Բաժիններ՝

«Նաիրիտի» փրկության միակ, բայց առայժմ բացակայող պայմանը

Անցնող շաբաթ Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հայտարարեց, թե «Նաիրիտն» այն արտադրությունն է, որով քիչ թվով շահագրգիռ կազմակերպություններ են հետաքրքրված, և ոչ մեկի կողմից ոչ մի առաջարկություն գործարանի հետագա վերագործարկման վերաբերյալ չի ներկայացվել: Նա նաև հայտարարեց, թե այս տարի մարտին իր հրամանով ստեղծված աշխատանքային խմբի բոլոր անդամներին լիազորություն է տրվել հանդես գալ նախարարության և կոնկրետ իր անունից` բանակցություններ վարելով բոլոր հնարավոր ներդրողների հետ:

Սակայն հարց է ծագում մի՞թե կարող են անհատներն ու թեկուզև մի ամբողջ աշխատանքային խումբ լուծել այնպիսի մի խնդիր, որից տարիներ շարունակ գլուխ չի հանում նախկին ու ներկա մի ողջ կառավարություն: Ո՞ր ներդրողը կգա ու գրկաբաց կընդունի 6 տարի չաշխատող «Նաիրիտի» բեռը` իր հնացած տեխնոլոգիաներով ու կուտակած հսկայական պարտքով: Աշխարհում եզակիների շարքում գտնվող քիմիական հսկայով պետք է զբաղվեն ոչ անհատները, այլ կառավարությունը, եթե այն իսկապես հետաքրքրված է գործարանի ճակատագրով, երկրի տնտեսության զարգացմամբ ու, իհարկե, միջազգային վարկով:

Կառավարությունը պետք է փնտրի, գտնի, հանդիպի ներդրողների հետ, հրավիրի նրանց, լավ պայմաններ առաջարկի: Կառավարությունը պետք է «Նաիրիտը» հռչակի առաջնահերթություն, հատուկ օրենք ընդունի գործարանի մասին, արտոնություններ սահմանի, ազատի պարտքերից, որպեսզի ներդրողների մոտ ցանկություն առաջանա հետաքրքրվել դրանով: Կառավարությունը նաև աշխարհին պետք է ցույց տա, որ պետությունը շահագրգիռ է, որ «Նաիրիտն» աշխատի:

Իսկ կառավարության պատասխանատու պաշտոնյան այս ամբողջ բեռը դնում է մի աշխատանքային խմբի վրա:

Մինչդեռ, որքան էլ ժամանակը մաշի «Նաիրիտը», գործարանով հետաքրքրվողներ մշտապես եղել են: Անցած տարի դրա հանդեպ ուշադրություն էր դրսևորում «Ռոսկոմպոզիցիա» ձեռնարկությունը, բայց հետո հայտնվեց նաև «Ռոստեխնոլոգիան», որի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստան, հանդիպեցին կառավարության ներկայացուցիչների, էներգետիկայի այն ժամանակվա նախարար Երվանդ Զախարյանի հետ, և, քանի որ երկուսն էլ պետական ձեռնարկություններ են, «Ռոսկոմպոզիցիա» դուրս եկավ խաղից: «Ռոստեխնոլոգիայի» հետ համագործակցության մասին տեղեկությունները հակասական են: Ընկերությանն էր ներկայացվել գործարանի առաջարկությունը, որը մինչ օրս, ըստ որոշ տեղեկությունների, ռուսական այդ կազմակերպությունն ուսումնասիրում է: Սակայն, այլ աղբյուրների համաձայն էլ` նման բան չկա:

Ամեն դեպքում, պարզ է, որ քանի դեռ ՀՀ իշխանություններն իրենք չցանկանան իրական քայլեր ձեռնարկել, «Նաիրիտը» չի աշխատի: Իսկ իշխանությունները զբաղված են միայն գործարանի գույքագրմամբ` այն մասնատելու և իրացնելու նպատակով: Հուլիսի 1-ից գործարանում մնացած աշխատակիցներին ազատելու փաստը հենց դա է վկայում: Իսկ նախարար Յոլյանի հայտարարությունն էլ, թե գործարանի պահպանման աշխատանքներն իրականացնելու է ԱԻՆ-ը, հերթական թոզփչոցին է, քանի որ քիմիական գործարանի անվտանգությունը կարող են ապահովել միայն հատուկ մասնագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս