«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կփորձեն ԼՂ հակամարտությունը հեռու պահել ՌԴ-ԱՄՆ առճակատման գլոբալ կոնտեքստից». Ռար

«Հուսադրող է, որ կա բանակցային գործընթաց ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող գնահատականներին։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ չեն կարգավորման, և կարգավորման համար նախադրյալներ չկան։ Այս հայտարարությունը «վշտացնող» էր որակել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը։ Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ որոշակի մանրամասներ էր փոխանցել բանակցային գործընթացից՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմին ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը։ «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- հայտարարել էր Ալիևը:

Ալեքսանդր Ռարն ասաց, որ այս հայտարարությունները փաստում են այն մասին, որ անկախ տեղեկատվական վակուումից՝ կա  ինտենսիվ բանակցային գործընթաց, որն առաջ են մղում թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը։ Ռարը հիշեցրեց նաև ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անդրադարձը Ջոն Քերիի հայտարարությանը։ «Զախարովան ասել էր, որ համանախագահներն աշխատում են, և հայտարարությունների փոխարեն՝ ավելի լավ է աշխատել։ Տպավորություն կա, որ համանախագահներն ընտրել են փակ մթնոլորտում աշխատելու ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, կարծելով, որ համաձայնություններից հետո հանդիպմամբ կարելի է ամրապնդել այդ ամենը։ Սակայն Ալիևի այս հայտարարությունից պարզ դարձավ, որ այս հարցում կամ կա վճռական մոտեցում Ադրբեջանի կողմից, կամ էլ այս հայտարարության միջոցով ընթանում է հասարակությանն այս քայլին նախապատրաստելու աշխատանք։

Ուորլիքի հայտարարությունը փոքր-ինչ մտահոգիչ էր, քանի որ նա խոսել էր այն մասին, որ հուսով են՝ նախագահները կհամաձայնեն հանդիպել։ Թվաց, որ գործընթաց չկա, կողմերը հեռացած են միմյանցից, բայց վերջին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս ընթացքում ակտիվ բանակցային գործընթաց է տեղի ունեցել, որի ընթացքում բովանդակային հարցեր են քննարկվել և նույնիսկ ճնշումներ բանեցվել։ Սա հուսադրող է»,- նման տեսակետ հայտնեց Ռարը։ Վերջինիս խոսքով՝ դժվար է խոսել մոտ ապագայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բեկումնային փոփոխությունների մասին, քանի որ իրավիճակ է փոխվել թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ հակամարտող երկրներում և հակամարտության տարածաշրջանում։ Ըստ նրա՝ ուրախալի է, որ կան լուրջ քննարկումներ, այսինքն՝ քննարկումներ կարգավորման տարրերի շուրջ։ «Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Քերիի հայտարարությունը ոչ թե հոռետեսություն էր, այլ կողմերին ճնշելու փորձ»,- նկատեց գերմանացի քաղաքագետը։

Հարցին, թե սիրիական ճգնաժամն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության գոտում ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքի վրա, Ռարը պատասխանեց, որ ցածր արդյունավետությամբ միջնորդները կշարունակեն աշխատել՝ փորձելով այս հակամարտությունը հեռու պահել ՌԴ-ԱՄՆ առճակատման ավելի գլոբալ կոնտեքստից։ «Այս փուլում դա որքանով կհաջողվի՝  ցույց կտան առաջիկա ամիսները։ Այսօր ես նկատում եմ աշխատանք, որը, կրկին շեշտեմ, հուսադրող է»,- ընդգծեց Ալեքսանդր Ռարը։

Տեսանյութեր

Լրահոս