Բաժիններ՝

Հայ գիտնականները բացահայտել են մի նյութ, որը ճնշում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի բազմացումը վարակված բջիջներում

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտաշխատողները բացահայտել են բուսական ծագման նյութ, որը ճնշում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի բազմացումը վարակված բջիջներում:

Խոզերի աֆրիկյան ժանտախտը խոզերի սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն օդակաթիլային եղանակով, ինչպես նաև տզերի խայթոցով տարածվող վիրուս է: Հիվանդության սուր դրսևորման դեպքում խոզերը սատկում են 7-10 օրվա ընթացքում: Հայաստանում այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 2007թ.: Համաճարակային բռնկումների արդյունքում խոզերի ընդհանուր գլխաքանակը միայն 2007/2008թթ. ժամանակահատվածում նվազել է ավելի քան 40%-ով՝ հասցնելով տնտեսական մեծ վնասներ Հայաստանի գյուղատնտեսությանը:

Խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի նկատմամբ պատվաստանյութ գոյություն չունի: Պայքարի միակ միջոցը կարանտինի հայտարարումն է և խոզերի ամբողջ գլխաքանակի սպանդը: Վերջին տարիներին մի շարք արտասահմանյան լաբորատորիաներում փորձեր են իրականացվել, բացահայտվել են արդյունավետ դեղամիջոցներ, որոնցով հնարավոր կլինի ճնշել խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը: Ի տարբերություն այդ նյութերի, հայ գիտնականների կողմից  բացահայտված բուսական ծագման միացությունն ունի մի շարք առավելություններ:

«Մեր նյութը՝ ապիգենինը, պոլիֆենոլային միացություն է, որը սինթեզվում է բույսերի կողմից, հետևաբար՝ այն պակաս թունավոր է, քան մյուս նյութերը, որոնք բացահայտվել են մեր գործընկերների կողմից: Բայց շատ ավելի կարևոր է, որ մեր նյութը նվազեցնում է վիրուսի քանակը շուրջ 1000 անգամ, մինչդեռ այլ նյութերը՝ լավագույն դեպքում՝ 100 անգամ: Այսինքն, մենք բացահայտել ենք մի նյութ, որը հայտնաբերված այլ նյութերից տասն անգամ ավելի շատ վիրուս կարող է ճնշել»,- նշում է հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը:

Կարդացեք նաև

Խումբն ապագայում ծրագրում է ուսումնասիրել ապիգենինի կառուցվածքային տարբեր ածանցյալների հակավիրուսային ակտիվությունը: «Բնության մեջ ապիգենինը հանդիպում է տարբեր կառուցվածքային ածանցյալների տեսքով: Չի բացառվում, որ այդ ածանցյալները նույնպես ուժեղ հակավիրուսային ազդեցություն ունենան: Միայն դրանց ուսումնասիրությունից հետո մենք կանցնենք ապիգենինի փորձարկմանը խոզերի վրա: Սակայն այս պահին ունեցած մեր արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ մենք բավական արդյունավետ նյութ ենք հայտնաբերել»,-  նշում է Հովակիմ Զաքարյանը:

Այս արդյունքները լույս են տեսել հեղինակավոր Archives of virology պարբերականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս