«Հայկական աղը բնական է ու քիմիական որևէ հավելում չի պարունակում». Արեգ Ղուկասյան
Վերջերս 168.am-ը արտատպել էր կերակրի աղի վերաբերյալ ռուսական մամուլի հրապարակումներից մեկը, որում հոդվածագիրը կոնկրետ արտադրության աղի տուփի լուսանկարը հրապարակելով ու բաղադրությունն ընդգծելով՝ գրել էր, որ դրանում առկա է նաև Е-535/536 հավելում: Սա արտատպել էինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր երկրներից Հայաստան է ներկրվում նաև տարբեր երկրների արտադրության աղ: Սակայն, պարզվում է՝ հայկական որոշ կայքեր այդ լուրը հրապարակել էին՝ տեղադրելով ոչ թե՝ այն արտադրության աղի լուսանկարը, որի մասին գրել էր հոդվածագիրը, այլ՝ հայկական աղի տուփի, ինչը տարբեր սոցիալական ցանցերում հասարակության շրջանում խուճապ էր առաջացրել։
Հոդվածում, որն արտատպել էր 168.am-ը, մասնավորապես ասվում է. «Վերջերս ուշադրություն դարձնելով աղերից մեկի բաղադրությանը՝ նկատվել է, որ դրանում առկա է նաև Е-535/536 հավելում։ Այն ստանում են գազերի մաքրման արդյունքում՝ քիմիական սինթեզի միջոցով։ Այն ցիանիդային միացություն է պարունակում։ Աղ գնելիս ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը, խուսափեք այսպիսի հավելումներ պարունակող աղի օգտագործումից»։
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրեն Արեգ Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հոդվածում ներկայացված աղը եվրոպական, մասնավորապես՝ հոլանդական է, և որևէ կապ չունի հայկական արտադրության աղի հետ. «Այդ հակապնդեցուցիչ հավելումը, որն ամբողջ Եվրոպան այսօր խառնում է աղի հետ, որ այն լինի հոսուն, մենք սկզբունքորեն չենք կիրառում։ Մերը բնական, մաքուր աղ է։ Եվրոպացիները որ գալիս են այստեղ, զարմանում են, որովհետև մենք շատ մեծ խնդիրներ ենք ունենում՝ կապված տեխնոլոգիայի հետ, մաքրման հետ, բայց դա հատուկ չենք անում, որ այդ հավելումը մեր աղի մեջ չլինի, մեր ժողովուրդն այդ թույնը չստանա»։
Մեր զրուցակիցը նկատեց՝ ինտերնետում տարածված այդ հոդվածը սխալ է ընկալվել. «Մեր աղն արտադրվում է բնական աղաջրից՝ վակուում-գոլորշիացման մեթոդով, որն իրենից ենթադրում է ջրի եռացում ու հեռացում՝ թողնելով միայն մաքուր աղը։ Աղի հետ բացարձակապես ոչ մի քիմիական նյութ չի խառնվում, աղաջուրը ոչ մի քիմիական նյութով չի մաքրվում, և մեր աղը բնական է։ Այդ հակապնդեցուցիչ հավելումները, որոնք ամբողջ աշխարհում օգտագործվում են նրա համար, որ աղը լինի հոսուն, Հայաստանում չենք օգտագործում։ Եթե նկատել եք՝ մեր աղի տուփը պինդ է լինում, բայց երբ մի փոքր սեղմում եք, փափկում է. արտասահմանում այնպես են անում, որ դա էլ չլինի։ Քանի որ մենք արտադրում ու արտադրությունից հետո ամենաշատը մեկ ամսում վաճառում ենք, հայկական աղը չի հասցնում պնդանալ, դրա համար մենք այդ նյութը չենք օգտագործում։ Եվ ընդհանրապես, մեր աղի որակն այնպիսին է, որ նման նյութեր չի պահանջում։ Եվ ինձ համար մի փոքր անհասկանալի էր, թե մեր ֆեյսբուքյան օգտատերերն ինչի՞ց էին որոշել, որ դա հայկական աղին է վերաբերում»։
«Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրենից հետարքրքվեցինք նաև աղի մեջ յոդի պատշաճ քանակի մասին։ «Մեր աղի մեջ յոդը պատշաճ քանակի է. աղը յոդացվում է արհեստականորեն, որովհետև աղի մեջ բնականում յոդ չի լինում։ Աղի հայկական ստանդարտը պահանջում է 40±15 գրամ՝ 1 տոննային։ Մեր աղի մեջ յոդի քանակը համապատասխանում է ստանդարտին։ Աղի յոդացումից հետո մոնիտորինգ է կազմակերպվել UNICEF-ի կողմից, և եկել են այն եզրակացության, որ ՀՀ-ն՝ աղի յոդացման շնորհիվ, յոդի պակասից առաջացող հիվանդություններից ազատ է»,- պարզաբանեց նա։
Հարցին՝ աղի առումով Հայաստանն ինքնաբա՞վ է, դրսից ներկրվող աղի կարիք կա՞, նա այսպես պատասխանեց. «Մենք ազատ շուկայական տնտեսության պայմաններում ենք ապրում, և ով ուզում՝ դրսից ներկրում է։ Բայց ես՝ որպես Հայաստանում աղի արտադրության պատասխանատու, կասեմ, որ հանրապետության ամբողջ տարածքում պահանջվող աղի քանակությունն արտադրում ենք։ Մեր աղը որակով է ու Հայաստանի պահանջարկը բավարարում է։ Այսօր խանութներում կարող եք տեսնել, որ անգամ Ուկրաինայից ու Պարսկաստանից են աղ բերում Հայաստան, բայց ես խորհուրդ եմ տալիս օգտագործել տեղական աղը, որը բնական է ու քիմիական որևէ հավելում չի պարունակում»։