Որ ոլորտներում չեն աշխատում ՀՀ բանկերի ակտիվները
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 8.78%: Այդ թվում՝ ՀՀ ռեզիդենտների չաշխատող ակտիվների կշիռը 8.65% է, ոչ ռեզիդենտներինը՝ 0.13%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի օգոստոս ամսվա տեղեկագրից։
Նշենք, որ չաշխատող համարվում են այն ակտիվները, որոնք բանկին եկամուտ չեն բերում։ Դրանց մեջ մտնում են իմմոբիլիզացված կամ «մահացած» ակտիվները (չմշակվող հողեր, չաշխատող գործարաններ և այլն), դրամական միջոցները՝ դրամարկղում և Կենտրոնական բանկում, պարտադիր պահուստները ԿԲ-ում, հսկվող, ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկերն ու դեբիտորական պարտքերը։
Ի հակառակ սրա՝ աշխատող ակտիվներ են համարվում վարկային ներդրումները, ՆՈՍՏՐՈ հաշիվների վրա առկա միջոցները, արժեղթղերի մեջ ներդրված միջոցները, ներդրումային ակտիվները և այլն։
Ինչպես տեսնում եք գծապատկերում, վերջին ամիսների ընթացքում չաշխատող ակտիվների կշիռը փոքր-ինչ նվազել է, սակայն այն ավելի բարձր է, քան տարեսկզբին (մոտ 7%)։ Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի վերջին չաշխատող ակտիվների կշիռը 4.01% էր։
ԿԲ տվյալների համաձայն, բանկային չաշխատող ակտիվներն առավել մեծ կշիռ ունեն սպառողական վարկերի մեջ. ռեզիդենտների 8.65% չաշխատող ակտիվներից 1.63%-ը բաժին է ընկնում սպառողական վարկերին։
Չաշխատող ակտիվների կշռով երկրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է՝ 1.48%, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն 0.65%, քիմիական նյութերի արտադրություն` 0.04%,
մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն` 0.01%: