«Դուք այդպես էլ չնշեցիք գումարի աղբյուրը». Նաիրա Զոհրաբյանը՝ Սուրեն Քրմոյանին

«Այստեղ կարծես բոլորը միակարծիք են՝ նախագիծը լավն է։ Այո, լավն է, բայց այն ՕԳԳ ունի՞. իհա՛րկե ոչ, նախագիծը կյանքի կոչվելո՞ւ է. իհա՛րկե ոչ։ Ոչ թե այն պատճառով, որ ձեր նախարարությունը վատ է աշխատել կամ մեղավորը դուք եք, ոչ, քավ լիցի։ Շատ լավ, գրագետ, գեղեցիկ նախագիծ եք բերել, բայց այն դրվելու է հերթական նախագծերի դարակում և կյանքի չի կոչվելու։ Ինչո՞ւ, որովհետև մեր իրականությունն այնպիսին է, որ մտածել՝ որոշակի գումար է ներդրվելու… ի դեպ, դուք այդպես էլ չնշեցիք գումարի աղբյուրը. միգուցե սա հերթական եվրոպական գրանտն է, որ այդ եվրոստանդարտների մեջ հիմա էլ դատապարտյալների համար ուսուցումներ կազմակերպենք։ Եթե դա է, եկեք դա էլ անենք, նշենք, որ արել ենք։ Նախ՝ գումարի աղբյուրը ո՞րն է. պետբյուջեի՞ց է գումար հատկացվելու, թե՞ այլ արտաբյուջետային աղբյուր է։ Ես խնդրում եմ՝ ձեր եզրափակիչ ելույթում նշեք»,- այսօր ԱԺ-ում կարծիքների փոխանակման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին և դիմելով նախագծերի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին։

Նա նկատեց՝ այնպիսի տպավորություն է, որ բոլորն այսօր ՀՀ-ում աշխատանք ունեն, մնում է մենք այդ խնդիրը լուծենք կալանքից ազատված մեր դատապարտյալների համար, ու բոլորը կլինեն գոհ ու երջանիկ։ «Իհարկե, այդպես չէ։ Այսօր ՔԿՀ-ներում կան այնպիսի հարցեր, որոնց լուծումը ոչ օրենքի նախագիծ է պահանջում, ոչ գեղեցիկ բառերի շարան, ոչ հատուկ քաղաքական կամք, ոչ էլ լուրջ ֆինանսական ներդրում։ Օրենքով ամրագրել ենք, որ դատապարտյալն իրավունք ունի շփվել իր հարազատների հետ, տեսակցության իրավունք ունի, բայց այսօր մեր երկրի օբյեկտիվ իրականությունն այն է, որ հարազատների մեծ մասը Հայաստանում չէ. հիմա ի՞նչ անենք, մարդը մեղավո՞ր է դրանում, ո՛չ։ Դժվա՞ր էր մի սենյակում մի հատ սկայպ դնել՝ ձեր հսկիչի ներկայությամբ նա զրուցի իր հարազատների հետ, եթե կա մտավախություն, որ կարող է ինտերնետ կապն օգտագործվել այլ հանցավոր գործարքների համար։ Այդ պարզագույն հարցը երեք տարվա մեջ հնարավոր չեղավ լուծել»։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ես հասկանում եմ, որ մարդասիրության առումով դա փայլուն նախագիծ է, փայլուն գաղափար է իր մեջ դրված։ Թեև Սահմանադրության մեջ նշված է, բայց եկեք՝ մի հատ էլ նախագիծ բերենք, օրենքով ամրագրենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է պարտադիր կերպով ունենան արժանապատիվ աշխատավարձ և ապահովված լինեն աշխատատեղով։ Է, հետո՞։ Դա կյանքի կոչելու մեխանիզմները որքանո՞վ են իրատեսական»։

Նա նաև ընդգծեց՝ պարապությունն ու սոցիալական կարիքը հանցագործության դրդող մոտիվացիաներից մեկն են, և պետք է ՔԿՀ-ից դուրս լուծել այդ խնդիրը, նոր մտածել այնտեղի մասին։

«Ես համարյա բոլոր ՔԿՀ-ների գրադարաններում եղել եմ. գրքերը՝ նավթալին, որևէ ուսուցողական դասագիրք, ըստ էության, չկա։ Հայ գրականություն և այլն, մարդիկ չեն կարող դրանով ինքնակրթվել, ընդամենը կարող են իրենց ժամանցի խնդիրները կարգավորել։ Կամ ապահովեք դասագրքերով, որ ուսուցում ստանալու ցանկություն ունեցողն օգտվի, կամ այդ ինտերնետի խնդիրն ապահովեք, որ ովքեր ցանկանում են հեռակա ուսուցում ստանալ, ինտերնետի միջոցով այդ խնդիրը կարգավորվի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս