««Երբ կմեռնի հիվանդը», մենք կստանանք մեր բաժին ժառանգությունն այնտեղից». Ազատ Արշակյանը՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին
«ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ բանակ ունեցող երկիրն ընդամենը քաղաքացիական կռիվների է մասնակցում, այդ պետությունը պետք է կործանվի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Թուրքիայում տեղի ունեցած զինվորականների կողմից պետական հեղաշրջում իրականացնելու փորձի և դրա տապալման մասին՝ նշեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ այն երկիրը, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները, չի կարող գոյատևել. «պետք է կործանվի»: Ա. Արշակյանը գտնում է՝ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է, որպեսզի այդ փլուզումը լինի սահուն, որպեսզի չլինի մեծ պատերազմ, արյունահեղություն:
«Սա 1960 թվականից հետո 5-րդ հեղաշրջման փորձն է, պատկերացրեք՝ յուրաքանչյուր տասը տարին մեկ Թուրքիան վեր է ածվում քաղաքացիական պատերազմի թատերաբեմի, որովհետև դա արհեսականորեն իրար կցված կրոնական, ազգային քաղաքակրթական արժեքների մի անբնական միություն է, որը պետք է կործանվի: Մեր խնդիրն է պատրաստ լինել, որպեսզի մենք ստանանք մեզ հասանելիք ժառանգությունը, այսինքն՝ մենք այնտեղ բաժին ունենք, մենք հայրենակիցներ ունենք, մենք մշակութային հուշարձաններ ունենք, վերջին հաշվով, ունեցվածք ունենք այնտեղ, դա պետք է ստանանք: «Երբ կմեռնի հիվանդը», մենք կստանանք մեր բաժին ժառանգությունն այնտեղից»,-նշեց մեր զրուցակիցը:
Ա. Արշակյանի դիտարկմամբ՝ արտաքին ուժերը, գերտերությունները բոլորը տեսնում են, որ դա «պարազիտ» պետություն է, որը լինելով «հզոր» պետություն, «քաղաքակրթության համար ոչինչ չի անում՝ բացի արկածախնդրությունից»: Ըստ նրա՝ դրա համար էլ արտաքին ուժերը լրջորեն միջամտում են այս գործընթացին:
Մեր զրուցակցի համար ակնհայտ է, որ այս գործընթացում իշխող ուժերը հենց մահմեդական ծայրահեղականներն են. «Որոնց թիկունքում կանգած է Եվրոմիությունը, որը չի ուզում իր կողքին ունենալ նման վատ կառավարվող հզոր պետություն, ԱՄՆ-ն, թեկուզ միայն այն պատճառով, որ իրենց բազաները պարբերաբար արգելափակվում են ու նրանք չեն կարողանում իրենց զինվորական բազաները իրենց հայեցողությամբ օգտագործեն:
Անգլիան ընդհանրապես հայտարարել է, որ մինչև 3000 թիվը Եվրոպան փակ է թուրքերի համար: Ռուսաստանը բոլոովին վերջերս պատերազմի մեջ էր մտնում Թուրիքիայի հետ, Ռուսաստանը նույպես դժգոհ է և շահագրգռված է, որ քաղաքական խուլիգանը վերանա»:
Մեր այն հարցին՝ եթե այդքան ուժերի շահագրգռվածություն կար, ինչո՞ւ այդ հեղափոխության փորձը հաջողության չհասավ, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Դա էլ հենց հաջողություն էր, հաջողությունը ձախողվածն է, դա պետք է տեղի չունենար, դա պետք է մխա, դա սուր է կախված թուրքի գլխին, եթե հեղափոխություն լիներ, ևս տաս տարի Թուրքիան լինելու էր անցումային վիճակում, իսկ հիմա նա մարման վիճակում է»: