Բաժիններ՝

Որդիս և ընկերները քառօրյա պատերազմի ժամանակ անմիջապես ճակատ մեկնեցին. Քահանայի որդին առաջնագծում է

Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի սանձազերծած պատերազմական իրավիճակը անտարբեր չթողեց և ոչ մեկին: Սահմանը պաշտպանող մեր զինվորներին օգնության հասան ոչ միայն 90-ականների ազատամարտիկները, այլև՝ մերօրյա կամավորները՝ բժիշկը, ինժեները, հոգևորականը… Զինվորագրվեցին նաև դեռ երեկ ծառայությունն ավարտած ու վերադարձած երիտասարդները:

Aysor.am-ին տեղեկություններ են հասել, որ մերօրյա ազատամարտիկների շարքերն է համալրել նաև Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շահե քահանա Հայրապետյանի 23 ամյա որդին՝ Տիգրան Հայրապետյանը, ով բոլորովին վերջերս է նշանադրվել:

«Որդիս և ընկերները քառօրյա պատերազմի ժամանակ անմիջապես ճակատ մեկնեցին, սակայն նրանց հետ վերադարձրեցին՝ պատճառաբանելով, որ նախապես չեն հաշվառվել: Վերադառնալուն պես նրանք հերթագրվեցին երկրապահների մոտ և գրեթե մեկ շաբաթ է՝ մեկնել են Արցախ: Տիգրանը մանկուց ինքնուրույն է եղել, կամային, բայց ոչ թե ագրեսիվ, այլ՝ լսող ու գնահատող: Այնպես որ՝ նա որոշումներ ընդունող և իրականացնող տղա է»,-կայքի  հետ զրույցում նշեց քահանան:

maxresdefault(7)

Կամավորագրված ընկերները ծառայած են, Տիգրանն էլ զինծառայությունն ավարտել է երկու տարի առաջ: Ընտանիքներում հատկապես մայրերն են դժվարությամբ համակերպվում որդիների՝ նման որոշման հետ: «Մոր արտասուքներին ի պատասխան՝ ասաց. «Եթե ես չգնամ, ամեն մեկս թաքնվենք ու չգնանք, ապա ո՞վ է սահմանը պահելու»: Ու գնաց… Հնարավոր չէ նրան համոզել վերադառնալ, հենց նմանատիպ մի խնդրանք լսում է, հեռախոսն անմիջապես անջատում է: Նա իր որոշումը կայացրել է՝ պետք է մնա ու վերջ»,-ասաց տեր Շահեն:

Քահանան որդու հետ հաճախ է կապ հաստատում: Վերջինս միշտ հորդորում է իրեն շատ հարցեր չտալ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է: Զավակին և մյուս զինվորներին միանալու ցանկությունը մեծ է, բայց Տիգրանը խորհուրդ չի տալիս գնալ՝ ասելով, որ իրենք «խիստ» տեղերում են, միևնույն է՝ նրանց ոչ-ոք իրենց մոտ չի թողնելու:

Առիթն օգտագործելով՝ հոգևորականից հետաքրքրվեցինք քառօրյա պատերազմի տված դասերի, կորուստների ու ձեռքբերումների մասին: «Այս ամենը օգտակար էր մեր ազգի համար միայն մեկ երևույթի տեսանկյունից. մեր աչքերը բացվեցին և հասկացանք, որ մեր հույսը միայն մեր վրա պետք է դնենք, ոչ-ոք մեզ օգնության հասնելու միտում չունի: Այդպես է եղել և՛ 1918-ական թվականներին, և՛ Խորհրդային միության ժամանակաշրջանում, և՛ հիմա: Ցավոք, նաև շատ հայորդիներ զոհվեցին, սահմանին գտնվող տղաներին Աստված թող իր փառքի մեջ առնի ու պահպանի: Պետք է վերլուծենք այս ամենը, դաս քաղենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Մինչ ապրիլյան պատերազմը մարդիկ երբեմն իրար մեջ խոսում էին, որ ևս մեկ ղարաբաղյան շարժում սկսելու դեպքում սահմանը պահելու համար մարդ չի հավաքվի: Բայց արի ու տես՝ հակառակն ապացուցվեց: Կռվի դաշտ գնացին ինքնակամ՝ գրքով, սրով ու աղոթքով. «Մենք ընդամենը պետք է պատմական անդրադարձ կատարենք ու կհասկանանք` ի՞նչ տեղի ունեցավ Ավարայրում, Սարդարապատում, ինչպիսի՞ն էր համախմբվածությունը 1988 թվականին՝ երկրաշարժի ժամանակ, արցախյան շարժման ընթացքում… Մենք մի քիչ տրտնջացող ժողովուրդ ենք, քանի որ լավ կյանքով չենք ապրել, տարբեր ազգերի, ցեղերի կողմից կատարված արշավանքների ժամանակ բռնության ենք ենթարկվել, փորձել են մեր մեջ ստրուկի հոգեբանություն ներարկել, բայց մեր ազնվական գենը, արյունը միշտ գործում է: Ամենածայրահեղ պահերին սթափվում և հասկանում ենք՝ պետք է լինել միասնական, մեկ ճակատ կազմել ու փրկել ազգը»:

Տեր Շահե քահանա Հայրապետյանը իր հայրական և քահանայական խոսքը հղեց բոլոր զինվորներին և ոչ միայն… Նրա կոչ-մաղթանքը համամարդկային է: «Խաղաղություն Հայոց աշխարհին և ամբողջ աշխարհին: Թող մեր տղաները ողջ և առողջ վերադառնան, շենացնեն իրենց տները: Մարդիկ թող բարօրության մեջ ապրեն ու ապրեն իրենց և ոչ թե՝ հարևանի կյանքով: Շատ կարևոր է հեռու մնալ բամբասանքից…Թուրքը երբեք հանգիստ ազգ չի կոչվել, միշտ խնդրահարույց է եղել ու բոլորն էլ այդ մասին գիտեն: Հիմա նա քաղաքական խաղերի մեջ է, բայց կգա մի օր, երբ անպայման կպատժվի ու արդարությունը կվերականգնվի: Այդ առումով ես հույս ունեմ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց հոգևորականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս