Առողջապահության նախարարը՝ պարտադիր բժշկական ապահովագրության և պետպատվերի մասին

«Սկզբունքորեն այսօր ոչինչ չի խանգարում։ Առողջապահական համակարգը ցանկանում է հասկանալ՝ ինչ տեսակով և ինչ գնով է ցանկանում, որ կատարվի պարտադիր ապահովագրությունը։ Ինչո՞ւմն է տարբերությունը. ապահովագրական ընկերությունների տեսակետից՝ որքան արագ և որքան, ներողություն, հումոտ լինի այդ պրոցեսը, այնքան լավ, այնքան եկամուտն ավելի շատ կլինի։ Առողջապահության կազմակերպիչների, տվյալ դեպքում՝ մեր տեսակետից, որքան ավելի լավ չափված-ձևված, որքան շատ ծառայություն կարողանանք ներդնել 100 միավոր գումարի մեջ, այնքան լավ։ Դրա հետ մեկտեղ՝ պետք է 1, 2, 3 տոկոս թողնել՝ որպես եկամուտ ապահովագրականներին, որ իրենք զբաղվեն դրանով ի վերջո»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ խոսելով Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին։ Միևնույն ժամանակ՝ նախարարն ասաց, որ չենք կարող ասել՝ որքան կտևի դրան հասնելը։

Անդրադառնալով պետական պատվերի խնդրին՝ Լևոն Ալթունյանն ասաց, որ շատ հնարավոր է, ի վերջո, կենտրոնացված վայրից վճարվեն բուժաշխատողների աշխատավարձերը։ Հետվճարային համակարգի ներդրման ժամանակների մասին խոսելով՝ նախարարը կարծիք հայտնեց, որ 2017թ. ընթացքում ծրագիրը կհղկվի, տարվա երկրորդ կեսից կամ 2018թ. այն կաշխատի։ «Ամեն դեպքում, չի կարելի նախագծերը, որոնք անդրադառնում են ամբողջ բնակչության վրա, վոլյունտարիստական, խրուշչովյան մեթոդներով մտցնել»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով համակարգի կոռումպացվածության մասին հարցին՝ Լևոն Ալթունյանն ասաց, որ ապահովագրական ընկերություն-բուժհաստատություն հարաբերություններում կոռուպցիան զրո էր, իսկ կոռուպցիայից զերծ մնալու համար անհրաժեշտ է ծառայությունների համար ճիշտ գներ սահմանել և հետևել, որպեսզի գումարները հասնեն բուժող բժիշկներին և անձնակազմին։ Ռեսուրսը, ըստ նախարարի, կա։ Նա նշեց, որ խիստ հաշվարկվելու են, թե ինչի համար կբավարարեն եղած միջոցները, հայտարարելու են դրա մասին, և միգուցե ցանկը չլինի այնքան լայն, որքան հիմա է։ Ըստ նրա՝ այսօր հիվանդությունների ցանկի հիմքում տրամադրված բնակչության քանակի և տրամադրված գումարի ռեալ մաթեմատիկական հաշվարկ առկա չէ։

Առողջ ապրելակերպի և ծխախոտի դեմ պայքարի ծրագրի մասին խոսելով՝ Լևոն Ալթունյանն ասաց, որ Առողջապահության նախարարությունում արդեն ծխելն արգելված է աշխատանքային օրվա ընթացքում։ «Քանի որ դա դժվար վերահսկելի է, և միևնույն է՝ խախտվում է, ես ուզում եմ մեկ այլ ելք առաջակել՝ ծխողի աշխատանքային օրը 1.5 ժամ երկարում է»,- ասաց նա։ Ըստ նրա՝ պետք է կիրառել նաև ֆինանսական մեխանիզմներ։ Կարելի է ներդնել ֆիննական մոդելը. «Ի դեպ, ֆիննական մոդելը նախատեսում է և՛ ծխախոտի, և՛ խմիչքի թանկացում 2-3 անգամ»:

Խոսելով դժվար հաղթահարելի խնդիրներից՝ Լևոն Ալթունյանը մատնանշեց մարդկանց սովորույթները։ Դպրոցական սննդի հարցը կլինի նախարարության ուշադրության կենտրոնում։

Կարդացեք նաև

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համաձայն՝ օրենքում դեռևս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև՝ դրանց հնարավոր հետևանքներ։

168.am-ի հարցին՝ արդյոք այս առումով խնդիր տեսնո՞ւմ է, Լևոն Ալթունյանը պատասխանեց, որ միանշանակ նման խնդիր առկա է. «Ես հույս ունեմ, որ արձանագրությունները մի կողմից՝ բժշկին կպաշտպանեն, մյուս կողմից՝ մեզ թույլ կտան ձևավորել «բժշկական սխալ» հասկացությունը։ Պարտադիր չէ՝ այնպես լինի, որ, եթե արձանագրություններից շեղվել ես, ուրեմն սխալվել ես, բայց ցանկացած շեղում արդեն կդիտվի մանրադիտակի տակ»։

Տեսանյութեր

Լրահոս