Բաժիններ՝

Դիզայներ Արարատ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի լոգոյի թերությունները

Դիզյաներ Արարատ Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում մասնագիտական վերլուծության է ենթարկել օրերս հանրությանը ներկայացված՝ Հայաստանի լոգոն։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ։

* * *

2016թ-ի հուլիսի 6-ին GK Brand ընկերության CEO Վազգեն Քալաջյանը (Vasken Kalayjian) LinkedIn-ում հրապարակեց ընկերության կողմից ստեղծված Հայաստանի բրենդինգը, որն իրենից ներկայացնում է գրաֆիկական նշանով (դեռ պետք է պարզել՝ ինչի տեսքով) և Armenia – The Story is Just Beginning կարգախոսով տարբերանշան, և որոշ կրիչների վրա տարբերանշանի կիրառման օրինակներ: Այլ կերպ՝ GK Brand-ը ներկայացրեց մի բրենդի օրինակ, որը հետագայում պետք է հանդիսանա մեր երկրի վիզուալ դեմքը:

Համացանցում հայտնված Հայաստանի տարբերանշանը ընդամենը երկու օրում ստացավ բավականին լայն արձագանք: Իսկ դիզայներների (և ոչ միայն) կողմից արժանացավ բավականին կոշտ քննադատության և բացասական գնահատականի:
Եկեք փորձենք պարզել, թե արդյո՞ք Հայաստանի բրենդինգը և, մասնավորապես, տարբերանշանը այդքան վատն են, և եթե այո, ապա ինչու՞:

Կարդացեք նաև

     Մաս 1. Տեքստային

Գաղտնիք չէ, որ համացանցում կարելի է գտնել հազարավոր տառատեսակներ՝ անվճար և վճարովի, լավ կամ վատ: Գաղտնիք չէ նաև, որ դիզայներները կամ դիզայնով զբաղվող ընկերությունները բավականին հաճախ իրենց ստեղծած գործերում օգտագործում են արդեն պատրաստի տառատեսակներ: Հիմնականում դա նորմալ է: Սակայն համաձայնվեք, որ մի ամբողջ երկրի համար ստեղծվող և այդ երկիրը ներկայացնող տարբերանշանում գրված ամենակարևոր ARMENIA բառը պետք է լինի յուրահատուկ: Այն էլ, եթե դրա համար պետք էր նկարել 6 տառ (A-ն կրկնվում է) և այն էլ 2 տարվա ընթացքում: Եվ դա այն դեպքում, երբ մեր երկրում կան այնպիսի մասնագետներ, ինչպիսին է էդիկ Ղաբուզյանը: Համաձայնվեք՝ Հայաստանն արժանի է դրան:
Դե ինչ, դիմավորե՛ք՝ Andes Bold: Թողարկող ընկերություն՝ Linotype: Վաճառքի գինը՝ € 26.99 ( http://bit.do/cbvYX ):

andes-bold

Պահանջվեց ընդամենը 15 րոպե և մի քանի հասարակ գործիք, որպեսզի կարճ հետազոտության արդյունքում ջրի երես դուրս գա ARMENIA գրվածքի իրական աղբյուրը:
Ստորև ներկայացված և համադրված են գրվածքն ու օրիգինալ տառատեսակը:

armenia-text

Նույնիսկ ոչ մասնագիտական աչքով կարելի է տեսնել, որ «M», «E», «N» և «I» նիշերը 100%-ով կրկնում են տառատեսակը: Ավելացնենք մի քանի ակնհայտ դիզայներական սխալ, մի փոքր կտրելով կենտրոնական հորիզոնական շտրիխը և ձգելով աջ «ոտքը» ներքև աղավաղենք «R»-ը: Մնում է միայն ավելացնենք օտարածին A-ն, որն ուշադիր նայելու դեպքում ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր կոմպոզիցիայից և վերջնականապես մատնում «դիզայներին»:

     Մաս 2. Կարգախոս

the-story

Երևի թե ավելորդ կլինի նշել, որ կարգախոսի համար օգտագործված է բավականին անհաջող Aaux ProBold անվճար տառատեսակը (http://bit.do/cbv2a): Հարկ չկա նաև նշել հիմնական գրվածքի և կարգախոսի վատ փոխդասավորվածության, համամասնության (ratio), ակցենտավորման և անհաջող գունային ընտրության մասին: Իսկ Բոլոր Բառերի Մեծատառերով Սկսվելը Կթողնենք քերականագետի Խղճին (եթե իհարկե այդպիսին եղել է նախագծի շրջանակներում):

the-story2 the-story3

Այստեղ անհամեմատ կարևոր է իմաստային մասը: Արդյո՞ք դուք, ձեր մտերիմները, հարևանները և բարեկամները, մեր երկրի տարբեր քաղաքներում և գյուղերում ապրող մարդիկ այս կարգախոսը ընթերցելիս փշաքաղվում և տեսնում են իրենց և իրենց երկիրը: Կարգախոսը պետք է զգաս, այն պետք է հարազատ լինի, որ կարողանա ճիշտ փոխանցել օտարերկրացիներին այն ամենը, ինչ զգում է մի ամբողջ ազգ, ինչ իրենից ներկայացնում է մի ողջ երկիր: Հին երկիր: Իսկ The Story is Just Beginning կարգախոսը կհամապատասխաներ օրինակ…

 

     Մաս 3. Նշան

Եվ վերջապես նշանը՝ տարր, որը կարծես թե, անգամ միայնակ պետք է կարողանար «պատմել» Հայաստանի մասին, որին նայելիս հայերը, անկախ բնակավայրից, պետք է տեսնեին այնտեղ Հայաստանը, որին նայելիս օտարերկրացիները պետք է տեսնեին գոնե մեկ, դրական էմոցիաներ առաջացնող, հստակ և տպավորիչ պատկեր: Լավ նշանին պետք չեն շարադրություններ և բացատրություններ:

llogo

Նկարագրերի ակնհայտ ցուցադրումը միմյայն մատնում է նշանի գաղափարախոսության թուլությունը կամ նրա ի սպառ բացակայությունը: Կարծես թե տեխնիկական մասը բաց մնաց: Բայց այն քննարկելու կարիք դեռևս չկա: Գույնզգույն ծովախեցգետինը, որին նշանում տեսավ հայ օգտատերերից մեկը, Հայաստանի խորհրդանիշը չի դարձել և դժվար էլ դառնա: Իսկ արևը՝ արևն ուրիշ տեսք ունի: Հայաստանում որ հաստատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս