«ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կա պայմանավորվածություն». Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում կայացած երեք երկրների նախագահների հանդիպմանը, նշեց, որ այն Կրեմլի քաղաքական ամբիցիաները բավարարելու համար կազմակերպված մի բան էր.
«Նկատելի է, որ սանկտպետերբուրգյան հանդիպմանը ՌԴ նախագահը հաջողացրեց լեգիտիմ դարձնել իր հովանու ներքո կազմակերպվող և կազմակերպվելիք եռակողմ հանդիպումները, այս մասին հատուկ հիշատակում կա նախագահների անունից տարածված եզրափակիչ հայտարարության մեջ: Եվ, թերևս, ցավալիորեն պետք է խոստովանենք, որ վերադարձել ենք 2008թ., երբ ՌԴ-ն սկիզբ դրեց եռակողմ հանդիպումների ձևաչափին, որի ընթացքում հասունացան պուտինյան, մեդվեդևյան կամ լավրովյան, ինչպես կուզեք՝ անվանեք, պլանները՝ Արցախի խնդրի կարգավորման մասով: Այս հանդիպումները խնդրահարույց են բոլոր առումներով. ոչ միայն` նախկինում ստանձնած պարտավորությունները կատարելու առումով, այլ նաև` հենց բանակցային ձևաչափի ու դրան ԼՂՀ չմասնակցության առումով:
Հետևաբար` մենք առայժմ գործ ունենք ՄԽ ներսում չնվազող լարվածության հետ, երբ Ռուսաստանը փորձելու է իր առանձին օրակարգը սպասարկման դնել՝ եռակողմ հանդիպումների ձևաչափով, և մյուս կողմից՝ ունենք ԵԱՀԿ պրոցեսը, որն առաջին հերթին` առանցքային է համարում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»։
Ըստ Ս. Սաֆարյանի՝ երբևէ որևէ ակնկալիք չենք կարող ունենալ, որ ՌԴ նախագահի հովանու ներքո կազմակերպված հանդիպումներին ԼՂՀ կողմից մասնակից լինի, որովհետև, փորձագետի խոսքով, 2008թ. Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Ալիևի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին հռչակագիր, որտեղ շարադրվել են այդ երկու երկրների համատեղ մոտեցումները՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Առաջին՝ խնդիրը լուծել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում, երկրորդ՝ ՌԴ-ն շուտափույթ ջանքեր պետք է գործադրի հակամարտության կարգավորման առումով, երրորդ՝ ապահովվի փախստականների անվտանգ ու կամավոր վերադարձն իրենց բնակության վայրեր, սա նշանակում է՝ տարածքների վերադարձ: Եվ չորրորդը՝ խաղաղապահների տեղակայման հարցն է, որում շահագրգռվածություն ունի ՌԴ-ն, իսկ Ստեփանակերտը պաշտոնապես հայտարարել է, որ չի ցանկանում որևէ խաղաղապահ առաքելություն տեսնել ԼՂՀ տարածքում: Հետևաբար՝ ոչ միայն ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև այս գրավոր պարտավորությունները, այլ նաև՝ ՌԴ-ի շահերից չբխող հայտարարությունները՝ արված Ստեփանակերտից, բացառում են, որ Ռուսաստանի նախագահի հովանու ներքո կազմակերպված որևէ հանդիպման մենք կարողանանք հասնել ԼՂՀ իշխանությունների մասնակցությանը: Թերևս, միակ հույսը ԵԱՀԿ գործընթացն է, որովհետև համանախագահներն ակնարկել են լիարժեք բանակցային ձևաչափի հաստատման մասին»:
Քաղաքական վերլուծաբանը մի կարևոր փաստ ընդգծեց՝ Ռուսաստանն ակտիվանում է հատկապես այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են լինում, ու այնտեղ կենտրոնանում են հիմնականում ներքին խնդիրների վրա. «Ռուսաստանը կարող է դա օգտագործել, և բացառված չէ, որ թույլատրի Ադրբեջանին՝ սկսել ռազմական գործողություններ, ու իր միջամտության լավագույն պահը կստեղծվի»: