«Հայաստանի խնդիրը միայն Ադրբեջանի հարձակումը չէ. Հայաստան-Իրան ճանապարահի փակման դեպքում Հայաստանի տնտեսությունը բախվելու է լուրջ խնդիրների». Քաղաքագետ

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը չի բացառում, որ Միացյալ Նահանգներ, Իսրայել և Իրան ռազմական առճակատման ժամկետներն ավելի երկարաձգվեն, կամ դրանք տևեն մի քանի օր և ավարտվեն՝ ամեն ինչ պայմանավորված է տարբեր գործոններով։

«Միացյալ Նահանգների նախագահը նախապես հայտարարել էր, որ պատերազմն Իրանի դեմ կարող է տևել 4 շաբաթ։ Ըստ իս, կարող են լինել պրոցեսներ, որոնք այս ժամկետը կարող են կրճատել, կարող են լինել պրոցեսներ, որոնք կերկարացնեն։

Այս ռազմական առճակատումը կարող է կարճ ընթացք ունենալ, եթե Իսրայելը և Միացյալ Նահանգներն օդային հարվածներով կարողանան հասնել իրենց նպատակին՝ Իրանում ապակայունացնել իրավիճակը։ Ինքս այս տարբերակը քիչ հավանական եմ համարում, որովհետև Միացյալ Նահանգներում կան մարդիկ, որոնք դժգոհ են Թրամփից, ինչը կարող է անդրադառնալ Իրանի դեմ այս գործընթացների վրա։

Հաջորդ գործոնը, որը կարող է այս իրավիճակի վրա ազդել՝ պոտենցիալ ցամաքային գործողությունն է քրդերի ձեռքերով, որը վերջին շրջանում քննարկվում է։ Եթե Միացյալ Նահանգները և Իսրայելը կարողացան այս սցենարն իրագործել, ապա կրկին կարող է ռազմական գործողությունները կարճ ընթացք ունենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունովը։

Կարդացեք նաև

Ըստ քաղաքագետի, գոյություն ունի մեկ շատ վտանգավոր հանգամանք, որ Իսրայելն Իրանի դեմ այս ռազմական գործողություններն ընկալում է՝ որպես գործընթացի մի մաս։ Այսինքն՝ եթե հիմա Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցվեն, բայց Իսրայելն իր նպատակին չհասնի՝ չապակայունացվի Իրանի ներքին վիճակը, ապա հետագայում կրկին հարձակման նոր ալիք են նախապատրաստելու։

«Այս պահին Միացյալ Նահանգների և Իսրայելի խնդիրն Իրանի ներսում վիճակի ապակայունացումն է, այդ պատճառով էլ ցանկացած պարագայում այս գործողությունների հետ կապված ապագան բավականին մռայլ է։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա համադրելով այն տեղեկատվությունը, ինչը մեզ պաշտոնապես հայտնի է, Ադրբեջանի կողմից Սյունիքի դեմ հարձակումը քիչ հավանական է։ Այս հարձակումը հավանական չէ՝ պայմանավորված ԱՄՆ-ի և ԹՐԻՓՓ-ի գործոնով։

Պետք է հաշվի առնենք մեկ հանգամանք՝ վերջին շրջանում Իրանը չէ, որ զսպում է Ադրբեջանին, որովհետև Իրանի գործոնը վերջին 2 տարում թուլանում է։ Հենց այս գործոնի թուլացումն էր պատճառներից մեկը, որ հայկական կողմը գնաց դեպի ամերիկյան կողմ՝ ԹՐԻՓՓ-ի հարցում։ Այս պահին դժվարանում եմ ասել, թե այս ճանապարհը որքանով է մեզ համար արդյունավետ, բայց այն Ադրբեջանին որոշ առումով զսպում է»,- հավելեց Դավիթ Հարությունովը։

Ըստ մեր զրուցակցի, եթե այս պահին Ադրբեջանն առիթն օգտագործի ու հարձակվի Հայաստանի վրա, Թրամփի կողմից կդիտարկվի՝ որպես հարձակում ԹՐԻՓՓ-ի վրա, ինչը, բնականաբար, Ադրբեջանի համար հետևանքներ կունենա։ Այլ հարց է, որ Միացյալ Նահանգաներում հանկարծ քաղաքական անկայունություն տեղի ունենա, ապա միանշանակ է, որ Ադրբեջանն առիթը կօգտագործի ու կհարձակվի Հայաստանի վրա։

«Հայաստանի համար խնդիրը միայն Ադրբեջանի հարձակումը չէ, կան նաև այլ խնդիրներ, օրինակ, Հայաստան-Իրան ճանապարահի փակումը, որի դեպքում Հայաստանի տնտեսությունը բախվելու է լուրջ խնդիրների։ Իրանը Հայաստանի համար շատ կարևոր առևտրային գործընկեր է։

Եթե իրավիճակն ապակայունանա, ապա Իրանի մեծ թվով մարդկանց ներհոսք կլինի, իհարկե, Ադրբեջան ավելի շատ կգնա, բայց Հայաստանում էլ մեծ հոսք կլինի»,- ընդգծեց Դավիթ Հարությունովը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան ռազմական գործողություններն ընթանում են փետրվարի 28-ից։

Տեսանյութեր

Լրահոս