Բայց ախր գողանում են

Համաշխարհային մամուլը նորից սևեռվել է նույն թեմայի վրա։ Ռուսաստանում կաշառակերության մեղադրանք է հարուցվել ՌԴ Տնտեսական զարգացումների նախարար Ակեքսեն Ուլյուկաևի նկատմամբ: Պուտինի երկրպագուները ոգևորված են: Նրանց կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում:

Ռուսաստանում այս պահին քրեական գործ է հարուցված երեք նահանգապետերի, երեք փոխնահանգապետերի նկատմամբ: (Փոխնահանգապետերից մեկն ազգությամբ հայ է: Նա ֆուտբոլի 2018թ. առաջնության սանկտպետերբուրգյան խաղադաշտի շինարարության կուրատորն էր, և պարզվում է` կառուցել է աշխարհի ամենաթանկ խաղադաշտը):

Ձերբակալված են Ոստիկանության տասը գեներալ և բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ռուսաստանում հաստատ ինչ որ լուրջ ներքին խմորումներ են: Բայց դրանք ավելի շուտ քաղաքական պրոցեսներ են, քան տնտեսական: Նույնիսկ համաշխարհային մամուլն այս ձերբակալությունները վերլուծում է զուտ քաղաքական տեսանկյունից: Արևմտյան մամուլի կարծիքով` Ուլյուկաևի հետ կատարվածը Ռուսաստանում լիբերալ աշխարհայացք ունեցող չինովնիկների և, այսպես կոչված, սիլովիկների շահերի բախման հետևանք է: Ընդ որում, արևմտյան մամուլը հենց «սիլովիկ» տերմինն էլ կիրառում է: (Բնականաբար՝ լատինատառ):

Նրանց հակադարձելով` ռուսամետները պնդում են, որ դա պարզապես չուզողության դրսևորում է, և, որ լիբերալ արժեհամակարգ կրողները չեն ուզում նկատել այն դրական գործընթացները, որ կատարվում են Ռուսաստանում: Լիբերալներին ու «Պուտինի վկաներին» մի կողմ թողնելով` փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում կոնկրետ Տնտեսական զարգացումների նախարարի պարագային: ՌԴ Քննչական կոմիտեն նախ` հայտարարեց, որ խոշոր՝ երկու մլն դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է դաշնային նախարար: Հաղորդագրության մեջ նույնիսկ հատուկ ընդգծված էր, որ նախարարն այդ կաշառքը փորձել է ստանալ նախապես սպառնալիքներ կիրառելով:

Դաշնային նախարար ձերբակալելը հանաք բան չէ: Դրանում բոլորը համոզվեցին, բայց այդ մասին` մի փոքր հետո: Հիմա պարզապես նշենք, որ ՌԴ «սիլովիկները» ստիպված էին որոշակի բացատրություններ տալ: Ա՛յ, հենց այդ բացատրությունները, մեր ոսկեղենիկով ասած, զգլխիչ էին: Պարզվում է` պետական բարձրագույն պաշտոնյան մեկ տարի եղել է պատկան ծառայությունների հսկողության տակ: Իսկ այս տարվա ամռանը ՌԴ կառավարությունում քննարկվել է «Բաշնեֆտի» արժեթղթերի 50 տոկոսի փոխանցումը «Ռոսնեֆտին»: ՌԴ Տնտեսական զարգացումների նախարարը հրապարակային ելույթում պնդել է, որ դա տնտեսության տեսանկյունից նպատակահարմար չի դիտում: Իսկ հետո բաժնեթղթերի փոխանցման համար իր նախարարության դրական եզրակացության համար «Ռոսնեֆտի» ղեկավարությունից կաշառք է պահանջել:

Ավելին, ըստ իրավապահների հաղորդագրության` սպառնացել է, որ կաշառք չտալու դեպքում ոչ միայն բացասական եզրակացություն կտա, այլև հետագայում հնարավորինս կխոչընդոտի «Ռոսնեֆտի» գործունեությանը: Այս փաստն ինքնին արժանի է ուշադիր վերլուծության: Որովհետև այն ընդգծում է ռուսական կառավարման համակարգի ողջ հմայքը: Պարզվում է, որ ռուսական մի պետական ձեռնարկության արժեթղթերի 50 տոկոսը մեկ այլ, բայց կրկին պետական ձեռնարկության հանձնելու համար ՌԴ բարձրագույն պաշտոնյան կաշառք է ուզում:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել. պետական պաշտոնյան մեկ այլ պաշտոնատար անձից կաշառք է ուզում պետական գույքի կառավարման իրավունք տալու համար: Ոչ թե մասնավորեցնելու և սեփականության իրավունքով պետական գույքն էժան գնով տալու, այլ պետական գույքի կառավարման իրավունք տալու համար: Այսինքն` ՌԴ-ում պետական գույքի կառավարումը տրամադրվում է կաշառքի դիմաց, որովհետև այդ պետական գույքի կառավարումը հսկայական ու անձնական եկամուտ է ապահովում: Պաշտոնավարման կամ մենեջմենթի այս ինքնատիպ «ռուսական» ոճն է ռուսական նահանգապետերին, նախարարներին, գեներալներին հնարավորություն տալիս հսկայական կարողություններ դիզել և ձեռք բերել, ասենք, անգլիական հանրահայտ ֆուտբոլային ակումբ կամ որևէ կղզի: Ահա թե ինչու կարելի է հասկանալ այն մասնագետներին, ովքեր տարիներ շարունակ դեմ են ռուսական մենեջմենթի ներթափացմանը մեր երկիր:

Նրանց ամենևին էլ պետք չէ ռուսատյաց համարել: Նրանք պարզապես դեմ են ավելի շուտ` թալան, քան` կառավարում հիշեցնող ռուսական մենեջմենթին: Որ մեր տնտեսությունը գրավեց ոլորտ առ ոլորտ: Իսկ հիմա վերադառնանք այն կարծիքին, թե ինչու ՌԴ դաշնային նախարարի ձերբակալությունը, «Նվագախմբի տղաների» բառապաշարով ասած, հանաք-մասխարություն չէ:

Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ նույն «սիլովիկները» դատարանում պահանջեցին ոչ թե նախնական կալանքի վերցնել երկու միլիոն կաշառք սպառնալիքով շորթողի համար, այլ ընդամենը «վերցնել տնային կալանքի տակ»: Մինչ այս դեպքն իր լիբերալ հայացքներով հայտնի Գրիգոր Յավլինսկին հայտարարեց. ««Ռոսնեֆտից» կաշառք պահանջել, այն էլ` սպառնալիքով, դա նույնն է` ինչ կաշառք պահանջել Պուտինից»: Դժվար է ենթադրել, որ նախարար Ուկյուկաևն այդքանը չէր հասկանում:

Ի դեպ, «նախարար Ուլյուկաև» արտահայտության փոխարեն` արդեն հարկավոր է օգտագործել «նախկին նախարար Ուլյուկաև» բառակապակցությունը: Քրեական գործի հարուցման մասին հայտարարությունից մի քանի ժամ անց Վ. Վ. Պուտինը նրան հեռացրեց նախարարի պաշտոնից «վստահությունը կորցնելու պատճառով»: Բայց ամենահուզիչն ու ամենահամոզիչը Ռուսաստանի վարչապետի ելույթն էր: Իր կառավարության անդամին կորցնելուց հետո նա ասաց. «Կատարվածն իմ պատկերացումներից դուրս է»: Ասեք, որ հուզիչ է: Բայց նաև համոզիչ է, որովհետև Տյուտչևի «թեթև խոսքով» բոլորն էլ գիտեն, որ «Բանականությամբ Ռուսաստանին չես հասկանա»:

Պոետական խոսք է, գեղեցիկ: Բայց ախր այն չի կարելի դարձնել մենեջմենթի բանաձև: Հատկապես, որ Դետոչկինից է հայտնի` «Ախր գողանում են»:

Տեսանյութեր

Լրահոս