«Եթե քննարկումների արդյունքով կոնսենսուս չի կայանում, ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել». Լևոն Զուրաբյան
«Իրենց հետաքրքրում էր Սահմանադրության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը, զարգացումները, մասնավորապես` ԸՕ շուրջ ձևավորվող քաղաքական գործընթացը: Բնականաբար, ես ներկայացրի մեր տեսակետները, գնահատականներ տվեցի սահմանադրական հանրաքվեին` որպես կեղծված հանրաքվեի: Հանրաքվեն ինքը, լինելով կեղծված, մի լավ արդյունք տվեց` մեր հանրության և միջազգային հանրության համար բացահայտեց ոչ միայն ընտրակեղծարարության իրողությունը, այլ նաև կեղծիքների ծավալը, և պարզ դարձավ, որ մոտ 500-600 հազար ձայն կեղծվում են Հայաստանում, ինչը նշականում է, որ ընտրությունները Հայաստանում ոչ մի նշանակություն չունեն, իշխանությունը ոչ միայն կարող է նման կեղծիքներով ապահովել իր հաղթանակը, այլ նաև կարող է նշանակել, թե ով է լինելու ընդդիմությունը` համապատասխան տոկոսներ տալով ընդդիմադիր ուժերին»,- այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ եվրոպացիներին բացատրել է, որ այս ամենը խարխլել է որևէ հավատ Հայաստանում ընտրությունների և ընտրական գործընթացների նկատմամբ, և այսօր ամենակարևոր խնդիրը հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին հավատը դեպի ազատ և արդար ընտրություններ վերադարձնելն է, իսկ դրա համար ամենակարևոր առանցքային խնդիրը ԸՕ շուրջ կոնսենսուսի ձևավորումն է: Լ.Զուրաբյանն առաջարկել է համազեկուցողներին, որ իրենք ուղղակի կենտրոնանան այդ գործի վրա:
Անդրադառնալով ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, որ կոնսենսուսի հնարավորություն կա, Լ.Զուրաբյանն ուրախություն հայտնեց, որ իշխող կոալիցիայի մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են կոնսեսուսի մասին: Սակայն Լ.Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել Ռուստամյանի հայտարարությունը, որ «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքում պետք է հայտարարություն ընդունվի կոնսենսուսի վերաբերյալ, մինչև իր հետ չճշտի:
«Եթե քննարկումների արդյունքով կոնսենսուս չի կայանում, ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել: Եթե կողմերից մեկը չի մասնակցում, ուրեմն կոնսենսուս չկա»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:
Նա հավաստեց, թե ինքն առաջինն է, որ անընդհատ խոսում է կոնսենսուսի հնարավորության մասին, և եթե դրա հեռանկար չլիներ, այդքան էներգիա չէր ծախսի: Բայց, ըստ նրա, սա երաշխիք չէ, որ կոնսենսուսը կիրագործվի: Լ.Զուրաբյանի խոսքով` բարդ գործերի պրոբլեմը հենց դա է, որ կարող է տապալվել, բայց հասկանալով պատասխանատվությունը, պետք է տանել առաջ. «Դժվարությունները շատ-շատ են: Ամեն մի զիջումը իրենց համար նշանակում է 50 հազար քիչ կեղծված ձայն, բայց փորձում ենք: Քիչ ժամանակ է մնացել, պետք է մեր ջանքերը եռապակենք»: