«Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացած մարդու». Հենրիխ Մխիթարյանի կյանքի կանոնները
Հայաստանի ազգային հավաքականի և արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը միշտ աչքի է ընկնում իր կրթվածության մակարդակով: 27 տարեկանում Հենրիխը վարժ խոսում է 6 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, կարողանում է հանգիստ շփվել իտալերենով և հասկանում է ուկրաիներեն ու իսպաներեն: Խաղընկերները միշտ նշում են, որ Մխիթարյանն ինքնաթիռում երաժշտություն լսելու փոխարեն՝ գիրք է ընթերցում: Ռուսական Sports.ru-ն, նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել շատ իմաստուն ֆուտբոլիստի, առաջարկում է ծանոթանալ Մխիթարյանի մտքերին, որոնք նա նշել է աստղային կարիերայի ընթացքում:
«Ես ինձ աստղ չեմ համարում: Ես ուղղակի Երևանի սովորական բնակիչ եմ: Աստղերը երկնքում են»: (2012 թվական, հունիս)
«Ես շատ բաց մարդ եմ: Ես կարող եմ լսել ցանկացած մարդու, եթե հասկանամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա ես պարզապես ուշադրություն չեմ դարձնի նրա ասածներին»: (2012 թվական, դեկտեմբեր)
«Ես միշտ աշխատում եմ սովորել: Դա իմ կյանքի սկզբունքն է: Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացած մարդու»: ( 2013 թվական, հուլիս)
«Ֆուտբոլը ես խաղում եմ շախմատի նման: Պետք է երկար մտածել և հասկանալ, թե ինչ կարող է լինել քո քայլից հետո: Եթե չհաշվարկես քայլերդ, ապա մրցակիցը կարող է հաղթել քեզ»: (2013 թվական, սեպտեմբեր)
««Անժիի» առաջարկն այս տարի իրոք շատ լավն էր: Ես կընդունեի այն, եթե չունենայի երազանք: Ես մանկուց երազել եմ խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, դրա համար էլ ընտրեցի «Բորուսիան»»: (2014 թվական, փետրվար)
«Ես շատ եմ սիրել Զիդանի խաղը, այն ինձ միշտ ոգեշնչել է: Բայց ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան: Ես սիրում եմ լինել անհատականություն»: (2014 թվական, ապրիլ)
«Ես խաղում եմ այնտեղ, որտեղ ասում է մարզիչը: Իսկ առհասարակ, ես երբեք չեմ մտածում, որ տեղս հիմնական կազմում ապահովված է: Հիմնական կազմում լինելու համար պետք է աշխատել և աշխատել»: (2015 թվական, օգոստոս)
«Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց ես համոզված եմ, որ կարող եմ խաղալ ավելի ու ավելի լավ»: (2015 թվական, օգոստոս)
«Ինձ համար հավաքականում մոտիվացիան միայն հաղթանակն է: Երբ Հայաստանի հավաքականը հաղթում է՝ բոլոր հայերի դեմքին ժպիտ է լինում, դրսում երաժշտություն է հնչում, մարդիկ մեր հաղթանակը տոնում են անձնական հաջողության նման: Ի՞նչ կարող է լինել դրանից լավ: Հենց այդ ժպիտներն են ինձ համար լավագույն մոտիվացիան»: (2015 թվական, սեպտեմբեր)
«Աղոթում եմ Ղարաբաղում խաղաղության հաստատման համար: Շատ անհանգստացած եմ իմ հայրենակիցների և նրանց ընտանիքների համար»: (2016 թվական, ապրիլ)
«Հավատում եմ, որ խաղալով այնպիսի ակումբում, ինչպիսին է «Մանչեսթեր Յունայթեդը», կհարգեմ հորս հիշատակը՝ շնորհակալ լինելով այն ոգեշնչման համար, որը նա ինձ տվել է փոքր տարիքում»: (2016 թվական, հուլիս)
Սիրարփի Աղաբաբյան