Թրամփի պատերազմն Իրանի հետ. Ռեժիմի տապալում և լայնամասշտաբ բախում
«Փակագիծ» թելեգրամյան ալիքը ուշադրություն է հրավիրել TIME պարբերականի հրապարակման վրա.
«Նախապատրաստություն և «Կեսգիշերային մուրճ» գործողություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամիսներ շարունակ պատրաստվում էր Իրանի հետ հնարավոր պատերազմին՝ հրահանգելով ռազմական պաշտոնյաներին Իսրայելի հետ սերտ համակարգմամբ համատեղ հարվածների ծրագրեր մշակել։ Դեռևս ութ ամիս առաջ նա արտոնել էր «Կեսգիշերային մուրճ» (Operation Midnight Hammer) գործողությունը, որի շրջանակներում ռմբակոծվել էին Իրանի երեք կրիտիկական միջուկային օբյեկտներ (Ֆորդո, Նաթանզ և Սպահան)։ Ժնևում ընթացող բանակցությունների վերջին փուլը նրան չէր հանգստացրել, և Թրամփը լուրջ կասկածներ ուներ, որ Թեհրանը հարձակում է նախապատրաստում ամերիկյան և իսրայելական թիրախների դեմ։
«Էպիկական ցասում» գործողության և Իրանի ղեկավարության ոչնչացումը
Հարձակման որոշումը կայացվել է Թրամփի առանձնատանը՝ բարձրաստիճան զինվորականների և հետախուզության ղեկավարների հետ գաղտնի խորհրդակցության ժամանակ, մինչ առանձնատան մյուս հատվածում հյուրերը խնջույքի էին մասնակցում: Շաբաթ առավոտյան մեկնարկել է «Էպիկական ցասում» (Operation Epic Fury) գործողությունը։
Ամերիկյան հեռահար հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ իսրայելական կործանիչների հետ համատեղ, հարվածներ են հասցրել իրանական հարյուրավոր ռազմական օբյեկտների՝ հրթիռային մարտկոցների, ռազմածովային նավերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և հրամանատարական կետերի։
Սա, ըստ հոդվածի, «գլխատման հարված» էր։ Ռմբակոծության հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին (ով ղեկավարում էր երկիրը 36 տարի), ինչպես նաև նրա հնարավոր իրավահաջորդները համարվող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Ես սպանել եմ նրանց բոլոր առաջնորդներին: Այդ սենյակն այլևս չկա»,- TIME-ի հետ զրույցում հայտարարել է Թրամփը։
Իրանի պատասխանը և ԱՄՆ-ի կորուստները
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմաբազաներին Պարսից ծոցի ողջ տարածքում, ներառյալ՝ Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ավիաբազան։ Քուվեյթում ամերիկյան հրամանատարական կետի վրա իրանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել է ամերիկացի վեց զինծառայող։
Անդրադառնալով բուն ԱՄՆ-ի տարածքում հնարավոր ահաբեկչական կամ պատասխան հարվածների վտանգին՝ Թրամփը չի բացառել այդ սցենարը. «Ենթադրում եմ՝ այո… Մենք միշտ մտածում ենք այդ մասին: Բայց այո, գիտեք, մենք սպասում ենք որոշ բաների: Ինչպես ասացի՝ որոշ մարդիկ կմահանան»։ (Հոդվածը հիշեցնում է նաև, որ նախկինում ԱՄՆ իրավապահները կանխել էին Թրամփի դեմ մահափորձի երկու իրանական դավադրություն, ինչը Իրանի հոգևոր ղեկավարությանը դարձրել էր Թրամփի հակառակորդների ցուցակի գլխավոր թիրախը)։
Հակասություն նախընտրական խոստումների հետ
«TIME»-ը շեշտում է ստեղծված իրավիճակի կտրուկ հակասությունը. Թրամփը, ով նախընտրական արշավի ժամանակ ներկայանում էր որպես «խաղաղության նախագահ» և խոստանում էր զերծ պահել ԱՄՆ-ն անվերջանալի պատերազմներից, այժմ արել է ճիշտ հակառակը: Նա Միացյալ Նահանգներին ներքաշել է Մերձավոր Արևելքում ռեժիմի տապալման ուղղակի պատերազմի մեջ՝ մտադրվելով անձամբ դերակատարում ունենալ 90 միլիոն բնակչություն ունեցող տարածաշրջանային գերտերության հաջորդ կառավարության ձևավորման գործում:
Թրամփի հռչակած վերջնական նպատակները
Հարցազրույցում Թրամփը հստակեցրել է այս ռազմական գործողության իր գլխավոր նպատակները.
▪️Մեկընդմիշտ վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը։
▪️Կազմաքանդել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը։
▪️Իրանում հաստատել արևմտամետ կառավարություն։ «Մենք պետք է կարողանանք գործ ունենալ ողջամիտ և ռացիոնալ մարդկանց հետ»,- նշել է նա։
Հոդվածում ընդգծվում է նաև, որ Թրամփը պատերազմը սկսել է առանց Կոնգրեսին կամ ամերիկյան հանրությանը հստակ հիմնավորումներ ներկայացնելու, իսկ նրա վարչակազմը առաքելության նպատակների վերաբերյալ հաճախ տվել է անհասկանալի և հակասական բացատրություններ»։




