«Հնարավոր է՝ նույնիսկ առանց Ադրբեջանի ցանկության, իրավիճակը շատ ավելի արագ սրվի, և մենք հայտնվենք ապրիլյան օրերի վիճակում». Կիրո Մանոյան

«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և՛ Բաքվում, և՛ այստեղ հայտարարեց, որ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը, որտեղ խոսում է կարգավիճակի մասին, այսինքն՝ ոչ թե նրա առաջարկն էր գնահատում, այլ այն փաստը, որ հարցն արդեն քննարկվում է։ Նա չի ասել, բայց կարծում եմ՝ դա վերաբերում է միայն Ադրբեջանին, քանի որ այնտեղ չի քննարկվում կարգավիճակի հարցը։ Հարցի կարգավորման ուղղությամբ նորություններ չկան, չեն լինի»,- այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ նշելով, որ մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում տեղի չի ունենա։

Ըստ նրա՝ համանախագահող երկրներից որևէ մեկից հասցեական հայտարարություններ չենք լսի, իսկ ամեն քայլը նրանք փորձում են դրական գնահատել։ Իսկ անդրադառնալով Ուորլիքի այն խոսքերին, որ ապրիլից հետո սահմանին հիմնականում հանգիստ է եղել, Մանոյանը համաձայնեց դրա հետ, բայց նկատեց, որ ապրիլյան իրադարձությունները չափանիշ չեն, եթե ապրիլի համեմատ հանգիստ է, դա դեռ չի նշանակում, որ հրադադարի ռեժիմը պահպանվել է:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները փորձեն ամրապնդել զինադադարի ռեժիմը. «Եթե չամրապնդվի, հնարավոր է՝ նույնիսկ առանց Ադրբեջանի ցանկության, իրավիճակը շատ ավելի արագ սրվի, և մենք հայտնվենք ապրիլյան օրերի վիճակում: Այնպես չէ, որ պատերազմը վերջացել է, զինադադարի պայմանագիր կա, բայց այն ամեն օր խախտվում է։ Մի օր էլ հնարավոր է՝ Ադրբեջանի խախտումների պատճառով բռնկումներն ավելի ուժգին լինեն»։

Լրագրողի հարցին՝ եթե բանակցություններում նորություններ պետք չէ սպասել, ի՞նչ կարգավիճակի մասին էր խոսում ամերիկացի համանախագահը, ըստ որի՝ բանակցությունների սեղանին ԼՂ կարգավիճակի հարցն է, և այն որքանո՞վ կապ ունի Ալիևի՝ օրեր առաջ արած հայտարարության հետ, Մանոյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Շատ չէի ցանկանա կրկնել՝ ամերիկացի համանախագահի ասածները, բայց կարևոր էր, որ նա ասաց՝ կոնտեքստից դուրս հարցեր պետք չէ ներկայացնել։ Ինքն ասաց, որ խոսվում է ամեն ինչի մասին՝ և՛  կարգավիճակի մասին, և՛ փախստականների մասին, և՛ խաղաղապահ ուժերի մասին: Իսկ թե ինչ կարող է լինել կարգավիճակի հարցը, կարծում եմ՝ դա իրենց առաջարկի մեջ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից պարզ է, որ Ղարաբաղի կարգավիճակը, Ղարաբաղ ասելով՝ իրենք ուրիշ բան են հասկանում, մենք՝ ուրիշ բան, պետք է ճշտվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Այն իրենց մոտեցումն է եղել մոտավորապես 9 տարի»:

Իսկ հարցին՝ բանակցությունները շարունակելու դեպքում ո՞ր փաստաթղթի հիման վրա են բանակցելու՝ Մադրիդյա՞ն, Կազանի՞, թե՞ միգուցե այլ, Մանոյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ հիմա կա մի փաստաթուղթ, որի հիման վրա պետք է շարունակվեն բանակցությունները. հիմնական սկզբունքներն են բոլորը, մնացածը, օրվա պայմաններից ելնելով, հնարավոր է՝ մեկ կետի վրա շեշտ դնեն, երկրորդը պակասեցնեն, այսպես կոչված՝ լավրովյան առաջարկները, փաստորեն, մնացին օդում, որովհետև այդ մթնոլորտը չկա, բայց դա չի նշանակում, որ, ասենք,  հինգ ամիս հետո, երբ հարցի էությունն ուսումնասիրող բանակցությունները սկսվեն, դա կնշանակի՝ պիտի սկսվեն Լավրովի առաջարկից»:

Նրա խոսքով՝ ապրիլյան փորձի նման փորձ Ադրբեջանի կողմից թեև չի բացառվում, բայց ապրիլին Ադրբեջանը պատասխան ստացավ ու վազեց Ռուսաստանի մոտ՝ զինադադար խնդրելու. «Եթե մտածում են, չեմ կարծում՝ ապրիլյան փորձի նման փորձ կկրկնեն»։

Տեսանյութեր

Լրահոս