«Հարկային օրենսգիրքը հետևանք է, պատճառները գտնվում են քաղաքական դաշտում». Մանե Թանդիլյան
Մեր զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Մանե Թանդիլյանը
– Չնայած հանրային բողոքին` ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգիրքը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանությունը գնաց այդ քայլին:
– Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները «հանրային բողոք» ասելով՝ հասկանում են բացառապես դրսում ցուցարարների առկայությունը և շատ թե քիչ զիջումների են գնում հենց միայն այդ դեպքերում: Երևի թե էլ մասնագիտական կառույց չմնաց, որ փաստարկված դեմ լիներ այս օրենսգրքին, ներառյալ՝ ՓՄՁ-ները, բանկային և ՏՏ ոլորտների կազմակերպությունները, որոնց մեծապես վնասում է այս օրենսգիրքը: Իշխանությունները միշտ էլ գնալու են նման քայլերով օրենքներ ընդունելուն և այլ նմանատիպ գործողությունների, քանի դեռ իրենց հակազդող ուժ չձևավորվի, որը կզսպի իշխանությունների անհագուրդ ախորժակը՝ անելու՝ ինչ կամենում են, առանց հաշվի նստելու այլ կարծիքների, հանրության հետ:
Գործադիր իշխանությունն այնքան է նսեմացրել ԱԺ-ի դերը, որ անգամ արժանանալով սեփական կուսակից գործընկերների քննադատությանը՝ արժեզրկում է անգամ քննադատական կարծիքներն օրենքների մասին, քանի որ հենց այդ քննադատող ՀՀԿ-ականների միջոցով էլ անց են կացնում այս կարևորության օրենքները, ընդ որում՝ նման խայտառակ արտահերթ արագացված ընթացակարգով:
– Հայտարարվել է, որ բողոքի լայնածավալ ակցիաներ են սկսվելու աշնանը: Մինչ այդ ի՞նչ հույսեր կան, արդյոք հնարավո՞ր է, որ խորհրդարանում ընթացող քննարկումների արդյունքում՝ ՀՕ–ն փոփոխվի ու բերվի ընդունելի տարբերակի:
– Իրականում, ինչպես նշեցի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային դժգոհությունը հասկանալի է լինում այսօրվա իշխանություններին միայն փողոցում անցկացվող ցույցերի ու ակցիաների պարագայում, ես այլ ճանապարհ չեմ տեսնում, քան դա, եթե իշխանություններն արագ չարձագանքեն ստեղծված իրավիճակին և երկրորդ անգամ նույն սխալը թույլ տան՝ թերագնահատելով քաղաքացիական հասարակության պահանջատիրությունն ու վճռականությունը, ապա հանրային ընդվզումը կմնա միակ տարբերակն այս օրենքը ետ կանչելու և այնպես փոփոխելու, որ այն դադարի բեռ լինել հարկատուների համար և դառնա իրական խթանիչ լծակ՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, այլ ոչ թե՝ հակառակը, ինչպիսին որ այսօր կա:
Օրենսգիրքը 2-րդ ընթերցման է դրվելու սեպտեմբերին: Մինչ այդ անհրաժեշտ է մարդկանց տեղեկացնել իրենց սպասվող անակնկալների մասին, որ օրենսգիրքը մատուցելու է, քանի որ իշխանությունները նաև օգտվում են մարդկանց անտեղյակ լինելու հանգամանքից և առաջ քաշում նման վտանգավոր օրենսդրական նախաձեռնություններ:
– Այնուամենայնիվ, եթե երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը չբավարարի, ի՞նչ է սպասվում:
– Ամեն բան կախված կլինի լայն հանրության ներգրավվածության աստիճանից: Իսկ այդ աստիճանը կախված է նախ՝ տեղեկացվածությունից, ապա՝ հետևողական ակտիվությունից: Լավագույն արդյունքներն արձանագրվում են քաղաքական և քաղաքացիական գիտակցության միավորման դեպքում, երբ քաղաքական ուժերը հստակ գիտակցում և հաղորդակից են դարձնում հանրությանը տվյալ օրենսդրական նախաձեռնության վտանգների մասին, իսկ քաղաքացիական հասարակությունը կարողանում է մոբիլիզանալ և պայքարել իր իրավունքների համար՝ օգտագործելով բոլոր լծակները, այդ թվում՝ քաղաքական կուսակցություններին, ովքեր կներկայացնեն ու կպաշտպանեն իրենց շահերն իրենց հասանելի բոլոր միջոցներով:
Քանի դեռ մեր իշխանություններն իրենց ամենազոր են համարում, և չկան մեխանիզմներ ու ինստիտուտներ, որոնք կզսպեն իշխանությունների ախորժակը, սա մնում է միակ ճանապարհը՝ ստիպելու, որ իշխանությունը հրաժարվի մեր պետության և ՀՀ քաղաքացիների համար վտանգավոր և անկենսունակ նախաձեռնություններից:
Ես, որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և հիմնադիր անդամներից մեկը, ով անցել է պայքարի ուղի՝ քաղաքացիականից մինչև քաղաքական, խորապես համոզված եմ, որ նմանատիպ օրենքներն ուղղակի հետևանքներ են, իսկ պատճառները գտնվում են քաղաքական դաշտում:
Դա հենց անվերահսկելի իշխանություն ունենալու հետևանք է, որը որևէ կերպ զսպված չէ քաղաքական ինստիտուտների միջոցով և, հետևաբար, դառնում է անպատժելի և չբալանսավորված: Սրա հետևանքն առկա քաղաքական իրողությունն է, երբ ամեն գնով իշխանություն պահելու գերնպատակը դառնում է հնարավոր, որի հետևանքով երկրի երկարաժամկետ զարգացումը վտանգվում է: «Լուսավոր Հայաստանը» կոչված է զսպելու քաղաքական դաշտում առկա անպատժելիությունը և հաշվետվողականություն ու թափանցիկություն պարտադրելու քաղաքականություն իրականացնողներին: