«ԼՂ-ում ռուսական ծրագրերին դիմակայելու հետ կապված հիմնական դժվարությունները դեռ առջևում են»

Հարցազրույց պ.գ.թ., Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ՆԱՏՕ-ի ռազմավարության հարցերով փորձագետ, Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանի հետ

– Պարոն Աբրահամյան, Ղարաբաղյան գոտում ապրիլյան քառօրյա բռնկումից հետո լուրջ գործընթացներ են տեղի ունենում ԼՂ հակամարտության շուրջ. ինչպես միշտ, ՌԴ-ն ակտիվ քայլեր նախաձեռնեց հրադադարի հաստատման համար, խոսվում էր նաև ՌԴ նախագահի կողմից նախագահական մակարդակով հանդիպման նախապատրաստությունների մասին, թեև այդ նախաձեռնությունը հայկական կողմի ջանքերով տապալվեց, քանի որ ՀՀ նախագահը նշեց, որ խելամիտ չի համարում բանակցությունների վերսկսումը։ Այսօր, թեև ամերիկյան կողմը` ի դեմս Ջոն Քերիի, ԼՂ հակամարտության կողմերի և ՌԴ-ի հետ շփումները պահպանում է, կարծես վերահսկողության տակ պահելով ռուսական կողմին, տպավորություն կա, որ Արևմուտքի լծակները չեն բավարարում հավասարակշռելու հակամարտության գոտում ՌԴ-ի ազդեցությունը, որը, ըստ մի շարք միջազգայնագետների, ապակառուցողական է, քանի որ զենք է վաճառում հակամարտող կողմերին, դեմ է ստատուս-քվոյի փոփոխությանը, ինչպես նաև` ունի սեփական ծրագրերը Հարավային Կովկասում, որոնք փորձում է իրականացնել կարգավորման «Ռուսական ծրագրի» կամ «Լավրովի պլանի» միջոցով։ Ձեր կարծիքով` ի՞նչ է կատարվում կարգավորման գործընթացի շուրջ` հատկապես ԱՄՆ-ՌԴ շահերի բախման տեսանկյունից։

– Նախ` հստակեցնեմ, որ ձևակերպումը, թե ՌԴ-ն դեմ է ստատուս-քվոյի փոփոխությանը` այդքան էլ ճիշտ չէ։ ՌԴ-ն կողմ է ստատուս-քվոյի փոփոխությանը և կողմ է, որ այն փոփոխվի` իր շահերի օգտին ու իր հովանու ներքո, հենց դրա համար էլ ի հայտ է եկել կարգավորման, այսպես կոչված, «Ռուսական ծրագիրը» կամ «Լավրովի պլանը», որն արդեն իսկ ենթադրում է ստատուս-քվոյի վերացում։ Ավելին, նույն ԵԱՀԿ-ի` 1992թ. ընդունված հակամարտող կողմերին զենք չմատակարարելու որոշման իմաստը հենց ուժերի հարաբերակցությունն ապահովելն էր։ Այս էմբարգոյի պահպանումը համենայնդեպս կդժվարացներ ձևավորված ստատուս-քվոյի` առնվազն ռազմական ճանապարհով խախտումը, բայց այն տեղի չունեցավ։ ՌԴ-ն, որը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարիներ շարունակ խախտել է այդ էմբարգոն` անվանելով այն «բիզնես», ինչը տարօրինակ կերպով կրկնում էին և, փաստորեն, որոշ առումներով ժամանակին արդարացնում էին ՀՀ իշխանական ներկայացուցիչները։ Այլ կերպ ասած, Մոսկվայի քայլերի ողջ տրամաբանությունը` թե ապրիլյան դեպքերից առաջ և թե անմիջապես հետո, նպատակ է ունեցել և ունի` խախտել Ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն իր իսկ շահերի օգտին` ի վնաս Արևմուտքի շահերի։ Այսինքն` ստեղծելով Արևմուտքի ազդեցության պոտենցիալ ամրացման համար խոչընդոտներ։ Մի կողմ դնելով տարբեր վարկածները, թե ով է հրահրել Ադրբեջանին` այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կտրուկ փոխել անվտանգության միջավայրը ԼՂ հակամարտության շուրջ, ակնհայտ է, այնուամենայնիվ, որ ՌԴ-ն այստեղ հիմնական քաղաքական դիվիդենտներ ստացող երկիրը պիտի լիներ։ Հաշվի առնելով Արևմուտքի հետ հակամարտության սրացումը, Մոսկվայի ակտիվ դիվանագիտական ներգրավվածությունն ապրիլյան քառօրյա պատերազմի դադարեցման գործում և իրար հաջորդող նախաձեռնությունները տեղավորվում են Արևմուտքի հետ հակամարտության տրամաբանության կոնտեքստի մեջ։

– Ձեր կարծիքով` ի՞նչ դեր ունի ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասում Արևմուտք-Ռուսաստան մրցակցության համատեքստում։

– Ամբողջությամբ պատկերացում կազմելու համար, կարծում եմ, ճիշտ կլինի հասկանալ Արևմուտք-ՌԴ հակամարտության սրման միտումներն ու դինամիկան։ Հարցը կայանում է նրանում, որ ՌԴ-ն, համենայնդեպս, 2014-ից Ղրիմի բռնակցումից սկսած` բացահայտորեն որդեգրել է մի քաղաքականություն, որը Արևմուտքում որակվում է` որպես «ռևիզիոնիստական» ու ապակառուցողական` նպատակ ունենալով վերանայել այն կարգը, որն առկա էր սառը պատերազմից ի վեր։ Վլադիմիր Պուտինի այս մարտահրավերը հանգեցրեց Արևմուտքի հակազդեցությանը, որը դրսևորվեց ՆԱՏՕ-ի զսպման քաղաքականության որդեգրմամբ ու ԱՄՆ-ի կողմից համաշխարհային թատերաբեմում ՌԴ-ին մեկուսացնելու ռազմավարությամբ։ Չնայած Վաշինգտոնի համար «անփոխարինելի» գործընկեր դառնալու` ՌԴ-ի ջանքերին, այդ թվում` սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը չվերանայեց իր քաղաքականությունը ՌԴ-ի հանդեպ։

Ընդհակառակը` վերջին ամիսներին փոխվեց ամերիկյան զորքերի դաշնակցային հրամանատարը Եվրոպայում, ԱՄՆ-ը, որդեգրելով Եվրոպայի Անվտանգության Ապահովման ծրագիրը, ակտիվորեն ստեղծում է ռազմական ենթակառուցվածքներ` ՌԴ-ի նկատմամբ զսպման ռազմավարությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությունն էլ ավելի ապահով դարձնելու նպատակով։

Ավելին, վերջին շրջանում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ռազմանավերի, սուզանավերի ու կործանիչների վերաբերյալ պատահարների ռիսկերի հաճախականությունը, նոր զորքերի երկուստեք տեղակայումը հուշում է այն մասին, որ ռուս-արևմտյան հակամարտությունը թևակոխում է ավելի սպառնացող ու անկանխատեսելի փուլ։ Այս համատեքստում` ՆԱՏՕ-ի համար Բալթիկ և Սև ծովերի օպերատիվ տարածքի անվտանգության բարձրացումը ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման միջոցով ձեռք է բերում կարևորագույն նշանակություն։ Իսկ սա նշանակում է, որ Հարավային Կովկասը` որպես Մեծ Սևծովյան տարածաշրջանի արևելյան հատված, ստրատեգիական էլ ավելի կարևոր նշանակություն է ունենալու երկու մրցակցող կողմերի համար` դարձնելով այն գլոբալ հակամարտության թատերաբեմ։

