Անապահով ընտանիքների երեխաները վարձավճարի մինչև 90 տոկոս զեղչման հնարավորություն ունեն

Երկու շաբաթից մեկնարկող ուսումնական տարում առաջին անգամ համալսարան ոտք կդնի 11 հազար ուսանող, նրանից 1800-ը կսովորի անվճար հիմունքներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը` ներկայացնելով նաև զեղչային համակարգը, որ գործում է ՀՀ քաղաքացի ուսանողների համար:

«Այս տարի մենք նորամուծություն արեցինք ու ընդունելության դիմում-հայտերի մեջ մտցրեցինք հատուկ տեղեկատվություն սոցիալապես անապահով ընտանիքներից դիմորդների վերաբերյալ: Դիմում-հայտերի հետ ներկայացվել է նաև այդ տեղեկատվությունը, որ առաջին կուրսի առաջին կիսամյակում արդեն տրամադրվեն զեղչերը»,-ասաց բանախոսը: Նրա տեղեկացմամբ` սոցիալապես անապահովներին տրամադրվող զեղչերը բավականին բարձր են: «Անապահովության սահմանային միավորը 30 է, դրանից բարձր միավորի դեպքում զեղչը բարձրանում է մինչև 80-90 տոկոս»,ասաց Մելիքյանը: «Փարոս» համակարգից օգտվող բոլոր ուսանողները` անկախ որ կուրսում են սովորում, պետք է մինչև սեպտեմբերի 10-ը դիմեն բուհին` ներկայացնելով անապահովության մասին տեղեկանք, ինչն էլ բուհը պետք է ուղարկի Կրթության ու գիտության նախարարություն, որտեղից էլ սահմանվում են զեղչերը:

Ինչ վերաբերում է մարտական հերթափոխ իրականացրած ու ապրիլյան դեպքերին մասնակցած զորացրված ուսանողներին, ապա նրանց դեպքում ևս զեղչային պայմաններ են գործում: «Մարտական հերթափոխ իրականացրած ուսանողներն ուսման վարձի 30 տոկոսի չափով զեղչ են ստանում: Իհարկե, առանձնահատուկ վերաբերմունք կա ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների նկատմամբ: Նրանց ու զոհվածների ընտանիքների անդամների համար կիրառվելու են ընդհուպ մինչև անվճար ուսուցման զեղչեր»,-տեղեկացրեց Սասուն Մելիքյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ այս զեղչային պայմանները գործում են պետական բուհերի դեպքում, մասնավորները զեղչեր սահմանում են իրենց որոշումով: Իսկ ՀՀ տարածքում գործող արտասահմանյան բոլոր բուհերը պարտավոր են ընդունել այն օրենքները, որ կիրառվում են ՀՀ-ում, այսինքն` այդ բուհերը ևս պետք է զեղչեր հատկացնեն սոցիալապես անապահովներին ու մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին:

Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն էլ նշեց, որ կրթության մասին օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում բուհերը պարտավորվում են ուսանողներից հավաքած միջոցների 7 տոկոսն ուղղել հենց ուսանողներին զեղչերի տեսքով: Նրա խոսքով` իրենց համալսարանը սեփական նախաձեռնությամբ լայնացրել է զեղչերից օգտվողների ցանկը: «Եթե օրենքը պահանջում է, որ մարտական հերթապահություն իրականացրածներին զեղչ տրամադրվի, մենք իրականացնում ենք զեղչ բոլոր ծառայած տղաների համար: Մեզ մոտ տղաների քանակն էլ ավելի քիչ է, բոլորին էլ տրամադրում ենք: Կամ օրենքը պահանջում է, որ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած ծնողների երեխաների նկատմամբ զեղչը գործի, մենք այն տրամադրում են պատերազմի, ռազմական գործողություններին բոլոր մասնակիցների երեխաներին»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս