված բոլոր որոշումները, որոնք լի են ակնհայտ խախտումներով ու անթույլատրելի սխալներով: Զորօրինակ՝ Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքների շուրջ ՀՀ մշակույթի նախարարության Գիտամեթոդական խորհրդի նիստը:

Այսքանից հետո մնում է միայն եզրակացություններ անել՝ հավանաբար մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին այնուամենայնիվ հաջողվել է խորը թմբիրի մեջ գցել նորանշանակ նախարարին՝ հավաստիացնելով նրան, որ ինքն անփոխարինելի կադր է Մշակույթի նախարարության համար և, որ իր բացակայությամբ միգուցե ի չիք դառնան հազարամյակների պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձանները, որոնք այդքան սրտացավ հոգածությամբ պահպանում, վերականգնում ու փայփայում է ինքը, մինչդեռ իրականում Արմեն Ամիրյանին ոլորտի բանիմաց մասնագետ գտնելու համար երկարատև փնտրտուքների կարիք չի լինի:

Թերևս, անհրաժեշտություն կա համապատասխան աուդիտորական ստուգումներ անցկացնել այս ոլորտում՝ ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև մասնավոր սեկտորի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին Մշակույթի նախարարության կողմից իրականացված հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսված և ծախսված գումարների իրական չափերը ճշտելու առնչությամբ: Առավել ևս, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշ ոլորտներում հանձնարարել է ստուգումներ անցկացնել՝ ճշտելու համար, թե որքան արդյունավետ են ծախսվում պետական միջոցները կամ ինչ չափերով և ում կողմից են դրանք մսխվում: Մշակույթի ոլորտն այդ առումով ամենախոցելիներից մեկն է, որը լուրջ ուսումնասիրության կարիք կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս