Հայաստանյան իշխանությունների դիրքավորումը՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին․ ո՞ւմ հետ և ի՞նչ է խոսում ԱԳ նախարար Միրզոյանը

Մեկ շաբաթ է` Մերձավոր Արևելքն ապրում է նոր լայնամասշտաբ պատերազմի պայմաններում․ ԱՄՆ-ը, Իսրայելը և Իրանը ներգրավվել են ուղիղ ռազմական բախման մեջ։ Տասնամյակներ շարունակ կուտակված հակասությունները, որոնք երկար ժամանակ դրսևորվում էին «ստվերային պատերազմի», միջնորդավորված բախումների և փոխադարձ սպառնալիքների տեսքով, վերածվել են բաց ռազմական հակամարտության։ Իրանի տարածքում իրականացված հարվածները, պատասխան հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի գրոհները, ինչպես նաև տարածաշրջանի տարբեր երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների թիրախավորումը ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է եկել սահմանափակ գործողությունների շրջանակից և վերածվում է լայն տարածաշրջանային ճգնաժամի, որի ելքը գրեթե տեսանելի չէ։

Այս պատերազմը փոխում է ուժերի դասավորությունը՝ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև՝ ամբողջ միջազգային համակարգում՝ ստեղծելով նոր անվտանգային ռիսկեր էներգետիկ շուկաների, գլոբալ քաղաքականության և հարակից տարածաշրջանների համար։ Հարավային Կովկասն ու Հայաստանը նույնպես չեն կարող մնալ այդ գործընթացներից դուրս, քանի որ աշխարհաքաղաքական ցանկացած մեծ ցնցում անմիջապես անդրադառնում է տարածաշրջանային հավասարակշռության վրա։

Այս պատերազմի ֆոնին ուշագրավ է վերլուծել նաև Հայաստանի Հանրապետության դիրքավորումը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ու հարևան երկիր, որը հարաբերություններ է կառուցում Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև ռեգիոնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ սահմանը տասնամյակներ շարունակ փակ էր։

Այս պատերազմը սկսվեց միանգամից ու Իրանի համար ծանրագույն կորուստներով՝ զոհվեց Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ինչպես նաև ռազմական էական մի շարք պաշտոնյաներ, տպավորություն ստեղծելով, որ Իրանում առաջանալու է իշխանության վակուում, իշխանությունը չի կարողանալու հաղթահարել կորուստները և գործի գցել պետական մեխանիզմը։ Սակայն Իրանն այս անգամ սկսեց հակառակորդին թիրախավորել  հարձակումից երկու-երեք ժամ անց։

Կարդացեք նաև

Մինչ միջազգային մամուլը «պայթում» էր լուրերից, որոնք ստացվում էին Իրանից ու ռեգիոնից, ՀՀ իշխանությունները սկսեցին ներկուսակցական քարոզարշավը՝ կարկանդակ-կուկուռուզ աղմկահարույց տեսարաններով։

Ալի Խամենեիի մահվան լուրը հաստատվեց մարտի 1-ին, վաղ առավոտյան, Իրանը սկսեց ցավակցություններ ստանալ, հայկական կողմը ցավակցեց մարտի 2-ին, Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր  հղեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ: Ըստ մի շարք գնահատականների՝ բավականին ուշ ցավակցություն էր դա, հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների բնույթը։ Ավելի ուշ, քան նույնիսկ ադրբեջանական կողմը, որի ղեկավար Իլհամ Ալիևը նաև այցելեց Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատուն։

Նույն օրը կայացավ նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն   Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում քննարկվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ «Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի»,- ասված էր հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանն այս օրերին ակտիվ հեռախոսազանգերի մեջ է եղել։ Զրուցել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի Մարթա Կոսի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Նա նաև կապի մեջ էր եղել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի, Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի, Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Եվ ուշագրավ է այն հանգամանքը, որ Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցում Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ: Այստեղ հարկ է հիշեցնել, որ սրանք այն երկրներն են, որոնց ամերիկյան բազաներն Իրանն անմիջապես թիրախավորեց ԱՄՆ-Իսրայել հարձակումից հետո։ Իրանն, ի դեպ, հայտարարել էր, որ իր նկատմամբ հարձակման դեպքում կարմիր գծեր չի ճանաչելու։

Եվ փաստորեն, մերձավորարևելյան այս երկրների հետ զրույցում Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման կապակցությամբ։ Սա, իհարկե, տեղին մտահոգություն է, սակայն դիվանագիտության մեջ բառերն ու նախադասությունները պատահական չեն և շատ կարևոր են։

Հետաքրքրական է, որ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ զրույցում Միրզոյանը բավարարվել էր պարզապես ցավակցությամբ, չէր հայտնել մտահոգություն Իրանի վրա հարձակման, քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու կապակցությամբ, և այստեղ նույնիսկ ավելորդ է ասել, որ չէր դատապարտել հարձակումը։ Իրանցի շատ վերլուծաբաններ ակնկալում էին, որ Իրանի գործընկերները պետք է դատապարտեին, բավարարված չէին  միջազգային արձագանքներից։ Թեև այս խոսակցությունների ընթացքում Հայաստանից էլ կարծիքներ են հնչում, որ Իրանն էլ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո շնորհավորեց Ադրբեջանին, և դա, ըստ էության, մնացել է շատ-շատերի հիշողության մեջ՝ որպես հայ-իրանական հարաբերություններում ցավոտ  և ոչ բարեկամական քայլ։

Վերադառնալով ՀՀ իշխանությունների դիրքավորմանը՝ նշենք, որ վերջին օրերին Միրզոյանը հեռախոսազրույցներ ունեցավ նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հետ։ Դա տեղի ունեցավ Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների մասնակցությամբ միջադեպից հետո։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է․

«Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։

Բնականաբար, այս դեպքում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կողմերը նկատի ունեն, որ Իրանը պետք է զերծ մնա սրմանը միտված գործողություններից։ Իսկ Ֆիդանի հետ զրույցում, ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ X-ի էջում գրառում արվեց, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնցից աջակցության հայտարարություններ, նամակներ ու հեռախոսազանգեր են ստացել Նախիջևանի վրա ԱԹՍ-ների գրոհից հետո։

Գրառմանը կից Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր լուսանկար, որի վրա պատկերված էին այն 40 երկրների ու միջազգային 6 կազմակերպությունների դրոշները, որոնց Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել. դրանց թվում է նաև Հայաստանի դրոշը։

Ըստ էության, Հայաստանի աջակցությունն Ադրբեջանին տեղի ունեցավ այն բանին զուգահեռ, երբ Իլհամ Ալիևը Ադրբեջանի ԱԽ նիստում, անդրադառնալով Նախիջևանի միջադեպին, հայտարարեց․ «Թող չփորձեն մեր ուժը։ Նրանց, ովքեր ուզում էին փորձել մեր ուժը, մենք ջախջախեցինք երկաթե բռունցքով։ Այսօրվա միջադեպը նույն արդյունքին կհանգեցնի»։ Ադրբեջանից հնչող նմանատիպ ստորացուցիչ ձևակերպումներն, այնուամենայնիվ, կարծես չեն մտահոգում ՀՀ իշխանություններին, որոնք հայտարարում են, թե Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատված։

Կրկին խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների հարցից՝ Իրանի դեսպանատանն այս օրերին սգո մատյան է բացվել։ Բազմաթիվ քաղաքական ու հանրային գործիչներ են այցելում դեսպանատուն, ցավակցում, իրենց գրառումը կատարում մատյանում։ ՀՀ իշխանությունից դեսպանատուն այցելեց միայն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Սա ևս ուշագրավ ցուցիչ է։ Ընդհանուր առմամբ ՀՀ իշխանությունները նկատելի հեռավորություն են պահպանում Իրանից, եթե նույնիսկ շփումներ են հաստատում, դրանք զուսպ են, առանց աջակցության խոսքերի ու զգացմունքային ձևակերպումների՝ բացառությամբ ցավակցությունները։

Սակայն ևս մեկ ուշագրավ ցուցիչ է այն, որ հասարակության շրջանում Իրանի վարկանիշը, որպես ՀՀ գործընկեր, բավական բարձր է։

Նախօրեին հրապարակվեցին Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։

Չնայած մի շարք գնահատականների, ըստ որի՝ ՀՀ իշխանությունների վերաբերյալ արդյունքները կեղծված կամ ուռճացված են, ամբողջությամբ կեղծել հնարավոր չի եղել։

Այնուամենայնիվ հետաքրքիր էր տեսնել, որ՝ «Հետևյալ երկրներից որո՞նք եք համարում առավել կարևոր քաղաքական գործընկեր Հայաստանի համար» հարցին, քաղաքացիները պատասխանել էին հետևյալ համամասնությամբ՝ Ռուսաստանին Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցվածների 43 տոկոսը, ԱՄՆ-ին՝ 42 տոկոսը, Իրանին՝ 34, ԵՄ-ին՝ 29, Ֆրանսիային՝ 27, Չինաստանին՝ 21, Վրաստանին՝ 18, Հնդկաստանին՝ 6, Միացյալ Թագավորությանը՝ 4, Ղազախստանին՝ 3, Թուրքիային՝ 3, Ադրբեջանին՝ 2, Ուկրաինային՝ 2 տոկոսը:

Հարկ է նշել, որ ի տարբերություն վերոնշյալ բոլոր երկրների, Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ բնական դաշնակիցն է, միակ երկիրը, որն ուղիղ ու բաց տեքստով աջակցել է ՀՀ տարածքային ամբողջականությանը, սահմանների անքակտելիությանը, ՀՀ անվտանգությունը հռչակելով սեփական անվտանգություն։

Մնում է հուսալ, որ ՀՀ իշխանությունների այս հեռադիր դիրքավորումն Իրանից ՀՀ-ի համար չի ունենա հետևանքներ։

Տեսանյութեր

Լրահոս