
Կայուն ռազմարդյունաբերություն ունենալու համար պետք է եռապատկել ՏՏ աշխատուժը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի պնդմամբ՝ Հայաստանում կայուն ռազմարդյունաբերական ոլորտ ունենալու համար անհրաժեշտ է մի քանի տարում կրկնապատկել, եռապատկել ՏՏ ոլորտի մասնագետների թիվը: Այսօրվա ասուլիսում՝ խոսել ով ամենամյա «Դիջիթեք» բինզես ֆորումի այս տարվա գերակա ուղղություններից` ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության խնդրի մասին, նա նկատեց, որ համաժողովի ժամանակ փորձելու են հասկանալ` ինչ լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն կա:
«Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կառավարենք մեր ունեցած ռեսուրսները`պետական, տեխնոլոգիական, գիտական, կրթական:
Ինչ քայլեր ձեռնարկենք, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ունենանք լուրջ ռազմարդյունաբերություն, որ որևէ մեկի մտքով չանցնի մեզ վրա հարձակվել»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով` այս իմաստով կարևոր է կրթական ոլորտում ամբողջական փոփոխությունների մասին խոսելը: «Մենք կրթական ռեսուրսների շատ լուրջ դեֆիցիտ ունենք, բիզնեսն ամբողջությամբ դրանք կլանել է: Որպեսզի մենք ռազմարդյունաբերության համար ռեսուրսներ ունենանք, առնվազն մեր աշխատուժի քանակը պետք է կրկնապատկենք, եռապատկենք»,- նշեց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ մինչև 2022-2023 թվականն անհրաժեշտ է առնվազն 50 հազար աշխատող ունենալ ոլորտում:
Նրա խոսքով՝ առկա է նաև մտավոր սեփականության պաշտպանության խնդիր ռազմարդյունաբերությունում, դրսում վաճառքները կազմակերպելու հարցեր: «Ինչպես դարձենք ռազմարդյունաբերությունը պետության գերակա ճյուղ: Իսրայելի օրինակով, ինչպես ապահովենք պաշտպանված գիտահետազոտական կենտրոնների` այսպես ասած` ռազմական ինկուբատորների ստեղծումն ու գործունեությունը»,-նշեց Կարեն Վարդանյանը: