Տարածաշրջանում միայն Իրանն է Հայաստանի պոտենցիալ դաշնակիցը

2016թ. ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Ադրբեջան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ԼՂՀ-ը և Հայաստանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում դաշնակիցներ չունեն: Դաշնակցությունները, անկախ իրենց ռազմավարական կամ մարտավարական բնույթից, ձևավորվում են կողմերի միջև ընդհանուր շահերի առկայությամբ, ընդհանուր նպատակի հիման վրա, քանզի ուժերի ու ջանքերի համատեղումն առավել արդյունավետ է գործում:

Այս տեսանկյունից Հայաստանի և ԼՂՀ-ի շահերը ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության հարցում, կարելի է ասել, որ ոչ միայն գրեթե չեն համընկնում տարածաշրջանի և դրանից դուրս որևէ երկրի շահերի հետ, այլ հաճախ հակասում են, և, թերևս, բացառություն է կազմում միայն Իրանը: Սակայն վերջինս էլ տարբեր, այդ թվում՝ իր համար գերակա համարվող շահերի, ինչպես և այլ խնդիրների գոյությամբ ի զորու չէ Հայաստանի հետ լիարժեք համագործակցել:

Ըստ էության, հենց Հայաստանի հետ ընդհանուր շահեր ունեցողների գրեթե բացակայությամբ էին պայմանավորված 4-օրյա պատերազմի վերաբերյալ աշխարհով մեկ հնչած, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ գնահատականները՝ կողմերի միջև հավասարության նշան դնելն ու ճշմարտության վրա աչք փակելը: Ճշմարտություն, որը մարդկության պատմության ընթացում բազմիցս ապացուցվել է:

Ահավասիկ, դրա վկայությունը 1967թ. արաբա-իսրայելյան 6-օրյա (հունիսի 5-10-ը) պատերազմն է: Շուրջ 3 միլիոնանոց Իսրայելը հաղթեց 60 միլիոն արաբներին՝ գրավելով զգալի տարածքներ, խաղաղություն պարտադրեց հակառակորդին: Իսրայելին աջակցում էր Արևմուտքը, իսկ արաբներին՝ ԽՍՀՄ-ը: Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմի ընթացքում ողջ արաբական աշխարհը, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն աջակցում էին Իրաքին, իսկ Իրանը հեղափոխությունից հետո դեռ ոտքի չէր կանգնել. բանակը կազմալուծված էր: Այսուհանդերձ, քաղաքական կամքն ու տվյալ ժամանակահատվածում հեղափոխական բարձր ոգին կարողացան առավելագույնս խաղաղություն պարտադրել: Նման օրինակ է նաև վիետնամական պատերազմը:

Կարդացեք նաև

Այլ կերպ ասած, հաշվի առնելով այս դառը ճշմարտությունը՝ մենք պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք, քանզի փրկության միակ ելքը քաղաքական կամքն ու բարձր ոգին են, ինչին զուգահեռ շատ կարևոր է նաև ճկուն դիվանագիտությունը, որով փոփոխվող աշխարհում հօգուտ Հայաստանի կարելի է օգտագործել ստեղծվող նպաստավոր պահերը:

Ինչպես նշվեց, տարածաշրջանում և հարևան երկրների շարքում, բացառությամբ Իրանի, Հայաստանի և ԼՂՀ-ի հետ ընդհանուր շահեր ունեցող որևէ երկիր չկա: Բնականաբար, ԼՂՀ-Ադրբեջան հակամարտություններում յուրաքանչյուրի դիրքորոշումն ու գործելակերպը բխում են սեփական շահերից:

Թուրքիան ոչ միայն արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան, ԼՂՀ-ի հետ շփման գծում հրադադարի խախտումը, բնակավայրերի թիրախավորումը, այլև խրախուսում է՝ սպառնալով Հայաստանին: Հաշվի առնելով, որ Ադրբեջան պետությունը 1918թ. ստեղծվել է Օսմանյան Թուրքիայի ջանքերով, համաթյուրքական հեռահար նպատակներն իրականացնելու նպատակով, որը ներառում է նաև Հայաստանի ու հայի ոչնչացումը, ապա լիովին պատճառաբանված է Անկարայի հայրական հովանավորումն ու Ադրբեջանին բազմակողմանի աջակցության տրամադրումը: Բաքուն ու Անկարան սերտ համագործակցում են նաև ռազմական և անվտանգության ոլորտներում: Ադրբեջանի բանակում թուրք ռազմական խորհրդականներ, այդ թվում՝ զորացրված բազմաթիվ գեներալներ են ծառայում: Անկարա-Բաքու փոխհարաբերությունները գրեթե հավասարազոր են Երևան-Ստեփանակերտ փոխառնչություններին:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ միայն հարձակողական արդիական զենքեր է վաճառում Ադրբեջանին, որոնք միայն այդ երկիրն է տնօրինում, այլև հակամարտ կողմերի միջև հավասարության նշան դնելով՝ Ադրբեջանին ևս իր ռազմավարական գործընկերն է համարում, ինչը բխում է իր շահերից և Հարավային Կովկասում վերջինիս նպատակներից: Ավելին, վերջին շրջանում ռուս-թուրքական փոխհարաբերությունների սրացման խորապատկերին, թվում է, թե Ադրբեջանին սիրաշահելու, իրենց կողմը գրավելու նպատակով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լուրջ մրցավազք է տեղի ունենում, որի հաղթողը Թուրքիան ու համաթյուրքականությունն են լինելու, եթե նույնիսկ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին:

Ավելին, երբ ռազմավարական շահերը համընկնում են, հնարավոր է նաև հրաժարվել բիզնես շահերից: Ահավասիկ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ 2016թ. հունիսի 3-5-ը Մոսկվա կատարած այցի ընթացքում կողմերի միջև բանակցությունների արդյունքում Մոսկվան համաձայնել է արգելել Միջին Արևելքի երկրներին «Իսկենդեր» բալիստիկ հրթիռների վաճառքը, ինչն Իսրայելի բյուջեն կծանրաբեռներ միլիարդներով:

Հայաստանի 4-րդ հարևան Վրաստանը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ թեև արտաքուստ չեզոք դիրքորոշում է որդեգրել, սակայն ակնհայտորեն առավել սերտ փոխհարաբերություններ և բարեկամական կապեր ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, հետևաբար ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությունների հարցում մեծամասամբ հակված է դեպի Ադրբեջանը:

Խոսելով ընդհանուր շահերից՝ նշենք, որ Հայաստանը ոչ միայն Իրանի համար դեպի Եվրոպա տանող այլընտրանքային, թերևս առավել վստահելի տարանցիկ ճանապարհ կարող է լինել, այլև իր աշխարհագրական դիրքով մեծ նշանակություն ունի Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից: Այն պատնեշում է Ադրբեջանի ու Թուրքիայի համաթյուրքական ու համաթուրանական նկրտումների իրականացումը, որոնց գլխավոր թիրախներից է Իրանի տարածքային ամբողջականությունը: Բացի այդ երկու երկրների միջև ոչ միայն որևէ տարաձայնություն չկա, այլև Հայաստանի սահմանակից երկրներից Իրանը միակն է, ում ազգային անվտանգության շահերը համընկնում են Հայաստանի շահերին: Հաշվի առնելով վերոհիշյալ կարևոր հանգամանքները՝ ակնկալվում էր, որ հայ-իրանական փոխհարաբերությունները սերտ բարեկամական, ռազմավարական բնույթ կկրեին: Սակայն բարեկամական լինելով հանդերձ՝ առկա ներուժի համեմատությանբ դրանք հեռու են բավարար լինելուց:

Իրանը սահմանակից է թե՛ Հայաստանին, թե՛ ԼՂՀ-ին, թե՛ Ադրբեջանին ու Նախիջևանի ինքնավար մարզին, ինչպես նաև՝ Թուրքիային, այլ կերպ ասած, ԼՂՀ խնդրի հետ անմիջականորեն առնչվող բոլոր կողմերին: Ուստի սոսկ հենց այս հանգամանքով պայմանավորված՝ ակնհայտ է, որ Իրանն առավելապես շահագրգիռ է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմամբ և հրադադարով: Բացի այդ Իրանի շահերից է բխում նաև ԼՂՀ-Իրան սահմանագծի պահպանումն ու նույնիսկ՝ ընդլայնումը: Մինչդեռ հարցի խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ լինելով հանդերձ, Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը գլխավորապես ադրբեջանանպաստ է. Իրանը պահանջում է վերադարձնել «գրավյալ տարածքները»՝ խիստ կարևորելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արտաքուստ թվում է, թե Թեհրանն իր շահերին հակասող դիրքորոշում է արտահայտում, սակայն ենթադրելի է, որ դա արվում է հանուն առավել խոշոր շահերի կամ ներկա դրությամբ՝ որպես չարյաց փոքրագույն:

Թեհրան-Բաքու առնվազն ոչ բարեկամական փոխհարաբերությունների վերաբերյալ կարելի է ներկայացնել տասնյակ խոսուն փաստեր, այդ թվում՝ ՎիքիԼիքսի (WikiLeaks) բացահայտումները: Այնուամենայնիվ, փոխանվստահության առկայությամբ հանդերձ՝ կողմերը ջանք չեն խնայում դրանք բարեկամական, եղբայրական ներկայացնելու ուղղությամբ: Իսկ ի՞նչն է Իրանին հետ պահում Հայաստանի հետ ռազմավարական գործընկեր դառնալուց: Խոսքն առաջին հերթին Իրանում կրոնապետական վարչակարգի առկայության մասին է, որի շրջանակներում Թեհրանը ձգտում է իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել և հովանավորել իսլամական երկրներին ու պաշտպանել նրանց շահերը. այս համատեքստում, առաջին հերթին, իսլամի շիա ուղղության հետևորդների շահերը, իսկ Ադրբեջանի բնակչության շուրջ 80 տոկոսը շիաներ են: Այս կարևոր հանգամանքն ամրագրված է Իրանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, ինչը հաճախ շահարկվում է թե´ Ադրբեջանի և թե´ իսլամական տարբեր երկրների կողմից:

ԼՂՀ-Ադրբեջան 90-ականների պատերազմի ընթացքում Ադրբեջանը և իսլամական որոշ երկրներ Իրանից պահանջում էին հօգուտ Ադրբեջանի ճնշում գործադրել Հայաստանի վրա: Բացի այդ իրանցի ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության շուրջ 1/3-ը, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի համաթյուրքական քարոզչության հուժկու ալիքի գլխավոր թիրախն են, ինչն անհետևանք չի անցնում: Իրանը չի կարող նաև անտեսել իր հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքները Հայաստանին ցուցաբերած հաճախ մտացածին օգնության համար: Ուստի Թեհրանն իր հայաստանյան քաղաքականության հարցում հաշվի է առնում նաև վերոհիշյալ գործոնները: Արդյունքում, Իրանը հաճախ հարկադրվում է հանուն իր գերակա շահերի զոհաբերել Հայաստանի հետ ունեցած ընդհանուր շահերը, այդ թվում՝ կրոնի գործոնի շնորհիվ Ադրբեջանում մեծացնել իր ազդեցությունը ՝ այսպիսով չեզոքացնելով համաթյուրքական նկրտումները:

Հետևաբար, հիշյալ և բազում այլ շահեր ու հանգամանքներ պատնեշում են Հայաստան-Իրան դաշնակցութունն ու լիարժեք համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ռուսական սերտ փոխհարաբերությունները, որոնք խանգարում են Հայաստանի արտաքին փոխհարաբերություններում անկախ քաղաքականություն որդեգրելուն: Ավելին, Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանիի կարծիքով՝ Մոսկվան միշտ էլ ձգտել ու ձգտում է Իրանին հեռու պահել ղարաբաղյան հիմնահարցից՝ նշելով, որ 1992թ. թեհրանյան հրադադարի բանակցությունները տապալվեցին Ռուսաստանի մեղքով, քանի որ վերջինս դրանում դերակատար չէր:

Թեև Հայաստանի հետ ռազմավարական շահեր ունեցող Իրանը, բազմաթիվ լուրջ հանգամանքներով պայմանավորված, չի կարող լիարժեք համագործակցել, սակայն շահագրգիռ լինելով Հայաստանի և ԼՂՀ-ի հզորացմամբ ու կայունությամբ՝ չի անտեսում նաև վերջիններիս շահերը՝ ձգտելով աջակցել այնքան, որքան թույլ կտան պայմաններն ու հանգամանքները: Հայաստանն էլ իր հերթին Իրանի հետ կապերը սերտացնելու նպատակով պետք է արդյունավետ օգտագործի պատեհ առիթները, քանզի վերջինիս շահերի դեմ առնվազն լուրջ քայլեր չի կատարելու: Բացի այդ Թեհրանի պաշտոնական ադրբեջանամետությունը կարելի է բացատրել նաև Թեհրան-Բաքու հաճոյախոսության դիվանագիտական համատեքստում: Եվ, ի վերջո, չպետք է բացառել նաև, որ տարածաշրջանային զարգացումները կարող են առավել լայն համագործակցության պայմաններ ստեղծել:

Հետևաբար, Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները պետք է լուծեն սեփական ուժերով՝ հաշվի առնելով, որ ռազմավարական առումով տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, նաև՝ ողջ աշխարհում չունեն գործընկեր: Միաժամանակ, մշտապես փոփոխվող աշխարհում ստեղծվում են նպաստավոր իրավիճակներ, որոնք պետք է օգտագործել խելամիտ դիվանագիտությամբ:

Հետազոտության ամբողջական տեքստը հասանելի կլինի շուտով` www.aiisa.am կայքում:

Emma-begijanianԷմմա Բեգիջանյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
«
Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր  (NED)

 

Տեսանյութեր

Լրահոս