Ինչի հաշվին է «ցատկելու» մշակող արդյունաբերությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ հանդիպել է լրագրողների հետ և խոսել հասարակությանն առավել հետաքրքրող տնտեսական խնդիրների մասին։ Իհարկե, հիմնական խոսակցությունը ծավալվել է մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Քննարկվել է նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տված օգուտը (կամ վնասը) և անգամ մեծ աղմուկ հանած Հայաստանի լոգոն։
Սակայն ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի խոսքերում ամենաուշագրավը մեկ այլ թեմայի էր վերաբերում, որը պատշաճ ուշադրության չարժանացավ լրահոսում։ Խոսքը վերաբերում է արդյունաբերությանն ու մշակող արդյունաբերությանը։
Պաշտոնական վիճակագրությունը տարվա առաջին կիսամյակի` հունվար-հունիսի ցուցանիշները դեռ չի հրապարակել։ Դրանք նախնական տարբերակով կհրապարակվեն մի քանի օրից, իսկ մանրամասն բացվածքով (որտեղ առանձին ներկայացված են նաև մշակող արդյունաբերությունն ու մյուս ճյուղերը)` ավելի ուշ։
Սակայն, բացի պաշտոնական տվյալներից, Էկոնոմիկայի նախարարությունը նաև ներքին մոնիտորինգ է անցկացնում։ Արծվիկ Մինասյանը երեկ որոշ տվյալներ է ներկայացրել` այդ ներքին մոնիտորինգի արդյունքներից. «Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես` արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքը կազմելու է մոտ 10 տոկոս: Հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիտորինգային ցուցանիշը 20 տոկոսի աճ է արձանագրում, մշակվող արդյունաբերությունում` 14 տոկոս աճ, և էներգետիկայում` 12 տոկոս աճ»:
Ինչն է այստեղ ուշագրավ։ Ընդհանուր արդյունաբերության և հանքարդյունաբերության մասով տարօրինակ ոչինչ չկա` մոնիտորինգի տվյալները շատ չեն տարբերվում պաշտոնական վիճակագրության փաստացի ցուցանիշներից։ Արդյունաբերության աճը 2016 թվականի հունվար-մայիսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 8.8%, և լիովին իրատեսական է, որ հունվար-հունիսին աճի տեմպը արագանա և հասնի 10%-ի։ Հանքարդյունաբերության մասով նույնպես փաստացի տվյալներն ու մոնիտորինգի արդյունքները մոտ են. հունվար-մայիսին այս ոլորտում գրանցվել է 19.6% աճ, իսկ մոնիտորինգով սպասում են 20%-ի աճ։ Էներգետիկայի մասով նույնպես տարօրինակ ոչինչ չկա։
Սակայն մշակող արդյունաբերության առումով ամեն ինչ շատ խառն է։ Այսպես` Էկոնոմիկայի նախարարությունը հունվար-հունիս ժամանակահատվածում, ինչպես նշեցինք, կանխատեսում է երկնիշ` 14%-անոց աճ։ Սակայն, արի ու տես, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` հունվար-մայիսին մշակող արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 3.8%: Ստացվում է` աճի տեմպը պետք է եռապատկվի։ Ինչպե՞ս։
Սա կարող է 2 բան նշանակել։
Առաջին` մշակող արդյունաբերությունը հունիս ամսին պետք է հսկայական թռիչք ունեցած լիներ, որպեսզի կիսամյակի արդյունքներով 14% աճ ապահովի: Կարող ենք անգամ հաշվել։ 2015 թվականի առաջին կիսամյակում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 374,67 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը պետք է լինի 427 մլրդ դրամ, որպեսզի 14% աճ գրանցվի։ Դա էլ իր հերթին` նշանակում է, որ միայն հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է տված լինի ավելի քան 116 մլրդ դրամի արտադրանք (առաջին 5 ամիսներին արտադրանքի ծավալը եղել է մոտ 311 մլրդ դրամ)։
Հունիսին` 116 մլրդ դրամը մշակող արդյունաբերության համար հսկայական թիվ է։ Նախորդ տարվա հունիսին մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 75,5 մլրդ։ Ստացվում է, որ նախորդ տարվա հունիսի համեմատ պետք է ավելի քան 50%-անոց աճ գրանցված լինի։ Իսկ այդ կատաղած աճն անհնար կլիներ չնկատել։
Սակայն, քանի որ, ոչ թե կատաղած, այլ անգամ մի թեթև բարկացած աճ չենք նկատել, ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը։ Դա է` կա՛մ պաշտոնական վիճակագրությունն է մշակող արդյունաբերության թվերը սխալ ներկայացնում (իրական ծավալից շատ ավելի քիչ), կա՛մ Էկոնոմիկայի նախարարության մոնիտորինգի թվերն են սխալ։
Առաջինը շատ ավելի հավանական է։ Սակայն դա չի նշանակում, որ պաշտոնական վիճակագրությունն այս հարցում միտումնավոր խաբում է (դժվար թե ԱՎԾ-ն արհեստականորեն փոքրացնի աճի ցուցանիշը)։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։
Ազգային վիճակագրական ծառայությունը հիմնվում է ընկերությունների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա։ Ու այդ հաշվետվության տվյալները չեն տարբերվում հարկային մարմիններին ներկայացված ցուցանիշներից։ Այլ կերպ ասած, ԱՎԾ-ն հաշվարկում է միայն սպիտակ, երևացող շրջանառությունը։
Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը միայն պաշտոնական հաշվետվությունների վրա չի հիմնվել։ Կատարվել են ուսումնասիրություններ, հնարավոր է` անցկացվել են հարցումներ ընկերությունների շրջանում։ Մի խոսքով` Էկոնոմիկայի նախարարությունը փորձել է ստանալ իրականությանն ավելի մոտ պատկերը։ Բնականաբար, ստացվել է ավելի մեծ թիվ, քան պաշտոնական վիճակագրության ներկայացրածը։ Ու նախորդ տարվա փաստացի ցուցանիշի համեմատ` ստացվել է աճի բարձր տոկոս։
Միգուցե հարցնեք` իսկ ինչո՞ւ է պաշտոնական վիճակագրության և մոնիոտորինգի արդյունքների շեղումը մեծ է հենց մշակող արդյունաբերության ոլորտում։ Որովհետև հիմնական ստվերը հենց այստեղ է։ Հանքարդյունաբերության ոլորտում գործում են մոտ 2 տասնյակ ընկերություններ, որոնց վերահսկելն ավելի հեշտ է։ Այստեղ էլ չի բացառվում ստվերը, սակայն այդ ստվերը շատ դժվար կլինի վեր հանել շուկայի ուսումնասիրության կամ մոնիտորինգի միջոցով։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման դեպքում նույնպես պաշտոնական ցուցանիշներին այլընտրանք գրեթե չկա։
Իսկ մշակող արդյունաբերության դեպքում մի քիչ այլ է։ Կոշիկի միջին մեծության արտադրամասը կարող է հարկային մարմնին և ԱՎԾ-ին ցույց տալ, ենթադրենք, 100 զույգ կոշիկի արտադրություն, սակայն անանուն հարցման ժամանակ անկեղծանալ, որ արտադրում է 200 զույգ։
Ի դեպ, Արծվիկ Մինասյանն անուղղակիորեն թույլ է տվել հասկանալ ստվերի նվազագույն չափը մշակող արդյունաբերության ոլորտում։ Համբերենք 2 շաբաթ և տեսնենք, թե պաշտոնական վիճակագրությունը մշակող արդյունաբերության համար ինչ ցուցանիշ է հրապարակելու առաջին կիսամյակում (թե՛ բացարձակ ծավալի, թե՛ աճի առումով)։
Գրեթե համոզված ենք, որ աճը 14% չի լինելու, որովհետև դժվար է լինելու բացատրել, թե 3.8%-անոց համեստ աճը մեկ ամսում ինչպես վերածվեց երկնիշ աճի։ Արտադրանքի ծավալն էլ 427 մլրդ չի կազմի։ Կլինի շատ ավելի քիչ։
Այդ տարբերությունը մշակող արդյունաբերության ստվերն է լինելու։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել` ստվերի մի մասը, այն մասը, որը ջրի է դուրս եկել Էկոնոմիկայի նախարարության մոնիտորինգի արդյունքում։