«Պետք է ընդհատել ՀՀ-ի մասնակցությունը Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, քանի դեռ ՀՀ-ն չունի խաղաղության գործընկեր»
Մեր զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը
– Տարածաշրջանային զարգացումների ֆոնին չկայացավ սկզբից` Ռուսաստանում, ապա` Նյու Յորքում նախատեսվող երրորդ Սարգսյան-Ալիև նախագահական հանդիպումը։ Սրան զուգահեռ` Հայաստանում շարունակվում է հողեր հանձնելու շուրջ դիսկուրսը։ Ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմյա 6 ամիսները։ Ինչո՞ւ բանակցային գործընթացը կրկին փակուղում հայտնվեց։
– Ցավոք, կրկին ադրբեջանական կողմն է, որը խոչընդոտում է խաղաղ գործընթացի շարունակականությանը։ Սա այլևս անակնկալ չէ։ Բավականին հիասթափեցնող է հատկապես այն փաստը, որ Ռուսաստանը, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, չունեն բավարար լծակներ ու հետևողականություն Ադրբեջանին խաղաղ գործընթաց վերադարձնելու համար։ Այն, ինչ մենք տեսանք վերջերս, ձախողում էր, երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում, և երբ Ադրբեջանը հստակեցրեց, որ հեռացել է խաղաղ գործընթացից։ Այս համատեքստում կարող ենք ասել, որ Հայաստանը խաղաղության հարցում գործընկեր չունի։
Միջազգային հանրությունը պետք է ճանաչի այն փաստը, որ Ադրբեջանն է ձախողում բանակցությունները, Ադրբեջանը չի կատարում իր խոստումները, ուստի սպասելիքները, որոնք վերաբերում էին վստահության ձևավորման միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, չարդարացան։
Ուստի Ադրբեջանը պետք է գին վճարի խաղաղ գործընթացում չներգրավվելու համար։ Սա չի նշանակում, որ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը պետք է փոխվի։ Երկու կողմից էլ պահանջվում են զիջումներ ու փոխզիջումներ, սա պահանջում է քաղաքականության մոդիֆիկացիա` գուցե Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է հաջորդ անգամ մերժեն Մինսկի խմբի հետ հանդիպումը, քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ չեն բանեցվել։ Հայաստանը գուցե չպետք է այլևս խաղաղ գործընթացում միակ զուսպ գործընկերը լինի։
– Խոսեցիք հայկական կողմի քաղաքականության մասին. ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը, ինչպե՞ս եք գնահատում հայկական դիվանագիտության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում։
– Ապրիլյան ռազմական գործողությունների առաջին և ամենակարևոր դասն այն փաստն է, որ կոռուպցիան Հայաստանի ներսում այսօր շատ ավելի լուրջ է։ Այսինքն` ապրիլյան գործողությունների, տարածքների կորստի, ռազմական պարտության կամ Ադրբեջանի հաղթանակի համատեքստում կոռուպցիան այլևս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար։
Սա այլ իրավիճակ է` շատ ավելի լուրջ, քան երբևէ, որտեղ կան խնդիրներ պաշտպանության գնումների, պաշտպանական սպառազինության հարցերում, այս ոլորտում են ամենակոռումպացված օլիգարխները, և որոշ նույնիսկ գեներալները կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը, նրանք պետք է փոխարինվեն։ Ապրիլյան պատերազմը բացահայտեց նաև 1990-ական թթ. պատերազմի վետերանների «դատարկությունը», օրինակ` գեներալ Մանվել Գրիգորյանը կամ Սարոյանը, որոնք ԱԺ-ում են, սա ցույց է տալիս, որ կոռուպցիան, որպես ազգային անվտանգության սպառնալիք, չի կարող այլևս ընդունելի լինել։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա անհրաժեշտ է ավելի հանդուգն, ուժեղ քայլ հայկական կողմի կողմից, ինչպես առաջարկեցի` գուցե ընդհատել հայկական մասնակցությունը ՄԽ խաղաղ գործընթացին, քանի դեռ Հայաստանը չունի խաղաղության գործընկեր, քանի դեռ Ադրբեջանը չի պարտադրվել կատարել այն խոստումները, որոնք պարտավորվել է կատարել։
– Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճնշումները` հաշվի առնելով հակամարտության կարգավորման գործընթացի ողջ պատմությունը և լծակների բացակայությունը։
– Սա հեշտ հարց է։ Սա Հայաստանի խնդիրը չէ, միջնորդների աշխատանքն իրականացնելը Հայաստանի իշխանության ու պատասխանատվության ներքո չէ։ Ռուսաստանը` որպես Ադրբեջանի սպառազինության առաջին մատակարար, ուղիղ կերպով ոտնահարում է անաչառ կամ մասնակի անաչառ միջնորդի դիրքը։ Գուցե Ռուսաստանը պետք է դադարի զինել Ադրբեջանին, հատկապես` հաշվի առնելով այն փաստը, որ իրականում Ռուսաստանի մատակարարած սպառազինությունն է սպանում հայերին, Ղարաբաղի զինվորներին։
– ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական «Ինտերֆաքսին» տված իր հարցազրույցում նշել էր այն մասին, որ ԱՄՆ-ը հանձնառություն ունի չվաճառել սպառազինություն Ադրբեջանին։ Սա պատահակա՞ն արված դիտարկում էր։
– Սա ուղերձ էր Մոսկվային, որն ընդգծում էր այն փաստը, որ Մոսկվան անօգուտ քաղաքականություն է վարում խաղաղ գործընթացի շրջանակում։
– Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է սպասել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակից, հաշվի առնելով հակամարտող երկրներում սպասվող փոփոխությունները` առաջիկա ընտրությունները Հայաստանում և արդեն իսկ կայացած սահմանադրական հանրաքվեն` Ադրբեջանում։
– Այստեղ մի քանի նկատառում ունեմ։ Առաջինը` այլևս չկա «եթե», այլ միայն` «երբ». երբ Ադրբեջանը կհարձակվի կրկին այն պարզ պատճառով, որ չկա զսպում։ Ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին կրկին հարձակումից։ Հենց այս պատճառով է «Իսկանդեր» համակարգն այդքան կարևոր` որպես Հայաստանի կողմից զսպման ցուցադրություն։ Երկրորդ` Ադրբեջանի ներքին կործանումը չափազանց գայթակղիչ է դարձնում հարձակումը, որին դիմադրելն այս պայմաններում բարդ է դառնում։ Երրորդ դիտարկումն այն է, որ Ադրբեջանը վտանգավոր կերպով դառնում է չափազանց ինքնավստահ, որտեղ նույնիսկ թուրք պաշտոնյաները նախազգուշացվել են տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգի մասին, որը հարուցում է Ադրբեջանը։ Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը շատ ավելի լուրջ և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար, քան Թուրքիան։
– Խոսեցիք «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի մասին, մի շարք ռուս փորձագետներ նշում են, որ դրանք կվերականգնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտված ռազմական հավասարակշռությունը։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը, Ձեր կարծիքով` ի՞նչ խնդիր են լուծելու այս համակարգերը Հայաստանում։
– Առաջին հերթին` տեսնում ենք, որ Ռուսաստանը վտանգավոր կերպով փոխում է արդեն իսկ բավականին փխրուն ուժային հավասարակշռությունը` սպառազինություն մատակարարելով Ադրբեջանին, հատկապես, երբ ներկայումս Ռուսաստանը սպառազինության մեկ այլ գործարք է Ադրբեջանի հետ բանակցում։ Երկրորդ կետը Հայաստանի համար այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են, դրանք էական կարևորություն ունեն, խնդիրը ոչ թե այդ հարաբերություններն են, այլ այդ հարաբերությունների պայմանները, այն անհամաչափությունը, գոռոզությունը, որով Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերվում է` Հայաստանը ստանալով որպես շնորհ, միևնույն ժամանակ բարելավելով իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։
Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հետապնդի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները վերափոխելու քաղաքականություն, նվաճելով ավելի մեծ հարգանք և ավելի շատ դիվիդենտներ Ռուսաստանի աչքում` այն պարզ պատճառով, որ Հայաստանը միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում, միակ երկիրը, որը տեղակայել է ռուսական ռազմական բազա, միակ երկիրն այս տարածաշրջանում, որը և՛ ԵՏՄ, և՛ ՀԱՊԿ անդամ է։
Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը հարգում է ուժը և ոչ` թուլությունը, գուցե Ռուսաստանը պետք է սկսի վճարել Հայաստանում իր ռազմական բազաների համար, խոսքը և՛ Գյումրիի ռուսական ռազմաբազայի, և՛ Էրեբունիի օդանավակայանի մասին է, վճարի այնպես, ինչպես Ռուսաստանը վճարում է Ղրղըզստանի կառավարությանը տարեկան միլիոնավոր դոլարներ։ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերությունների տեսանկյունից պետք է լինի ավելի հավասարակշռված, հարգանքով և ավելի պակաս անհամաչափ, միևնույն ժամանակ` Ռուսաստանը պետք է Հայաստանին վերաբերվի ավելի բարձր հարգանքով` գնահատելով դաշնակցությունն ու ռազմավարական գործընկերությունը։
– Ըստ Ձեզ` ՀՀ ներկայիս իշխանությունները կվերականգնե՞ն այդ հարգանքը։
– Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ չկա հստակ պատասխան։ Բայց եթե դիտարկենք անցյալը, երբ Հայաստանը ոտքի է կանգնել Ռուսաստանի առջև և պաշտպանել իր անկախությունն ու ինքնիշխանությունը, մենք նկատել ենք Մոսկվայի կողմից ավելի շատ հարգանք։ Ամենահստակ օրինակը կարող եմ բերել` 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ ՌԴ իշխանությունները պաշտոնապես պահանջեցին, որպեսզի ՀՀ իշխանությունները ճանաչեն Աբխազիան ու Հարավային Օսեթիան, ՀՀ իշխանությունները դա չարեցին, այնքան խելացի գտնվեցին, որ իրենց շահերը պաշտպանեցին։ Ուստի կարող ենք ասել, որ Ռուսաստանը հարգում է ուժը և ոչ՝ թուլությունը։ Հայաստանը գրավադրել է իր ազգային անվտանգությունը և թերագնահատել սեփական ինքնիշխանությունն ու անկախությունը, սա նաև նշանակում է, որ Հայաստանը պետք է կենտրոնանա ինքնաբավ քաղաքականություն վարելու վրա` թերահավատ լինելով աջակցության ցանկացած արտաքին խոստման հանդեպ, խոսքը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի մասին է։
– Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը վերջերս հարցազրույց էր տվել` տեղեկացնելով, որ ծրագրվում է ԻԻՀ նախագահ Ռոուհանիի այցը Հայաստան` նշելով այն ոլորտները, որոնցում, ըստ Իրանի իշխանությունների, Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել։ Հաշվի առնելով Ռուսաստանի հնարավոր բացասական դիրքորոշումն այս հարցում` ինչպե՞ս կարող է Հայաստանը զարգացնել Իրանի հետ իր հարաբերությունները նոր էներգետիկ և կոմունիկացիոն ծրագրերի շուրջ։
– Իրանի նախագահ Ռոուհանիի այցը Հայաստան նոր չէ, այն հետաձգվել էր։ Հետաքրքիրն այն է, որ հիմնական խոչընդոտը Հայաստանի և Իրանի ավելի խորը հարաբերությունների զարգացման համար ո՛չ Երևանը և ո՛չ էլ Թեհրանն են, հիմնական խոչընդոտը Մոսկվան է և այն, թե որքան է Ռուսաստանը թույլ տալիս Հայաստանին` խորացնել հարաբերություններն Իրանի հետ։ Օրինակ` երկու ամենաբնական ոլորտները, որտեղ հնարավոր է խորացնել հարաբերությունները, էներգետիկ ու տրանսպորտի ոլորտներն են, երկուսն էլ ամենաքիչ ցանկալի ոլորտներն են Ռուսաստանի տեսանկյունից։
Ինչո՞ւ այս ոլորտները, քանի որ այս երկու ոլորտներում էլ Ռուսաստանը Հայաստանում մենաշնորհ ու դոմինանտ դիրքեր ունի։ Ռուսաստանը, առաջնորդվելով սեփական շահերով, չի ցանկանում ռուսական գազից Հայաստանի կախվածության հարցում մրցակցություն ունենալ, ոչ էլ տրանսպորտի ոլորտում, որտեղ Ռուսաստանը տիրապետում է Հայաստանի երկաթուղիների ցանցին։ Կան տնտեսական և առևտրային ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է որպես կամուրջ ու հարթակ ծառայել Իրանին ներգրավելու համար, բայց մինչ օրս Հայաստանի իշխանությունը լավ աշխատանք չի կատարել և չի պատրաստել այն ամենը, ինչ ցանկանում է բանակցել Իրանի հետ, քանի որ առկա է նաև Ռուսաստանի արձագանքից վախի զգացում։
– Այս պայմաններում ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ սպասվող այցից։
– Շատ վաղ է ասել, որովհետև մի կողմից` եթե ՀՀ իշխանություններն ավելի լավ պատրաստվեն, կկենտրոնանան բարձր սպառում ունեցող ապրանքների վրա, կամ կցանկանան, որպեսզի Հայաստանը ծառայի` որպես կամուրջ կամ հարթակ, որպեսզի արևմտյան ընկերությունները ներգրավվեն Իրանում` առաջարկելով Հայաստանի էժան աշխատուժը, ենթակառուցվածքները, արտոնյալ հարկային պայմանները։ Միևնույն ժամանակ` դա նաև կախված է ժամանակահատվածից` որքան երկար է գործընթացը գնում, այնքան երկար ժամանակ է Հայաստանը կորցնում` Իրանի շուկայի բացումից օգտվելու տեսանկյունից։ Իրանը սկսում է Հայաստանից շատ ավելի հեռու նայել։ Բայց մեկ առավելություն հեգնանքով նշեմ` գուցե Հայաստանի դերը` որպես ԵՏՄ անդամ, օգնի, և Հայաստանն առաջարկի Իրանին Հայաստանի միջոցով ներգրավվել ավելի լայն շուկաներ։