«Վախեցած են․ լավ է՝ չեն պրպտել, թե, օրինակ, Արմինե Օհանյանի տատը 1935թ․ հարևանի մոտ ինչ է խոսել Լենինից կամ Ստալինից»․ Գագիկ Համբարյան
Երեկ տեղեկացանք, որ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե: Այս մասին գրում է «Հրապարակը»։ Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի, պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ 5 երեխաների ներկայությամբ ձերբակալել են արցախցի զnհված զինծառայողի քրոջը․ պատճառը Ֆեյսբուքում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնnւթյան կոչն է:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վերոնշյալը համարում է Նիկոլ Փաշինյանի «հերթական ֆաշիստական դրսևորում»։

«Սրանով նա փորձում է նաև ահուսարսափ մտցնել մարդկանց մեջ, իր մեթոդներով վախեցնում է, որովհետև գիտեք՝ Արմինե Օհանյանը լրատվամիջոցի խմբագիր է, արցախցի կինը սովորական քաղաքացի է, և ինքը ցույց է տալիս, որ իր համար տարբերություն չկա, կարևորը՝ ինքը թիրախավորված տարբեր ոլորտների ներկայացուցիչների կպատժի և դրանով ահուսարսափ կմտցնի։
Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը գործ ունի դասական փոքրիկ ֆաշիստի հետ։ Ես նորմալ կվերաբերվեի այսպիսի բաներին, դե, բռնության կոչ է եղել, եթե նույն Նիկոլի երկրպագուները կամ Նիկոլի թիմում աշխատող չորրորդ-հինգերորդ կարգի պաշտոնյաները ևս ընդդիմության կամ նույնիսկ Վեհափառի նկատմամբ բռնության կոչեր անելուց հետո պատժվեին, բայց մենք տեսնում ենք, որ ոչինչ չեն անում։
Գառնի գյուղից մի խուլիգան ասում է՝ քարը վերցնենք՝ Կաթողիկոսի գլխին տանք, իրավապահ մարմինները ծպտուն չեն հանում, դա նորմալ է իրենց համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
«Այս իշխանությունների հերթական ջղաձգումներն են, որ սրա-նրա բերանը փակեն և փորձեն դրանով ահուսարսափ մտցնեն։ Սա նաև ցույց է տալիս, որ Նիկոլը վախեցած է, որովհետև ինքնավստահ իշխանությունը չի կարող այսպիսի մանր բաների հետևից գնալ։ Լավ է՝ չեն պրպտել, թե, օրինակ՝ Արմինե Օհանյանի տատը 1935 թվականին հարևանի մոտ ինչ է խոսել, ասենք, Լենինից կամ Ստալինից։ Սրանք ամեն ինչի ընդունակ են»,- շեշտեց նա։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրեն անընդհատ պահում է այնպես, ինչպես հասարակ մարդիկ իրենց կպահեին տանը, դրանով փորձելով հանրության տարբեր շերտերի ցույց տալ, որ նրանցից մեկն է․
«Կարկանդակ, սուջուխ, եգիպտացորեն ուտելով՝ փորձում է ցույց տալ, որ ուտում է այն, ինչ մարդկանց մեծ մասը։ Ինքը շքեղ ռեստորաններում ուտում է ոչ տեսախցիկների առաջ, իսկ մարդկանց ցույց է տալիս, որ ինքը սովորական ձեթով պերաշկի է ուտում, այն էլ՝ փնթիավարի, առանց կարկանդակն անձեռոցիկով բռնելու։ Նա «ժող ջանին» փորձում է համոզել, որ նրանցից մեկն է»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



