«Մեր նպատակներից է՝ հետազոտական ինստիտուտը մոտեցնել բիզնես ոլորտին, որը Հայաստանի համար բնորոշվել է՝ իբրև մեծ բաց». Լյուդովիկ Չեխանովսկի
4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումին ընդառաջ՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացում բանախոսներ՝ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի խորհրդատու Պիեռ Պրիվիխը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության գրասենյակի ղեկավար Լյուդովիկ Չեխանովսկին խոսեցին «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» ՝ ԻՏՁՄ-ի կողմից անցկացվող ֆորումի մանրամասների մասին:
Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը: Երկօրյա ինովացիոն ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության շրջանակներում, որը, ըստ ասուլիսի բանախոս, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի՝ բացառիկ հարթակ է, որտեղ մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը:
«Առանց ինովացիոն լուծումների անհնար է տնտեսական աճ ապահովելը, առավել ևս՝ առկա սուղ ռեսուրսների պայմաններում: Կարևորելով սա, ֆորումի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում քննարկվող պետական-քաղաքական հարցերին, ինչն արդեն անցյալ տարիների փորձով պայմանավորված՝ բավականին լուրջ արդյունավետություն է ապահովում»,- նշեց Էմիլ Տարասյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության գրասենյակի ղեկավար Լյուդովիկ Չեխանովսկին մանրամասնելով այս տարի մեկնարկած նոր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ ասաց.
«Հայաստանում նորարարությունների էկոհամակարգի աջակցությանը միտված երեք ծրագիր կա, որ ինովացիոն գաղափարներին մոտենում է բիզնես տեսանկյունից: Նորարարությունը կարելի է դիտարկել՝ որպես ավելի լայն թեմա, այդ իսկ պատճառով Եվրոպական միությունից այս շաբաթ Հայաստան են ժամանելու երկու հանձնակատարներ՝ ոչ պաշտոնական ձևաչափով նախարարական հանդիպում անցկացնելու նպատակով: Այս հանդիպումները վերաբերելու են նորարարության և բիզնես ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը: Մեր նպատակներից մեկն է՝ հետազոտական ինստիտուտը մոտեցնել բիզնես ոլորտին: Սա ավելի վաղ բնորոշվել էր՝ իբրև մեծ բաց Հայաստանի համար: Իրականում քիչ է պատահում, երբ նոր լուծումներ ստանալու ակնկալիքներով՝ Ակադեմիայում աշխատող գիտնականը համագործակցում է բիզնես միջավայրի հետ, սակայն արդեն առկա բարեհաջող փորձը ցույց է տալիս, որ այդ բացը կարելի է և պետք է լրացնել»:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի խորհրդատու Պիեռ Պրիվիխը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց.
«ՓՄՁ զարգացման աջակցությունը հենց այն ծրագիրն է, որ հայաստանյան մեր գործընկերների հետ ցանկանում ենք իրականացնել, որովհետև հատկապես նորարարության ոլորտը մեր ծրագրերի հիմնական բաղկացուցիչներից է հանդիսանում: Ընդհանուր առմամբ ծրագիրն ունի 5 առանձնացված ոլորտ, որի վրա էլ դրվելու է հիմնական շեշտը: Դրանցից մեկը ՓՄՁ-ների համար քաղաքականությունների դաշտը բարելավելու միտումն է, բիզնես կազմակերպությունների աջակցությունը, գաղափարների առևտրայնացումը, տնտեսական կլաստերների կառավարման աջակցությունը և նորարական start-up-ների և ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը: Հատկապես այս առումներով ֆորումներ ստեղծելու տեսանկյունից, կարծում եմ, բիզնես նորարարական ֆորումը շատ լավ օրինակ է, որովհետև մի կողմից՝ առկա է այսպիսի փորձագետների ռազմավարական համայնք, որոնք հանդիպումների և քննարկումների միջոցով կարող են բարելավել հայաստանյան դիրքերը, մյուս կողմից՝ բոլոր գործիչներին մեկ պլատֆորմի վրա համախմբելու գաղափարը չափազանց կարևոր է նորարարական էկո համակարգ ստեղծելու համար»:
Ասուլիսի մասնակից «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ՓՄՁ զարգացման տենդենցները լավագույնս պատկերացնելու համար առաջարկում է հայացք նետել՝ ոլորտի ի՞նչ զարգացումներ են գրանցվում աշխարհում.
«Այս պահին մենք գտնվում ենք ինովացիոն մի մեծ ու շատ կարևոր ալիքի սկզբում, որի մեջ կան որոշակի ուղղություններ՝ ինչպիսին է արհեստական բանականության ստեղծումը, համացանցը մարդկանց իրար հետ կապելու հայտնագործությունը, որ արդեն իսկ համացանցը կապում է տարբեր տեսակի սարքավորումների հետ: Այս ուղղությունների մեջ հաջողելու համար շատ կարևոր է զարկ տալ որոշակի գիտությունների նորարարացմանն ու զարգացմանը՝ ինչպիսին են մաթեմատիկան և ֆիզիկան: Կարծում եմ, եթե թիրախային ընտրություն կատարվի գիտության այս կետերի զարգացման ուղղությամբ, ապա այդ ալիքի տրված հնարավորությունների սահմաններում Հայաստանի համար պայծառ ապագա կարելի է կանխատեսել»:
Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում հարավային Կովկասում» ծրագրի կողմից: