Կառավարությունը կերջանկացնի բոլորին։ Առանց բացառության
Կառավարությունը որոշել է քայլեր ձեռնարկել ապօրինի հարստացումը քրեականացնելու ուղղությամբ։ Որոշել ու այդ նպատակադրումը տեղադրել է տակավին վերջերս հաստատված իր ծրագրում։ Բոլորը, կարծես, գոհ են ու երջանիկ։ Կամ, կառավարությունը նախատեսում է, որ այդպիսին կլինեն։
Մի հասարակությունում, որտեղ հարստությունն ու օրենքը փոխբացառող կատեգորիաներ են, մի հասարակությունում, որտեղ հասարակությունը սնվում է հարուստների նկատմամբ ատելության ու նախանձի զգացմունքներով, ու մի հասարակությունում, որտեղ գործում է ամեն ինչ, բացի օրենքից, նման նախաձեռնությունն իսկական հրճվանք կարող է առաջացնել բոլորի համար։ Առանց բացառության։ Ու փույթ չէ, որ այդ նախաձեռնությամբ, որը, ըստ ամենայնի, ստանալու է օրենքի տեսք, պետականորեն, ամենաբարձր մակարդակով արձանագրվում ու խոստովանվում է, որ Հայաստանում օրենքներն ու օրենքի կիրառումն ապահովող ինստիտուտները չեն գործում։
Որովհետև, ապօրինի հարստացումն այնպիսի հանցագործություն է, որի բացահայտումն առանց կառավարության ծրագրում տեղ գտած նպատակադրման էլ երկրի իրավապահ մարմինների գործունեության սահմանադրական ու օրենսդրական պահանջն է։
Որովհետև ապօրինի հարստացման բացահայտման ամենահզոր գործիքը ժողովրդավարական պետության մեջ քաղաքացիական հասարակությունն ու մամուլն են, որն անգամ առանց հետաքննական լրագրության, հրապարակելով միայն պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, Գլխավոր դատախազությանն ամեն օր տալիս է ապօրինի հարստացումը բացահայտելու ու բացահայտումից ստացված հսկայական միջոցները պետությանը վերահսկելու անսպառ նյութ։ Այնքան անսպառ, որ դրանք քրեական գործեր դարձնելու համար դատախազներին չի հերիքի ութժամյա աշխատանքային օրն ու հնգօրյա աշխատանքային շաբաթը ու չորսշաբաթյա ամիսն ու անարձակուրդ տարին։
Մինչդեռ, Դատախազությունը և մնացած իրավապահ մարմինները զբաղվում են… ամեն ինչով, բացի ապօրինի հարստացման դեմ պայքարելուց։ Որովհետև Դատախազությունում մազոխիզմն ու ինքնախարազանումն առանձնապես չեն խրախուսվում։
Կառավարության ծրագրի նպատակադրմամբ ոգևորվածները կհակադարձեն՝ Դատախազությունն անկախ չէ, այդ պատճառով կաշկանդված է։ Իսկ դատարաննե՞րը, որոնք սահմանադրորեն անկախ են անկարելիության աստիճան։ Ոգևորվածները կկարողանա՞ն արդյոք հիշել որևէ նախադեպ, երբ հույժ անկախ այդ դատարաններն իրենց կայացրած վճռով պատժել են ապօրինի հարստացած որևէ նախարարի, փոխնախարարի, վարչության կամ ԾԻԳ-ի պետի։ Չեն կարող։
Այդպիսի նախադեպի բացակայության պատճառով։ «Խե՜ղճ Վազգեն»,- կասեր դասականի սիրահար որևէ հանրապետական, եթե այդպիսին, իհարկե, գտնվեր՝ նկատի ունենալով Խաչիկյանի էքսհիբիցիոնալ ազատազրկումը։ Այն էլ՝ ընդամենը խղճուկ մի քանի տասնյակ միլիոն դրամի համար։ Պետք էր՝ արեցին, ընտրություններ էին՝ ցուցանմուշ էր անհրաժեշտ, նստեցրեցին։ Այլ դեպքեր կարծես թե մեր պանծալի դատարանները չեն արձանագրել։ Բայց քանի որ կառավարության ծրագրով ու նպատակադրումներով ոգևորվածներն անշեղորեն են ոգևորված, նրանք հուզական որևէ հակադարձում կգտնեն, որի միակ համարժեք պատասխանը կլինի «քոռանամ ես»-ը։
Ընդհանրապես, կառավարության ձևավորումից հետո կառավարության գործունեության մասին ցանկացած քննարկում այնքան իռացիոնալ է, որ դրան մասնակցելուց առաջ անհրաժեշտ է ժամադրվել ակնաբույժի հետ՝ «քոռանամ ես»-երի աննախադեպ քանակի պատճառով։ Նույնն էլ՝ ապօրինի հարստացման դեմ պայքարն է, որն այնքա՜ն լավ է հնչում, որ հարվածում է մարդու ոչ միայն տեսողական, այլ նաև հոգեկան առողջությանը։ Չափից ավելի շատ ծիծաղն այնքան էլ լավ նշան չէ։
Իրականում, տարբեր անվանումներով նպատակադրումներ ու հայեցակարգեր ստեղծելու փոխարեն՝ բավարար է միայն օգտագործել արդեն իսկ գոյություն ունեցող գործիքներն ու օրենքները, որոնք երբևէ չեն կիրառվել ամբողջությամբ ու առանց բացառության բոլորի համար։ Հասկանալի է, սակայն, որ դա հնարավոր չէ, քանի որ այդպիսով ապակուսակցական կառավարությունը կզրկվի նաև անուղղակի քաղաքական հենարանից՝ ՀՀԿ-ից։ Պատմությանը հայտնի չէ որևէ օրինակ, երբ հաջողության են հասել այն կառավարությունները, որոնց հենարանների մեծամասնությունը գտնվում է ազատազրկման վայրերում։
Այնպես որ, բոլորս ի պայքար՝ ընդդեմ ապօրինի հարստացման։ Ով՝ ինչով կարող է։ Գրիչով ու փայտով, քարով ու պոլի փայտով, ավելով ու գերանդիով… Ամեն ինչով, բացի գործող օրենքներից։