Կախարդական կոճակներ և գրելու հրաշքը: Գրող և դեսպանի կին Նունե Սարգսյանը զրուցում է Շառլոտ Փիրսոն Միթվենի հետ
dailymail.co.uk պարբերականը հրապարակում է պատրաստել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողին:
Նստած եմ Թեմզային նայող գեղեցիկ հյուրասենյակում և արծաթե սկուտեղից վայելում եմ բալի պտուղներ և ձմերուկ: Ինձ հյուրընկալում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի կինը՝ Նունե Սարգսյանը: Նա ունի «Լինլի» կահույքի հավաքածո և մոտ բարեկամ է դիզայներին՝ Լորդ Դեյվիդ Լինլիին՝ Թագուհու զարմիկին: Կրթությամբ լինելով լրագրող և բանասեր, նա այժմ հաջողակ մանկագիր է: Նախորդ դեկտեմբերին Լինլին իր լավագույն խանութում երեկույթ էր կազմակերպել` ի պատիվ Նունեի վերջին՝ «Կախարդական կոճակները» գրքի:
Նունեն ցուցամոլական ոչինչ չունի: Նա անչափ կիրթ և քաղաքավարի է, որպեսզի դրամի մասին խոսակցություն վարի, և ամեն ինչին վերաբերվում է հանգիստ՝ արժանավայել գնահատանքով:
Նունեի ամուսինը՝ Արմենը, աստղաֆիզիկոս է, նախկինում՝ ՀՀ վարչապետ, ով այժմ երրորդ անգամ պաշտոնավարում է՝ որպես Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան: Ականավոր դիվանագետ և քաղաքական գործիչ լինելուց բացի, նա Հայաստանի առավել գնահատված գիտնականներից և պրոֆեսորներից է, «Թեթրիս» և «Ուորդթրիս» վիդեո խաղերի ստեղծողներից մեկը:
Նունեն և Արմենը հանդիպել են Հայաստանի մայրաքաղաք Երևանի դպրոցներից մեկում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15: Նրանք մեծացել են խորհրդային վարչակարգի խստաշունչ պայմաններում. Նունեն հիշում է, որ, թեև կյանքը ճնշող էր, սակայն ապահով և ստեղծագործ տաղանդը սնուցվում էր:
«Հայրս լրագրող էր, մայրս՝ ուսուցչուհի, ուստի մենք մտավորականության մի մասն էինք: Այնժամ մեր հասարակությունում դասակարգեր չկային, կային պարզապես շերտեր, և մենք երկրորդ շերտում էինք՝ նոմենկլատուրայից հետո, որին պատկանում էին քաղաքական գործիչները և բարձրաստիճան պաշտոնյաները, ում հասանելի էին արտասահմանյան ապրանքները և ճամփորդությունները: Մենք հարուստ չէինք, սակայն կրթված էինք և բավական գումար ունեինք սնվելու և հագնվելու համար: Ես երբեք զրկվածության զգացում չեմ ունեցել: Իմ մանկությունը վատ չի եղել»,- dailymail.co.uk-ի հետ զրույցում պատմում է Նունե Սարգսյանը:
Այդուհանդերձ, Նունեն վերհիշում է որոշ չարագույժ պահեր: «Կար զգացում, որ մեզ մշտապես հետևում են»,- հիշում է նա: «Մայրս մեզ ասում էր, որ զգույշ լինենք: Անեկդոտներ չպատմենք, քանի որ պատերն էլ ականջներ ունեն: Այդ զգացումը մանկուց ի վեր եղել է: Դա երբեք մոռանալ չի կարելի: Վախն ամենուր էր՝ դրա վրա էր հիմնված վարչակարգի երկարակեցությունը»:
Ստալինի վարչակարգի օրոք վախը շատ ավելի ահավոր է եղել: Սակայն կոմունիստական վարչակարգի օրոք մեծանալն ուներ նաև լավ կողմ՝ մեծ ուշադրություն էր հատկացվում մշակույթին: «Մեր դպրոցները հիանալի էին,- ասում է Նունեն,- մեզ թատրոնի, օպերայի, դասական երաժշտության և աշխարհի լավագույն բալետները հաճախելու տոմսեր էին տրամադրում, և այս ամենը՝ անվճար»:
Նունեն պայծառ և յուրահատուկ տաղանդ ուներ: Նա տասը տարեկանում ինքնուրույն աշխատանք ստացավ տեղական ռադիոկայանում. «Ինձ եթերում ընթերցանության համար տալիս էին մանկական գրքեր և վճարում էին մի քանի ռուբլի, որ ես այնուհետ տալիս էի մորս, ով դրանց կարիքն ուներ: Նաև գրում էի երեխաների համար պատմություններ և փորձում էի դրանք հրատարակել»:
Արմենը և Նունեն ընդունվեցին Երևանի պետական համալսարան, Արմենը՝ ֆիզիկա, իսկ Նունեն՝ լեզուներ ուսումնասիրելու համար: Համալսարանավարտ Արմենին պաշտոն առաջարկվեց Քեմբրիջի համալսարանում. «Նա 13 առաջարկ էր ստացել տարբեր համալսարաններից, մինչև որ կոմունիստները թույլ տվեցին նրան դուրս գալ երկրից»:
Մինչև 1984 թվականը, երբ Արմենը ժամանեց Միացյալ Թագավորություն, Նունեն և նա արդեն ամուսնացած էին և երկու որդի ունեին. Վարդանն այժմ 36 տարեկան է, և Հայկը՝ 32:
«Խորհրդային գիտնականների կանանց թույլ չէր տրվում արտասահման մեկնել: Նրանք պահվում էին՝ որպես պատանդներ: Արմենը մեկնեց Հայկի ծնվելուց անմիջապես հետո, այնպես որ, դժվարին ժամանակ էր: Մոսկվան ինձ թույլ տվեց այցելել ամուսնուս միայն մեկ ամսով՝ 1985 թվականի ապրիլին: Ես 30 տարեկան էի, երբ Քեմբրիջի ճանապարհին եկա Լոնդոն, և դա իմ առաջին այցելությունն էր արտասահման: Մինչ այդ ես ճամփորդել էի միայն Սովետական Միությունում, օրինակ՝ Սիբիրում, որը շատ գեղեցիկ վայր է, սակայն, իհարկե, մենք բոլորս երազում էինք տեսնել Լոնդոնը և Փարիզը»,- պատմում է դեսպանի տիկինը:
Երբ 1991 թվականին կոմունիստական վարչակարգը փլուզվեց, և Հայաստանը դարձավ անկախ, արդեն իսկ հանրահայտ գիտնականը դեսպանատուն բացեց Լոնդոնում, և Նունեն ու երկու որդիները 1992 թվականին միացան նրան: Մի քանի տարի դեսպան աշխատելուց հետո՝ 1996 թվականին, Արմենը նշանակվեց Հայաստանի վարչապետ: Այնուհետև երկրորդ անգամ ստանձնեց Հայաստանի դեսպանի պաշտոնը: Հետագայում, կենտրոնանալով այլ ծրագրերի իրականացման վրա, նա այդ պաշտոնը մի քանի տարով լքեց, սակայն 2013 թվականին նորից հանձն առավ դեսպանի պաշտոնը՝ այս անգամ արդեն հասարակական հիմունքներով՝ որպես պատվո դեսպան: Նունեն հպարտորեն մատնացույց է անում շրջանակված մի լուսանկար, որտեղ 1998 թվականին խոնարհումով Թագուհու առջև կանգնած Արմենը ստանում է նրա օրհնանքը: Նունեն նկատում է,. «Ինձ մեծապես հիացնում է Նորին Մեծությունը: Նա անչափ բարեգութ և խելացի է»:
Նունեն և Արմենը նաև Արքայազն Չարլզի ընկերներն են. երբ 2013 թվականին Արքայազնը Երևան այցելեց, նրանք ուղեկցում էին արքայազնին: Նունեն ներկայացնում է. «Արքայազնը և իմ ամուսինը մշակութային ժառանգության պահպանման կրքոտ կողմնակիցներ են: Հայաստանում վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցիները և բազիլիկներն ու սրբազան հուշարձանները լավագույնս պահպանվել են: Չարլզն անչափ հավանեց դրանք»:
Սարգսյաններն ունեն իրենց բարեգործական ծրագիրը՝ «Երևան, իմ սերը» https://168.am/2016/10/28/708395.html , ըստ որի՝ վերականգնելու են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պատմամշակութային խարխուլ և քանդված շինությունները: Դրանք վերանպատակավորվելու են երաժշտական, համայնքային և սպորտային կենտրոնների, որտեղ իրենց տաղանդը զարգացնելու հնարավորություն կունենան անապահով երեխաները: Բարեգործական երեկոները տեղի ունեցան ոչ միայն Երևանում, այլև Բուքինգհեմյան պալատում և Վինձորյան ամրոցում: «Արքայազնն աջակցում է այդ ծրագրերին, և մեր բարեգործությունն էլ իր հերթին՝ աջակցել է նրա՝ Արքայազնի Դամֆրիզների տան վերակառուցման ծրագրին (Այրշիրում գտնվող Փալադյան առանձնատունը, որը վերակառուցվել է տեղական համայնքի համար)»,- պատմել է Նունեն:
Արվեստը և մշակույթը միշտ մեծ ազդեցություն են ունեցել Նունեի վրա: Յուրաքանչյուր տարի նա և Արմենը որպես տոնի են սպասում իրենց ամենամյա ուխտագնացությանը Զալցբուրգ՝ Մոցարտյան փառատոնին: Նունեն իր ստեղծագործական ոգու համար ելք է գտել գրելու միջոցով՝ երկար տարիներ նա հայկական հրատարակչությունների հետ գործակցել է՝ որպես արտահաստիքային լրագրող՝ նյութեր է տրամադրել արվեստի վերաբերյալ, իսկ այժմ դա անում է մանկական գրքերի միջոցով, որոնք գեղեցիկ պատկերազարդված են, լի են երևակայությամբ, և «յուրաքանչյուրն ունի բարոյական խրատ»:
«Կախարդական կոճակները» Նունեի 14-րդ գիրքն է և առաջինը՝ անգլերեն (նա ունի 10 հայերեն և 3 ռուսերեն գրքեր): Գիրքը պատմում է Փըրլ անունով աղջկա մասին, ում ուղարկել են Սփիք և Սփան քաղաք՝ իր տատիկ-պապիկի հետ ապրելու, քանի որ նրա հարազատ քաղաքում «կապույտ հիվանդությունն» է սկսվել: Նա հայտնվում է արկածների շրջապտույտում՝ փորձելով փրկել յուրաքանչյուրին, և իր ճանապարհին գտնելով ընկերներ՝ ինչպիսին Թամբլթաշն է կամ պրոֆեսոր Գասպարը: Նունեի ոգեշնչման աղբյուրն իր մանկությունն է և մտերմիկ հարաբերությունն իր տատիկի հետ:
«Ես նստեցի գրի առնելու իմ սեփական կյանքն արտացոլող մի գործ, սակայն երբ բառերը սկսեցին հոսել, բոլորովին այլ բան ստացվեց՝ ֆանտաստիկ հեքիաթ: Պատմությունն իր սեփական ընթացքով զարգացավ, սա է գրելու հրաշքը»,- պատմել է Նունեն՝ հավելելով, որ այժմ աշխատում է գրքի շարունակության վրա:
Երբ նա չի գրում և չի կատարում դեսպանի պարտաճանաչ կնոջ իր դերը, էներգիան ուղղորդում է անգլիական բուլդոգ Քոլոյին՝ «…Իմ առաջին շունն է, որին շատ սիրում եմ», նաև թոռներին՝ չորսամյա Սավաննային և երկամյա Արմենին, որոնք որդու՝ Վարդանի և նրա ամերիկուհի կնոջ երեխաներն են:
«Սավաննան արտասովոր երևակայություն ունի: Նա գրքասեր է և սիրում է նստել ինձ հետ պատմություններ գրի առնելու համար: Մենք գրում ենք մանր կենցաղային խնդիրների մասին, որոնք կարող են շատ խոշոր թվալ երեխաներին»,- պատմել է դեսպանի տիկինը:
Նունեն խոստովանում է, որ ամեն ինչով նպաստել է Արմենի կարիերային, և լիուլի ըմբոշխնում է ընտանեկան կյանքը և զգում է, որ իր ամեն զոհողություն լիովին արդարացված է. «Ես պաշտում եմ տատիկ լինելը: Ինձ համար ամենալավ կիրակին այն է, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում է մեր տանը»:
«Կարծում եմ՝ իմ որոշ երազանքներ զոհեցի հանուն ընտանիքիս բարեկեցության»,- ասում է Նունեն: -Սակայն երբեք չեմ զղջում դրա համար: Երկու գեղեցիկ որդի ունեմ, որոնք խելացի են և հեռատես: Եթե կյանքում ունեցել եմ հիասթափություններ, ապա աշխատել եմ ի ցույց չդնել դրանք: Շատ դժվար է փոխհարաբերություններում գտնել ճիշտ բալանս: Արմենն ուժեղ է, ես էլ եմ ուժեղ: Հնարավոր էր՝ բախում տեղի ունենար, բայց ես թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը ,և նա գնահատում է դա: Նա միշտ ասում է, որ առանց ինձ ոչնչի չէր հասնի»,- ասել է նա:
dailymail.co.uk-ը նաև փոքրիկ հարցուպատասխան է ներառել հրապարակման մեջ.
Ի՞նչ եք կարդում հիմա:
– Ջոն Լե Կարրեյի «Փխրուն ճշմարտությունը»: Սիրում եմ ինտելեկտուալ դեդեկտիվներ:
Սիրած մանկական գրականությունը:
– Դոկտոր Զեուսի և Ռոալ Դալի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական հեքիաթները:
Ի՞նչ եք դիտում:
– «Վերսալ»-ը հիանալի էր՝ թե սցենարը, թե կատարումը փայլուն էին: Արմենն ու ես դիտում ենք «Գահերի խաղը», սակայն երբեմն գերլարվածությունը չափն անցնում է:
Արձակուրդի սիրած վայրը:
– Բացի իմ գեղատեսիլ Հայաստանից, սիրում եմ Սարդինիան, որտեղ ջուրն ամենազուլալն է, և Ճապոնիան, որի մինիմալիստական արվեստն ու մշակույթը հոգեհարազատ են ինձ:
Համեղ ուտելիքը:
- Մանրացրած ընկույզով կարմիր լոբու սուպ, այնուհետ գառնուկի միս՝ տապակած սերկևիլով և լոլիկով:
Ամենաթանկարժեք ունեցվածքը:
- Իմ անգլիական բուլդոգ Քոլոն: Նա մեր ընտանիքի լիարժեք անդամն է, Քոլոն քնկոտ, համակրելի և ընկերասեր է: