Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի գիտնական Յոսինորի Օսումիին
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի պրոֆեսոր Յոսինորի Օսումիին «աուտոֆագիայի մեխանիզմի հայտնագործման համար»: Այս մասին հայտարարել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեն:
Օսումին ճանաչում է գտել աուտոֆագիայի գործընթացի իր հետազոտման շնորհիվ, ինչի հետեւանքով տեղի է ունենում բջիջների մասերի կամ ամբողջական բջջիջների ինքնաոչնչացում: Մասնավորապես, գլխուղեղի բջիջների նման սպառումը կարող է խորացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: 1993 թվականին Օսումին աշխարհում առաջինը հայտնաբերել է այն գեները, որոնք պատասխանատու են աուտոֆագիայի գործընթացի համար:
Յոսինորի Օսումիին ծնվել է 1945 թվականին Ճահոնիայի Ֆուկուոկա քաղաքում: 1974 թվականին ստացել է Տոկիոյի համալսարանի գիտությունների դոկտորի աստիճան: Բազմաթիվ պարգեւների դափնեկիր է բջջային կենսաբանության բնագավառում: Նա դարձել է Նոբելյան մրցանակ ստացած 25-րդ ճապոնացին:
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից Ուիլյամ Քեմփբելը, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրան եւ չինուհի հետազոտող Տու Յույուն պարազիտների եւ մալարիայի դեմ պայքարի մեթոդների համար:
Իր կտակում Ալֆրեդ Նոբելը ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում դափնեկրի ընտրությունը հանձնարարել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին, որը հիմնադրվել է 1810 թվականին եւ ներկայում աշխարհի առաջատար կրթական ու գիտական բժշկական կենտրոններից մեկն է: Նրան առընթեր ստեղծված Նոբելյան կոմիտեն բաղկացած է հինգ մշտական անդամներից, որոնք իրենց հերթին իրավունք ունեն փորձագետների հրավիրել կոնսուլտացիաների համար:
Ընդամենը բժշկության բնագավառում մրցանակը շնորհվել է 106 անգամ: Ամենաերիտասարդ դափնեկիրը 1923 թվականին դարձել է Ֆրեդերիկ Բանտինգը (32 տարեկան) ինսուլինի հաոյտնաբերման համար, ամենատարեցը՝ Պեյտեն Ռոուսը (87 տարեկան) 1966 թվականին օնկոգեն վիրուսների հայտնաբերման համար: Այդ պարգեւի դրամական բաղադրիչի չափն այս տարի, ինչպես եւ նախորդ երեք տարվա ընթացքում, հասնում է 8 մլն կրոնի (932 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: