Ժողովրդավարությունը և ԼՂ հակամարտությունը

Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ժողովրդի կողմից ժողովրդի համար (of the people, by the people, and for the people) [1]

Աբրահամ Լինքոլն

Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին արցախահայությունը հռչակեց Ադրբեջանից անկախանալու և ժողովրդավարական պետություն կառուցելու իր որոշումը: Սակայն այդ իրադարձություններից 25 տարի անց ցավով ստիպված ենք արձանագրել, որ Արցախում դեռևս չի հաջողվել ունենալ ուժեղ քաղաքացիական հասարակություն և ժողովրդավարական պետություն:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

1988թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության մեջ շրջադարձային էր. Արցախի ժողովուրդը ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հռչակած վերակառուցման, ժողովրդավարացման խորապատկերին բողոքի ձայն բարձրացրեց` ի պաշտպանություն իր իրավունքների ու ազատության և ընդդեմ՝ ԽՍՀՄ ամբողջատիրական համակարգի: Սկսվեց համաժողովրդական շարժում:

Սկզբնական շրջանում ժողովրդի անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ հանրահավաքները, ցույցերը, երթերը, նստացույցերը, հացադուլները, գործադուլներն էին: Այնուհետև, 1988թ. մայիսին Հայաստանի խորհրդարանի նստաշրջանի հրավիրման պահանջ առաջադրվեց, որն ուղեկցվում էր նստացույցերով, հացադուլներով։ Ի վերջո, պատգամավորների պահանջով նստաշրջան գումարվեց։

Նույնն առավել լայնամասշտաբ կրկնվեց 1988թ. նոյեմբերի վերջին: Այդ ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտնում արտահերթ նիստի հրավիրումը՝ քննարկվելիք հարցերի նկատմամբ այլ վերաբերմունք ունենալու պատճառով, ուստի նստաշրջանը գումարվեց Հայաստանի օպերայի և բալետի  ազգային  ակադեմիական թատրոնի շենքում։ Նիստի ժամանակ պատգամավորները մերժեցին ԽՍՀՄ-ում ընտրությունների անցկացման նոր օրինագծի և ԽՍՀՄ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հրամանագրի ընդունումը՝ ելնելով դրանց հակաժողովրդական բնույթից։ Ժողովուրդն այդ օրն առաջին անգամ գումարեց իր իսկ նախըտրած նստաշրջանը` քննարկման դնելով իրեն հուզող հարցերը և ընդունելով իր ուզած որոշումները, և այդ ամենը` առանց «վերևների» ներկայության:

Դրան հաջորդեց Երևանում հատուկ դրության և պարետային ժամի հայտարարումը: Ժողովրդական դարձած խորհրդարանի որոշումները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները հայտարարեցին հակասահմանադրական ու ապօրինի։ 1988թ. հուլիսից ժողովուրդը սկսեց հանձնել կուսակցական տոմսերը և զանգվածաբար դուրս գալ Կոմունիստական կուսակցության շարքերից։ Սկսվեց անցյալի ու ներկայի վերագնահատման մի նոր շրջափուլ: Կազմավորվեցին կոմիտեներ, հայրենակցական միություններ, բարեգործական և հասարակական տարբեր կազմակերպություններ:

Ղարաբաղյան շարժումը ծնվեց որպես ազգային շարժում, որի նպատակները շատ հստակ էին, սակայն 1988թ. մայիսից զուտ ազգային շարժումից այն վերածվեց ազգային ժողովրդավարական շարժման: Հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցան հանրահավաքներ, երթեր: 1988թ. մարտին հանրապետության հարյուրավոր աշխատանքային կոլեկտիվներում ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեները, որոնք սատարում էին Ղարաբաղյան շարժման ղեկավարությանը, կարճ ժամանակում կարողացան իրենց ձեռքը վերցնել հասարակական ակտիվության կազմակերպման և ուղղորդման գործը։

Այսինքն ժողովուրդը, ով 20-րդ դարի վերջում պայքարի ելավ ամենազոր խորհրդային կայսրության դեմ, հաղթեց նրան ոչ միայն ուժով, այլև ազգային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական, հեղափոխական ալիքով, որը, այսպես ասած, պատմության գիրկն ուղարկեց կոմունիզմի նկատմամբ մինչ այդ ունեցած վախը։ Այսպես, հստակ կարող ենք ասել, որ Ղարաբաղյան շարժումը պայքար էր Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության, անվտանգության համար[2]:

Այժմ, եթե անդրադառնանք Արցախում հետպատերազմյան ժողովրդավարության կայացման գործընթացին, պետք է փաստենք, որ 1994թ. զինադադարից հետո Արցախի և Հայաստանի ժողովուրդը, որպես հաղթանակած ազգ, սկսեց հանրության ինքնակազմակերպման լուրջ գործընթաց, որտեղ պատերազմը, այնուհետև զինադադարը խաղի նոր կանոններ սահմանեցին: Սակայն ոչ այնքան նպաստավոր հող նախապատրաստվեց լիարժեք ժողովրդավարության զարգացման համար:

Օրեցօր ավելացող արտաքին ռազմական սպառնալիքը, իշխանության վերարտադրության խնդիրները տարիների ընթացքում աստիճանաբար թուլացրեցին ժողովրդավարության ու անվտանգության աներկբա կապի հանրային գիտակցումը: Իսկ լիարժեք ժողովրդավարական պետության[3] կայացման համար անհրաժեշտ են ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ հետևյալ հատկանիշները՝

  • Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ,
  • Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն,
  • Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում,
  • Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև,
  • Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում,
  • Իրավական և սոցիալական պետության կայացում,
  • Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն,
  • Մեծամասնության իշխանություն և փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն։

Այսպիսով, արդյունավետ կառավարում, զարգացած, ժողովրդավար երկիր ունենալու համար անհրաժեշտ են հասարակության կողմից իշխանության ամենօրյա հսկողություն, քաղաքական ակտիվ պայքարի առկայություն, տարբեր գաղափարախոսությունների տեր մարդկանց միջև կարծիքների փոխանակում, ազատ մամուլի առկայություն և այլն:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆ

  • Քաղաքացիական հասարակության կայացում
  • Մամուլի ազատ գործունեություն

1991թ. դեկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններից սկսած Ղարաբաղում պարբերաբար անց են կացվում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Արցախում 2000-ականներից սկսած մեծ թափ ստացավ հասարակական կազմակերպությունների կազմավորման գործընթացը: Ի հայտ եկան մի քանի տասնյակից ավել ՀԿ-ներ, բարեգործական հիմնադրամներ, ինչպիսիք են՝ «Ամերիկացիներն Արցախի համար» արցախյան ներդրումային ֆոնդը, «Շուշի» բարեգործական հիմնադրամը, «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական միությունը, ԼՂ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեն, «Երկիր» ՀԿ-ների միությունը, Մոնթե Մելքոնյանի հիմնադրամը, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը և մի շարք այլ մշակութային ՀԿ-ներ:

2016թ. տվյալներով Արցախում գրանցված է 227 ՀԿ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2008թ. ԼՂՀ հանրային հատվածին պետական աջակցությունը կազմել է 50 միլիոն, 2009-2010թթ.՝ 60 միլիոն: 2014-2015թթ. պետությունը ՀԿ-ներին հատկացրել է 70-80 մլն, իսկ 2016թ.` 80.930.000 դրամ: 2016թ. այդ գումարով ֆինանսավորվել են 30 ՀԿ-ներ և 3 թերթ:

Չնայած ՀԿ-ների նման քանակին՝ այսօր ԼՂՀ-ում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով լիարժեք քաղաքացիական հասարակություն դեռևս չի կայացել: Պետական վերահսկողությունը գնալով ավելի է ուժեղացել: Պատճառն այն է, որ ի սկզբանե երկրի կառավարման գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ ՀԿ-ները, գտնվում են գործող իշխանությունների վերահսկողության տակ: Դա նշանակում է, որ ԼՂՀ-ում իշխանությունները քաղաքացիական հասարակությանը դիտարկում են որպես իրենց սպասարկու կազմակերպություններ, իսկ սպասարկու լինել չցանկացող կազմակերպությունները դառնում են իշխանությունների հակառակորդը:

Հաջորդ խնդիրը, որն առկա է ԼՂՀ-ում, իշխանությունների հասցեին հնչեցված յուրաքանչյուր քննադատության ընկալումն է որպես հասարակությունը պառակտելու, ներքին խառնակչություն հրահրելու փորձ: Սա քայլ է, որով ՀԿ-ներին պետությունը լիովին պահում է իր ազդեցության տակ՝ վնասելով թե՛ պետության, թե՛ հասարակության շահերը:

Հաջորդ խոչընդոտը ԼՂՀ-ի՝ միջազգային ճանաչում չունենալն է, որի արդյունքում ՀԿ-ների առջև փակվում են միջազգային կազմակերպությունների դռները: ՀԿ-ներին մնում է գործունեություն ծավալել այն ոլորտներում, որտեղ կստանան պետական աջակցություն և, ամենակարևորը, չեն հակադրվի իշխանությանը:

Արցախի հանդեպ ռազմական հարձակման մշտառկա վտանգի գիտակցումը զսպում է ներքին գործընթացները և բացասաբար անդրադառնում հանրային կյանքի զարգացման վրա, քանի որ առաջ է մղվում երկրի անվտանգության գործոնը: Հասարակությունը հանուն արտաքին անվտանգության նախընտրում է ներքին կայունություն:

Հաջորդ խնդրահարույց թեման Ղարաբաղում մամուլի ազատության հարցն է: Եթե անդրադառնանք ԼՂՀ մամուլի գործունեությանը, ապա, պետք է նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` ԼՂՀ-ում ներկայումս լույս է տեսնում շուրջ չորս տասնյակ թերթ: Դրանց թվում են՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթը, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանային թերթերը, ՀՅԴ-ի «Ապառաժ», Արցախի ժողովրդավարական կուսակցության «Հայրենիք», «Ազատ Հայրենիք» կուսակցության «Ակունք», Արցախի կոմկուսի «Արցախի կոմունիստ», ինչպես նաև մի շարք կազմակերպությունների գրական-ստեղծագործական, երիտասարդական թերթերը, «Անալիտիկոն» ամսագիրը, «Նոր էջ» անկախ թերթը, ԼՂՀ ՊԲ պաշտոնական օրգան «Մարտիկ» թերթը, Արցախյան պատերազմի մամուլի արխիվը, ԼՂՀ պետական հեռուստատեսությունը, «Նոր ալիք» ռադիոն (Ստեփանակերտ), «Դե ֆակտո» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը և այլն:

Չնայած այս թվաքանակին՝ վստահաբար կարելի է ասել, որ Արցախում այլընտրանքային մամուլ գրեթե չկա: Միակը, որն առանձնանում է տպագիր մամուլի շարքում, «Դեմո» հանրային երկշաբաթաթերթն է, որը, չնայած ոչ մեծ տպաքանակին, հանրապետության ամենաընթերցվող թերթերից է: Այս թերթն էլ ունի իր գործունեության խոչընդոտները, քանի որ համարվում է ընդդիմադիր թերթ, որը ֆինանսավորվում է բրիտանական “Conciliation Resources” կազմակերպության կողմից:

Ղարաբաղցիները դժգոհում են երկրում տիրող տեղեկատվական վակուումից. կա հեռուստատեսություն, մամուլ, բայց դրանք լիարժեք տեղեկատվություն չեն ապահովում: Գործում է տեղական մեկ հեռուստաալիք` Արցախի հանրային հեռուստատեսությունը, որը հեռարձակում է օրական 4 ժամ: Բնակիչները բողոքում են, որ Հանրային հեռուստատեսությունը ներկայացնում է միայն իշխանությունների տեսակետը: Նման իրավիճակ է նաև տպագիր մամուլում: Տպագիր լրատվամիջոցների մեծ մասը պատկանում է կուսակցություններին, որոնք, այսպես թե այնպես, համագործակցում են իշխանությունների հետ և նորից կախման մեջ ընկնում:

Միանշանակ խնդիրների մասին խոսելու բարդույթներ կան Արցախում: Պետության կողմից տարվող քարոզչությանը հակադրվողներին համարում են «հակառակորդի ջրաղացին ջուր լցնողներ»: Մինչդեռ լռելը երկրին կանգնեցրել է կոռուպցիայի, ամենաթողության առջև, որի ապացույցն ապրիլյան պատերազմի օրերին բանակի, հասարակության առջև ծառացած խոչընդոտներն ու խնդիրներն էին: Խառնվել են դերերը. իշխանություններին վերահսկելու ՀԿ-ների, մամուլի գործառույթը վերածվել է հակառակ երևույթի, երբ վերջիններս են վերահսկվում:

Տարբեր ոլորտներում լիարժեք վերահսկողության համար կարևոր է ուժեղ ընդդիմության գործոնը: Իհարկե, 2015թ. մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները տարբերվեցին մյուսներից: Ի հավելումն ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցության, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած ՀՅԴ-ի, ընդդիմադիր գործիչ Վիտալի Բալասանյանի «Շարժում–88»-ի` ընտրություններին առաջին անգամ մասնակցեց նաև ընդդիմադիր Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Այժմ ԼՂՀ խորհրդարանում փաստացի կան և՛ ընդդիմության, և՛ իշխանության ներկայացուցիչներ, սակայն ընդդիմության կրկին թույլ ներկայացվածությամբ: Իսկ ընդդիմության ոչ մեծ ներկայացվածությունը լուրջ խոչընդոտ է ԼՂ ժողովրդավարացման համար: Վերջերս ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի առևանգումն ու ծեծը ցույց են տալիս, որ, երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում են հակադրվել իշխանություններին, ապա խստագույնս պատժվում են:

Խանումյանի նկատմամբ իրականացված ոտնձգություններով իշխանությունները, գուցեև անգիտակցաբար, առաջին հերթին վնասեցին Ղարաբաղի ժողովրդավարական իմիջին: Սա նաև քաղաքական հակառակորդի հանդեպ ուժով հաշվեհարդարի ապացույցն էր: Երբեմն ճնշումներ են գործադրվում նաև քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այս կամ այն հարցով քննադատում են իշխանություններին:

Այստեղից հետևություն՝ Ղարաբաղի մասին խոսել կամ լավ, կամ ոչինչ։ Հիմնավորումն այն է, որ կա չկարգավորված հակամարտություն, և Ղարաբաղում առկա խնդիրներից խոսելով՝ ադրբեջանցիներին ուրախացնելու կարիք չկա։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆ

Արցախում մշտապես քննարկվում է այն թեզը, որ, եթե երկիրը գնա լիարժեք ժողովրդավարացման ուղիով, ապա կկանգնի մի շարք սպառնալիքների առջև: Բայց նշենք, որ երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն ի հայտ են գալիս ինչպես երկրի սահմաններից դուրս (արտաքին սպառնալիքներ), այնպես էլ` ներսում (ներքին սպառնալիքներ):

Հայության համար արտաքին վտանգ են ԼՂ­ի կարգավիճակի չլուծված լինելը, ռազմական գործողությունների վերսկսումը: Սակայն արտաքին վտանգից զատ պետք է նախ կենտրոնանալ ներքին սպառնալիքների վրա: Երբ չունես մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք համակարգ, ընտրական գործընթացների նկատմամբ լիարժեք վերահսկողություն, երբ կա քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներգրավվածություն երկրի քաղաքական խնդիրների լուծման ոլորտում, սոցիալական անարդարություն, կյանքի որակի անհամաչափություն, ստվերային տնտեսություն և այսպես շարունակ, ապա այս ամենը պոտենցիալ սպառնալիք են երկրի համար:

Ներքին սպառնալիքների հաղթահարումը հասարակության խնդիրն է. ժողովուրդն այդ սպառնալիքներից ազատվելու իրավունք ու հնարավորություն ունի: Բնական է, որ ժողովրդավարացումը կօգնի առավել հեշտությամբ լուծելու երկրի արտաքին խնդիրները, երբ ներքին խնդիրները դառնան կառավարելի: Սակայն ժողովրդավարական երկիր ունենալը դեռևս բոլոր տեսակի արտաքին վտանգներից ձերբազատվելու երաշխիք չէ: Արտաքին վտանգներ միշտ էլ լինելու են, քանի որ դրանք միայն ժողովրդավարությամբ չեն պայմանավորված:

Երկրի անվտանգության ապահովման մյուս գործոնն մարտունակ բանակի առկայությունն է: Այն անվտանգության առանձին և յուրօրինակ համակարգ է: Բայց բանակն առանձին մարմին չէ, և առանց հասարակության աջակցության ու մասնակցության միայնակ չի կարող լուծել իր առջև դրված խնդիրներն ու ապահովել ցանկալի արդյունք: Ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, հույսը չպետք է դնել բացառապես բանակի ու ռազմական տեխնիկայի վրա: Ապրիլյան իրադարձությունների ընթացքը հենց այդպիսին էր. ՀՀ և ԼՂՀ իշխանությունները համատեղ բարձիթողի վիճակի էին մատնել ամեն ինչ, նյութական ու ֆինանսական ռեսուրսներն օգտագործել էին իրենց ձեռնտու տարբերակով՝ ամեն անգամ շահարկելով երկրի անվտանգության գործոնը: Տարիներ շարունակ ժողովուրդն էլ սնվել էր այն գաղափարով, որ, եթե Արցախը գնա լիարժեք ժողովրդավարացման ճանապարհով, ապա դա կսպառնա նրա ազգային անվտանգությանը: Նման մոտեցումը սխալ է:

Այսօր ԼՂՀ-ում իշխանությունն իր ձեռքն է վերցրել կառավարման բոլոր ռեսուրսները: Մյուս կողմից էլ ընդդիմադիր ուժերի սակավությունը թույլ չի տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն սահմանել իշխանությունների գործունեության նկատմամբ: Այս պարագայում, երբ իշխանությունն իրեն հաշվետու չի համարում սեփական քայլերի համար, աշխատում է իրեն ձեռնտու տարբերակով՝ Արցախի ժողովրդին կանգնեցնելով կոռուպցիոն և մի շարք այլ խնդիրների առջև: Հետևաբար, անքննելի փաստ է, որ կոռուպցիան, ամենաթողությունն էլ ավելի կարող են վտանգել երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին անվտանգությունը:

Արցախի, ինչու ոչ նաև Հայաստանի գործող իշխանությունների համար անվտանգության գործոնը եղել, կա և մնում է մշտական շահարկման թեմա, ներքին ժողովրդավարական զարգացումների զսպիչ գործոն: Այնպես որ այս պայմաններում հասարակությունը, ի դեմս քաղաքացիական հասարակության, պարտավոր է ուժեղ լինել, քանի որ դրանից է կախված երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությունը, կայուն զարգացման հեռանկարը:

Այս ամենից հետո, թերևս, երեք գլխավոր եզրահանգում պետք է անել:

Առաջինն այն է, որ ժողովրդավարության բացակայությունն իրապես ժողովրդի, պետության, բանակի ֆիզիկական անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է։ Երբ հանդուրժվում են կոռուպցիան, ապօրինությունները, ընտրակեղծարարությունները, տարիներ շարունակ իշխող վարչախմբի վերարտադրությունը, երկրի հարստությունների վատնումը, սփյուռքից հատկացվող ֆինանսական միջոցների փոշիացումը, սոցիալական անարդարությունը, արդյունքում վտանգվում է երկրի անվտանգությունը։

Անվտանգությանը սպառնացող մյուս գործոնն իշխանությունների հանդեպ ոչ պատշաճ վերահսկողությունն է, որը կապահովվի քաղաքացիական հասարակության, ուժեղ ընդդիմության, ազատ մամուլի միջոցով։

Երրորդը բանակի ներկայացումն է որպես անվտանգության միակ երաշխիք, ինչի տակ քողարկվում են քաղաքական և դիվանագիտական բացթողումները:

Արցախին և արցախցուն այսօր անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Այդպիսի բացառիկ հնարավորություն ստեղծվել է վերջին զարգացումներից ու բացահայտումներից հետո, որից պետք է օգտվել՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Արցախի տերը ոչ թե իշխանություններն են, այլ մեկ անգամ ազատագրման շունչ զգացած ամբողջ հասարակությունը։

Արցախն այսպես կկայանա որպես իրապես ժողովրդավարական երկիր, երբ քաղաքացիական հասարակությունը վերահսկողություն կապահովի իշխանությունների գործունեության նկատմամբ՝ ստիպելով պատասխանատու լինել յուրաքանչյուր քայլի համար:

Ելենա Զոհրաբյան
ՄԱՀՀԻ ժողովրդավարության երրորդ դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ Լրագրության ֆակուլտետի շրջանավարտ

[1] Great speeches collection, the History Place, http://www.historyplace.com/speeches/gettysburg.htm

[2] Արցախյան հիմնահարցը (1918 թվականից մինչև մեր օրերը), Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, հայոց պատմության ամբիոն, 2016թ., http://publishing.ysu.am/files/Darpinyan_Artavazd.pdf

[3] Political Science Notes, http://www.politicalsciencenotes.com/democracy/models-of-democracy-6-models/835

Տեսանյութեր

Լրահոս