Վիեննային զուգահեռ` Ռուսաստանը կարգավորման նոր գործընթաց է սկսում

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո` մայիսի 16-ին, Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի բանակցություններից հետո ուրվագծվում է հաջորդ նախագահական հանդիպման ձևաչափը։ Ինչպես երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է տեղեկացրել, հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպում կկայանա։

«Թեև մենք այս պահին տվյալներ չունենք հանդիպման մանրամասների մասին, սակայն կարող ենք հաստատել, որ հանդիպումը կայանալու է հունիսի վերջին»,- ասել է Ջեյմս Ուորլիքը` հույս հայտնելով, որ կողմերը կշարունակեն քննարկել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մայիսին Վիեննայում։

Ուշագրավն այն է, որ այս անգամ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, ինչպես և ռուսական կողմը ձգտում էր ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո, կկայանա Ռուսաստանում, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգում, որի վերաբերյալ երեկ ՌԴ ԱԳ նախարարությունը սխալմամբ հաղորդագրություն էր տարածել` ըստ էության, բացահայտելով ռուսական դիվանագիտության նպատակները։ Ըստ չխմբագրված հաղորդագրության` Ռուսաստանը եռակողմ հանդիպում է նախապատրաստում, ինչը ենթադրում է հանդիպում Սարգսյան-Պուտին-Ալիև ձևաչափով, որի շուրջ օրերս ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը բանակցություններ է վարել ֆրանսիական ու ադրբեջանական կողմերի հետ։ Ու թեև ՌԴ ԱԳ նախարարությունը երեկ արդեն հերքեց, որ նման հանդիպում է նախապատրաստվում, եռակողմ հանդիպման մասին է խոսել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` ասելով, թե աշխատանքներ են տարվում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ այս նախապատրաստություններին զուգահեռ` կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Գերմանիա, որտեղ նա բարձր գնահատեց ռուս-ադրբեջանական հարաբերությունները և Ռուսաստանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության գոտում։ Սրան հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի, ըստ էության, առաջին ամենածավալուն հարցազրույցը, որում նա անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային համաձայնագրի կնքմանը հասնելու հնարավորությանը, որի մասին ապրիլյան պատերազմից հետո լռում էին համանախագահները` հաշվի առնելով ՀՀ նախագահի ներկայացրած երեք պայմանները բանակցությունների վերսկսման համար։ Եվ այս ամենի ֆոնին սկսվում են խոսակցություններ Ռուսաստանում եռակողմ հանդիպման մասին, որին ադրբեջանական կողմը դեմ չէ, իսկ արևմտյան համանախագահները, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի։

Ու կրկին մտահոգություններ են հնչում, որ բանակցային սեղան կարող է վերադառնալ ռուս-ադրբեջանական գործարքի արդյունքում կազմված «Լավրովի պլան», «Ռուսական ծրագիր» և այլ անվանումներ ստացած փաստաթուղթը։

Sergey Minasyan«168 Ժամի» հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն ասաց, որ առանձնահատուկ կապ չի տեսնում Իլհամ Ալիևի` Գերմանիա կատարած այցի և վերջին հայտարարությունների միջև։ Դրանք, ըստ նրա, առավելապես կապված են Վիեննայի հանդիպման արդյունքների հետ։

«Հասկանալի է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացների շարունակությունն է։ Հայաստանում չափից ավելի նյարդայնացած ու կոնսպիրոլոգիական տեսություններ կան Ռուսաստան-Ադրբեջան գործընթացների մասին։ Ես չեմ հավատում, որ ամեն բան այդքան պարզեցված է, ինչպես շատերն են պնդում։ Մյուս կողմից` պետք է պնդենք, որ չնայած հայտարարված հանդիպմանը, ՌԴ-ն խաղում էր և միշտ խաղալու է Մինսկի խմբում գլխավոր դերակատարի դերը։ ՌԴ-ն նախագահական մակարդակով հանդիպումներ կազմակերպել է, խոսքը և՛ Մեդվեդևի, և՛ Պուտինի մասին է, և կշարունակի դա անել։ Վիեննայի հանդիպման արդյունքներով նախատեսվում էր ինչպես՝ շփման գծում վստահության մեխանիզմների հաստատում, այնպես էլ` իրական բանակցային գործընթացի մեկնարկ, սակայն հարց է` արդյո՞ք այդ բանակցություններն արդյունքի կբերեն։ Խուճապի մեջ պետք չէ ընկնել և դավեր փնտրել Ռուսաստան-Ադրբեջան գործարքներում»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով, շրջանակային համաձայնագրի մասին խոսակցությունները 10 տարուց ավելի են ընթանում։ «Վերջին անգամ կողմերը դրա մասին խոսել են Կազանի փաստաթղթի շուրջ, և այն, ինչ փորձում են կողմերին ներկայացնել, դա Կազանի փաստաթղթի նոր տարբերակն է՝ ձևափոխումներով, որին հայկական կողմը տեսականորեն համաձայնել է, իսկ Ադրբեջանը` ոչ։ Այստեղ չեմ կարծում, թե մենք չափից ավելի անհանգստանալու անհրաժեշտություն ունենք։ Մյուս կողմից` կասկածում եմ, որ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ վստահության մեխանիզմները չեն ամրապնդվել, կարող ենք խոսել լուրջ առաջխաղացման մասին։ Կողմերը կարող են քննարկել, բայց այս հարցում առաջընթաց չենք կարող ունենալ»,- նման տեսակետ հայտնեց Սերգեյ Մինասյանը։

Axasi EnoqyanՔաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը Վիեննայի գործընթացին զուգահեռ` նոր գործընթաց է նախաձեռնել, և այն չի մտնում Վիեննայի տրամաբանության մեջ։ Նրա որակմամբ, Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս զուտ իր անունից։ «Տեղեկատվություն եղավ, որ եղել է խորհրդատվություն ֆրանսիական կողմի հետ, չի խոսվում ամերիկյան կողմի մասին, սա ինչ-որ տեղ Վիեննայի գործընթացին հակադիր պրոցես է։ Ռուսաստանը հանդես չի գալիս ԵԱՀԿ-ի անունից, այլ հանդես է գալիս` որպես Ռուսաստանի Դաշնություն»,- տեղի ունեցողն այսպես բնորոշեց Աղասի Ենոքյանը։ Վերջինիս կարծիքով, Հայաստանը երկու ճանապարհ ունի, որոնցից մեկն է` օգտագործել մյուս համանախագահներին, որպեսզի վերջիններս ստիպեն Ռուսաստանին հանդես գալ միասնական ծրագրերով։

«Այս ճանապարհը Ռուսաստանի հանդեպ կոշտ դիմադրությունն է, այսինքն` ռուսական ծրագրերի մերժումը։ Կարծես թե այս ճանապարհով մենք չենք կարողանում գնալ։ Համենայն դեպս, ՀՕՊ-ի շուրջ զարգացումները դա են փաստում։ Մենք կարող էինք մերժել այս ծրագրերը` հատկապես այն դեպքում, երբ մյուս համանախագահները կողմ չեն, որպեսզի Ռուսաստանը միայնակ գործի և իր ծրագրերն առաջ քաշի»,- ասաց Աղասի Ենոքյանը։

Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ-ը ցույց է տվել, որ պատրաստ է աջակցել Հայաստանին այս հարցում։ «ԱՄՆ-ը Վիեննայի հանդիպումը կազմակերպեց, որից հետո Ադրբեջանը փորձեց իրեն դուրս դնել Վիեննայի պարտավորություններից, ետ բերեց այդ ծիրի մեջ, ԱՄՆ-ը ստիպեց Ադրբեջանին քաղբանտարկյալներին բաց թողնել, այս ամենն ամերիկյան ճնշման արդյունքն էր և դա օգտագործելու հնարավորություն հայկական կողմն ունի»,- ասաց Ենոքյանը։

Տեսանյութեր

Լրահոս