ՆԱՏՕ-ՌԴ Խորհրդի նիստը (խորհուրդն աշխատում էր 2014 թվականից ի վեր), կայացավ սույն թվականի ապրիլի 20-ին, ոչ միայն արդյունք չտվեց, այլև հստակ ցույց տվեց, որ աշխարհընկալունակության ու անվտանգության առումով Եվրաատլանտյան հանրությունն ու ՌԴ-ն անդառնալիորեն հեռացել են միմյանցից։ Եվրաատլանտյան քաղաքական ու վերլուծական շրջանակներում առավել ակտուալ են դարձել քննարկումները նոր դաշնակցային կառույցների ստեղծման մասին, որոնց մեջ կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ և ՆԱՏՕ-ի գործընկեր երկրները` ՌԴ-ին զսպելու ու հակազդելու նպատակով։ Այդպիսին են, օրինակ, Բալթյան Նորդական պաշտպանության համագործակցությունը, (NDC), որն ընդգրկում է ՆԱՏՕ-ի Սկանդինավյան և Բալթյան անդամ երկրներին և գործընկերներին և դեռևս քննարկվող, այսպես կոչված, «Ինտերմարիում» ծրագիրը, որտեղ հավանաբար կներգրավվեն Սևծովյան դաշնակիցներն ու գործընկերները։ Նմանատիպ ծրագրերը փորձագիտական շրջանակներում ընդունված է անվանել ՆԱՏՕ-2 կամ «Ալյանս` ալյանսի մեջ» նախագծեր, որոնց կյանքի կոչումն ավելի ակտիվացավ ուկրաինական դեպքերից հետո։

Ներկայումս Վրաստանն է՛լ ավելի է ընդգրկվում արևմտյան անվտանգության ուղեծրի մեջ։ Սև ծովում ռազմածովային ուժեր ունենալու, Վրաստանի և Ուկրաինայի ռազմածովային հնարավորությունները մեծացելու հետ մեկտեղ` Վրաստանում և Մոլդավայում։ Դաշինքը դեռևս մոտ երեք տարի առաջ հավանություն էր տվել վրացական ստորաբաժանումների ներգրավմանը ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի (NRF) մեջ։ Բացի այդ, մայիսի կեսերին իրականացվելու է արդեն ավանդական դարձած ամենամյա ՆԱՏՕ-Վրաստան ռազմական զորավարժություններն «Ազնիվ գործընկեր-2016» խորագրով, որն արվում է ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի ծրագրի շրջանակներում։ Ավելին, դաշինքում քննարկվում է ամերիկյան զորքերի և զինտեխնիկայի Վրաստանում մշտական տեղակայման իրավական հնարավորությունները։ Նմանատիպ զորավարժություններ ՆԱՏՕ-ն անց է կացնում նաև Մոլդավայում։ Այս ամեն ինչը չի կարող չանհանգստացնել Մոսկվային։

Պետք չէ մոռանալ, որ ապրիլյան պատերազմն իր հետ տարածաշրջան բերեց նոր որակի լարվածություն և սպառնալիքներ, այդ թվում` ՌԴ-ի առավել ակտիվ ներգրավվածություն, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի` Վարշավայում սպասվելիք վեհաժողովից անմիջապես առաջ։ Սա հիմք է, որպեսզի Արևմուտքն էլ ավելի ներգրավի Վրաստանին իր անվտանգության ուղեծրի մեջ` հիմքեր փնտրելով ամերիկյան ռազմական ներկայություն ապահովել այնտեղ։ Թերևս` քիչ հավանական է, որ Վրաստանն առաջիկա ՆԱՏՕ-ի Վարշավյան վեհաժողովի ժամանակ կստանա դաշինքին անդամակցելու ուղեգիր, սակայն այն, որ ՆԱՏՕ-ն ավելի ծավալուն կդարձնի Վրաստանի համար դեռևս 2014թ. հաստատված Առարկայական Փաթեթը (Substantial Package), կասկածից վեր է։ Սրանից ելնելով, Մոսկվան կանի առավելագույնը, որպեսզի հեռացնի ԱՄՆ-ին Մինսկի խմբում և հատկապես` դրանից դուրս արցախյան հակամարտության վրա ազդեցություն ունենալու հնարավորություններից։

Հատկանշական է այստեղ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ քաղաքական պլատֆորմն է, որտեղ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, գուցե` արդեն ֆորմալ, բայց դեռևս համարվում են գործընկերներ։ Չնայած դրան, Արևմուտք-ՌԴ հակամարտության սրման միտումն արդեն իսկ իրեն զգացնել է տալիս Մինսկի խմբի գործունեության շրջանակներում։ Այլ կերպ ասած, արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող միակ միջնորդ ինստիտուտը` հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի, ներքաշվում է ՌԴ-ԱՄՆ հակամարտության մեջ։

Դիցուք` ապրիլյան դեպքերից առաջ հակամարտող ուժերի շփման գծում վերահսկողական մեխանիզմներ, զինադադարի խախտման համակարգեր տեղադրելու ԱՄՆ համանախագահության առաջարկը փաստորեն մերժվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից։ Ավելին, ապրիլյան դեպքերը և ՌԴ-ի` Մինսկի խմբից անջատ միջնորդությունը հնարավորություն ստեղծեց վերակենդանացնել խաղաղապահների տեղակայման հարցը, որն անհնարին դարձրեց ամերիկյան այս ծրագրի իրագործումը։ Մոսկվայի համար հավանաբար խնդիրն այն չէ, որ նման մեխանիզմներ չտեղադրվեն, խնդիրն այն է, որ ամերիկյան կողմն ազդեցություն չունենա արցախյան հակամարտության վրա։ Դա հնարավոր է անել միայն ուղղակի վերահսկելով լարվածությունը և դառնալով «անփոխարինելի» խաղացող թե՛ հակամարտող կողմերի, թե՛ Մինսկի խմբի համար, որը կընդունի Մոսկվայի խաղի կանոնները և վերադաս դիրքը։

Մյուս հնարավոր տարբերակն ԱՄՆ-ի առանց այն էլ թուլացած ազդեցությունը գործընթացից դուրս մղելու նպատակով խաղաղապահների տեղակայման միջոցով կարող է տեղի ունենալ, որը, ինչպես նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում, հնարավոր է, եթե հակամարտող երկրներից որևէ մեկը դիմի ՌԴ-ին նման խնդրանքով։ Հավանական է, որ այս սցենարը դեռ առկա է Մոսկվայում, ուստի դեռ շուտ է ասել, որ հայկական կողմը չեղարկել է «Լավրովի պլանը»։ Կարծում եմ` ռուսական ծրագրերին դիմակայելու հետ կապված հիմնական դժվարությունները դեռ առջևում են։

– Ըստ Ձեզ` ԱՄՆ-ը ինչպե՞ս կարող է վերականգնել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը և չեզոքացնել ռուսական ծրագրերը, որոնց վտանգը չեզոքացված չէ։ Ինչպես Ձեր խոսքում նշել էիք, լայնածավալ ռազմական գործողությունների այս փուլին նախորդել էր ԼՂ հակամարտության գոտում ԱՄՆ ակտիվ միջնորդական ջանքերի շրջանը, որի ընթացքում ԱՄՆ-ը կողմերին առաջարկում էր ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, և Երևանում Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղարը նույնիսկ նշել էր, որ Ֆրանսիան պատրաստ է տեղադրել սարքեր շփման գծում, այնինչ Երևանում Լավրովը հայտարարեց, որ անժամկետ են 1994-1995թթ. հրադադարի պայմանագրերը, և հատկապես` 1995թ. պայմանագիրը, որը նախատեսում է վերահսկողական միջոցառումներ` հանձնարարելով Գերմանիային հետևողականություն ցուցաբերել այս հարցում, որպեսզի կողմերը կատարեն ՌԴ-ի առաջարկները։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։

– Ռուսաստանի` Գերմանիային ներգրավելու ծրագիրը պատահական չէ, ավելին` սա լավ մտածված է Մոսկվայի կողմից։ Գերմանիան այս տարի ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, ուստի ռուսական կողմի համար ընդունելի տարբերակ է` ակտիվացնելով Գերմանիային` նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունն արցախյան հակամարտության գոտում։ Գերմանիան գրեթե միշտ եղել է ՌԴ-ի հետ Եվրաատլանտյան հանրության հարաբերությունները կարգավորելու կողմնակից և շատ ավելի մեղմ դիրքորոշում է ունեցել ՌԴ-ի աճող ռևիզիոնիստական նկրտումների նկատմամբ, քան, օրինակ` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը կամ նույն Ֆրանսիան։

Խնդիրն այն է, որ, ի տարբերություն այն հանգամանքի, որ Գերմանիան թեկուզև անցանկալի է համարել ՌԴ-ի առաջ քաշած ազդեցության գոտիների հստակ բաժանման գաղափարը, այնուամենայնիվ, ի տարբերություն վերոնշյալ երկրների, Բեռլինի համար հասկանալի և ընդունելի են եղել ՌԴ-ի տարածաշրջանային նկրտումներն ու մտահոգությունները։ Այս տրամաբանությունից ելնելով, օրինակ, Գերմանիան դեռ 2008թ. Բուխարեստի ՆԱՏՕ-ի վեհաժողովից սկսած` դեմ է արտահայտվում Վրաստանին և Ուկրաինային ՆԱՏՕ-ի Անդամակցության գործողությունների պլանի տրամադրմանը, պատճառաբանելով, որ դա ավելի կբորբոքի ՌԴ-ի հետ լարված հարաբերությունները։ Այլ կերպ ասած, ՌԴ-ի` Եվրոպայում ուժերի բալանսի աշխարհաքաղաքական ընկալումներն ընդունելի և հասկանալի են Գերմանիայի համար, ինչի պատճառով էլ, համենայնդեպս, Հարավային Կովկասը դե ֆակտո ճանաչում է ՌԴ-ի ազդեցության գերակայությունը։

Այսպիսի օրինակների վրա հիմնվելով, Մոսկվան որոշել է ներգրավել հենց Գերմանիային, նախ` փոխարինելով ամերիկյան առաջարկությունը վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ գերմանականով, որն իրականում քաղաքական գործիք է նման մեխանիզմների տեղակայումը վիժեցնելու համար։ Ֆրանսիայի առաջարկը ես դիտարկում եմ ԱՄՆ-ի առաջարկության միջնորդավորված տարբերակ, որը ՌԴ-ն կա՛մ կրկին կվիժեցնի, կա՛մ էլ կփորձի արգելափակել գերմանական առաջարկությամբ։ Հակիրճ ասած, այդ մեխանիզմների ու սարքավորումների տեղակայումը, հատկապես` Գերմանիայի կողմից, ուղղակի այս պահին անիրատեսական են` ելնելով շփման գծում առկա լարված իրավիճակից ու Գերմանիայի քաղաքական հնարավորությունների բացակայությունից։ Ի վերջո, սա Արևմուտք-ՌԴ հակամարտության դրսևորումներից մեկն է միայն, ուստի պատահական չէ, որ ԱՄՆ-ը ավելի է հորդորում Գերմանիային` ներգրավվել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների պաշտպանությանը, որպեսզի բոլոր գլխավոր դաշնակիցները զգալի պատասխանատվություն կրեն դաշինքի սահմանների ամրապնդման համար։

– ՀՀ նախագահը ծավալուն հարցազրույց էր տվել ամերիկյան «Բլումբերգ» մեդիաընկերությանը, ապա ներկայացրել այն երեք պայմանները, որոնց դեպքում Հայաստանը կմտնի բանակցային գործընթաց։ Հաշվի առնելով այս երեք պայմաններն ու հարցազրույցը` ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի դիրքորոշումը։

– Հարցազրույցի ժամանակ առաջ քաշված դիտարկումները, ապա` ներկայացված երեք պայմանները, ճիշտ էին, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ բանակցությունները կրելու են պարզապես ֆորմալ հանդիպումների բնույթ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը թույլ է տվել Հելսինկյան ակտի և Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտումներ, ավելին` երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից խրախուսվել ու պարգևատրվել են այն զինվորականները, որոնք մասնակցել են նման անմարդկային գործողություններին ու դաժան դրսևորումներին։ Այդ ամենից հետո գնալ ու բանակցել` ետ կանգնելով այս երեք կետերից, պարզապես պարտություն կարելի է համարել։ Ավելին, եթե դասական քաղաքագիտության տեսանկյունից դիտարկենք` ագրեսիայի դիմած կողմն իրականում չի պատժվել, ավելին` հող է նախապատրաստում նոր ագրեսիվ գործողությունների համար։ Նման դեպքերում գնալ բանակցությունների այդ երկրի հետ, նշանակում է` հարձակմանն ավելի լավ նախապատրաստվելու համար նրան ժամանակ տալ։

– Ի՞նչ քայլերի պետք է դիմի Հայաստանը` թույլ չտալու համար նոր լայնածավալ բախումներ շփման գծում։

– Ապրիլյան պատերազմն իր հետ բերեց նախկին խաղի կանոնների կտրուկ փոփոխություն, ստեղծեց ամբողջությամբ նոր իրավիճակ, որտեղ չկա պատերազմը չսկսելու որևիցե զսպման գործոն կամ մեխանիզմ։ Այն առասպելը, թե միջազգային հանրությունը թույլ չի տա հակամարտության վերսկսում` հօդս ցնդեց։ Միանշանակ, ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ լայնածավալ պատերազմ` թե՛ ԱՄՆ-ին և թե՛ նույն ՌԴ-ին, որը կկորցնի հակամարտությունը վերահսկելու վերջին փխրուն հնարավորությունները։

Սակայն, եթե իրատեսականորեն դիտարկենք, ապա ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ Հայաստանը պատերազմն ավելի ակտիվ փուլ ներքաշելու` վերսկսելու հարցում որևէ խոչընդոտ, գլոբալ առումով, չունեն։ Ուստի հայկական կողմն օր առաջ պետք է ադապտացվի նոր իրավիճակին, համակարգային փոփոխություններ իրականացնելով Հայաստանում, քանի որ ապրիլյան պատերազմից հետո ձևավորված ստատուս-քվոն դժվար թե ձեռնտու է Հայաստանին։

Արևմուտք-ՌԴ մրցակցությունն ավելի դյուրին դարձրեց քաղաքական հիմնահարցերը պատերազմի միջոցով լուծելու հնարավորությունը։ Սա նոր իրավիճակ է և նոր իրականություն, որից հնարավորինս փորձում է օգտվել Ադրբեջանը, և Հայաստանը ևս պետք է դիմի այնպիսի քայլերի, որոնք կզրկեն Ադրբեջանին ՀՀ-ի, Արցախի ու ՀՀ քաղաքացու համար ռազմաքաղաքական սպառնալիք դառնալու հնարավորությունից։

Իրատես լինենք` կա՛մ Հայաստանն է քաղաքական պատմություն կերտելու տարածաշրջանում` դուրս հանելով թատերաբեմից հիմնական մրցակցին, կա՛մ` Ադրբեջանը։ Նմանատիպ մրցակցությունները երկար չեն տևում և ավարտվում են միայն մի կողմի տարածքային, ռազմական ու քաղաքական հաջողությամբ։

Ի վերջո, չգնալ ու չբանակցել ագրեսորի հետ, միևնույն ժամանակ` ճանաչել Արցախը անկախ կամ Հայաստանի մի մաս` դա նույնպես արտաքին քաղաքականություն է։

Հայաստանը գտնվում է լիովին այլ հակամարտության խաղի կանոնների ու իրականության մեջ, որը Երևանին թելադրում է բոլորովին նոր որակի գործողություններ, ինչը հնարավոր է իրականացնել ներքին լուրջ տրանսֆորմացիայի ու համախմբման պարագայում։ Նկատելի է հայ հասարակության մտածելակերպի փոփոխության դինամիկա, ինչը բացառում է մինչպատերազմյան հայ ներքաղաքական իրականության վերադարձ։ Ուստի իրավիճակից հաղթող դուրս գալու միակ ճանապարհը երկրում համակարգային փոփոխություններն են բոլոր ասպարեզներում` դիվանագիտություն, տնտեսություն, ներքին և արտաքին քաղաքականություն, աշխարհաքաղաքական կողմնորոշում։

Բայց արդյո՞ք ՀՀ ներկայիս իշխանությունները ետ չեն կանգնի նախագահի հնչեցրած երեք պայմաններից ու ունակ կլինեն արագորեն որակական նոր հիմքի վրա դնել հայկական պետականության ինստիտուտների գործունեությունը` դժվար է ասել։ Մի բան, այնուամենայնիվ, աստիճանաբար հստակ է դառնում՝ գալիս է միջազգային հարաբերություններում նոր նախադեպերի ստեղծման ժամանակաշրջանը։ Այդպիսի նախադեպերից մեկի հեղինակը կարող է լինել որակապես նոր Հայաստան դարձած երկիրը, որը վերացնում է առկա և պոտենցիալ սպառնալիքները` հանուն ապագա սերունդների ավելի մեծ ձեռքբերումների։

Տեսանյութեր

Լրահոս