Ճակատագրով կապվածները…

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին  հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմը ետ էր մղում հենակետը գրավելու՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի փորձերը: Երրորդ վճռական հարձակման ժամանակ թշնամին գործեց ամբողջ ուժով:

Կապիտան Ուրֆանյանը հրամայել էր անձնակազմին ետ քաշվել, իսկ ինքը մնացել էր մարտական հենակետում՝ ապահովելու  զինվորների ապահով հետնահանջը: Հրամանին չէր ենթարկվել միայն մեկը՝ շարքային Քյարամ Սլոյանը…

Երբ ուղևորվում էի շարքային Քյարամ Սլոյանի հայրենի Արտաշավան գյուղը, մտածում էի, որ հոդվածս նվիրվելու է Արցախի համար մղված քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հիշատակին, որը վճռական պահին մենակ չի թողել հրամանատարին: 19-ամյա տղայի գործած սխրանքին արդեն շատ լրատվամիջոցներ էին անդրադարձել: Սակայն մի հարց ինձ հանգիստ չէր տալիս. ո՞վ է եղել այն հրամանատարը, որի ետևից է մահվան վտանգն արհամարհելով նետվել քաջարի տղան: Կարճ ժամանակ անց ինձ համար պարզ էր դառնալու, որ զինվորը առանց մի պահ անգամ տատանվելու անձնվիրաբար փոխհատուցել է հրամանատարի՝ իր ենթակաների հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը:

Հերոսի՝ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԻ ծննդավայրում

Qyaram Sloyan (1)Արտաշավան հասնելով՝ տեսնելու էի այն տունը, որտեղ ապրել է Սլոյանը, այն սարերը, որտեղ մանկուց պարզ, խաշնարած տղան ընտանիքի հոգսերը հոգալու համար արածեցրել է գյուղի անասունները: Հարևանները, որ բոլորն էլ կա՛մ Արցախյան պատերազմի մասնակից էին, կա՛մ այդ պահին սահմանում կռվողներ ունեին, մեկը մյուսից առաջ ընկնելով խոսում էին Սլոյանների ընտանիքի բարի  ու համեստ վարք ու բարքի մասին:

Ապրիլի երկուսին, երբ դեռևս բոթը չէր հասել գյուղ, Քյարամի հայրը վատ նախազգացում է ունեցել: Դադարեցրել է գործը հարևանի այգում և ասել. «Ուզում եք՝ տվեք վարձս, ուզում եք՝ չէ, բայց էսօր ձեռս չի գնում, որ աշխատեմ: Ոնց որ՝ սիրտս դանակով կտրտեն…»:

Այցելությանս օրը ներկաները փորձում էին սփոփել Քյարամի հարազատներին՝ հորը, մորն ու ավագ եղբորը: Թեև նրանք կարծես թե արդեն գտել էին իրենց միակ մխիթարանքը՝ իրենց որդին հերոս է: Մոտ ժամանակներս բանակ է զորակոչվելու Քյարամի փոքր եղբայրը՝ Հրաչոն: Դեպքից մի քանի օր առաջ նրան զինկոմիսարիատ էին կանչել: Ավագ եղբոր իրավունքով Համոն ասում է. «Բա իհարկե պիտի՛ գնա: Մեր վիշտը մղում է ոչ թե ետ կանգնելու, այլ հակառակը՝ թշնամուն ապացուցելու, թե ով ես դու: Արցախյան պատերազմի ժամանակ հայրս ստացել է իր հոր մահվան լուրը, բայց ռազմի դաշտը չի լքել, չի եկել մասնակցելու թաղմանը… Թուրքերը իրենց արշինով են չափում մեզ.կարծում են՝ կվախենանք ու հեշտ ու հանգիստ ետ կտանք մեր հողերը: Սխալվում են: Իրենք էլ տեսան, որ հակառակը եղավ… Եղբորս գիտե՛մ, չէր լքի իր հրամանատարին, մենակ չէր թողնի:  Իմ ախպերն է, ես նրան լավ գիտեմ… Նրա հա-ն հա էր, չէ-ն՝ չէ: Իր էս արարքով մի անգամ էլ հաստատեց դա»:

Սգով համակված այս տանը՝ հարազատների ու բարեկամների շրջապատում, քեզ կոտրված, հուսահատ չես զգում: Զարմանալի զսպվածություն, արժանապատվություն, վեհություն կա նրանց վշտի մեջ:

…Ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրերին Քյարամ Սլոյանի հայրենի գյուղից՝ Արտաշավանից 15 տղամարդ է մեկնել Արցախ: Արցախյան ազատամարտի մասնակից  հայրը՝Քալաշ Սլոյանը, ուխտել է մեկնել Մարտակերտ՝ ազգային բանակի զինծառայողների ու աշխարհազորայինների հետ կողք կողքի պաշտպանելու մեր հայրենիքը:

Հերոս հրամանատարի՝ ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ տանը

Հերոսի տան ճանապարհին ծաղկավաճառի կողքով անցնելիս  քայլերս դանդաղեցին. ուզում էի հայացքով ընտրել նրա հիշատակին արժանի ամենալավ ծաղիկները… Ծաղկավաճառ աղջիկը որսաց մոլորված հայացքս, մոտեցավ, հարցրեց. «Ի՞նչ առիթով է՝ տխրությա՞ն, ուրախությա՞ն»: Չգիտեի՝ ի՞նչ պատասխանեմ… Ինձ հավաքեցի ու ասացի. «Հերոսի մոր մոտ եմ գնում… Մարտակերտում զոհվածկապիտանի…»: Աղջիկը լուռ գլխով  արեց: Հետևում էի, թե ինչպես էր հատ–հատ ընտրում կարմիր հոլանդական վարդերից լավագույնները, խնամքով փաթեթավորում: Ավարտելով՝ ինձ մեկնեց հոյակապ փունջը. «Վճարել պետք չէ,- ասաց նա,- հերոսի համար է…»:

Նայում էի տիկին Համեստի՝ խնամքով կահավորած պատվո անկյան կողմը: Լուսանկարից պայծառ ժպտում էր  հերոսը: Սեղանին շարված էին ՀՀ ազգային բանակի կապիտան, թեյքվանդոյի եռակի  չեմպիոն Արմենակ Ուրֆանյանի գերատեսչական մեդալներն ու պատվոգրերը: Նա երկու անգամ ճանաչվել է «Վաշտի լավագույն հրամանատար»: Պատից կախված է զինվորական համազգեստը:

– Ինձ թվում է՝ Քյարամը անպայման կուզենար, որ Ձեզ  հետ էլ հանդիպեի…,- ասում եմ, ու առաջին հայացքից տարօրինակ միտքը, որ այս օրերին ինձ հանգիստ չի տալիս, շատ բնական է ընդունում զոհվածի մայրը:

– Իրենք վերջում արդեն երկուսով են մարտը մղել… Չի ուզեցել մենակ թողնել հրամանատարին… Մի անգամ Արմենակս  ինձ պատմեց, որ մի շատ լավ զինվոր ունի՝ ազգությամբ եզդի: Հատկապես ուշադիր էր նրա նկատմամբ: Տղայի հայրն ու մայրը որոշել էին զորացրվելուց հետո ոչխար մորթել Արմենակիս համար: Որդիս ուրախանում էր,  որ հարգված է, բայց անմիջապես էլ ավելացնում էր. «Ես ո՞նց թույլ կտամ էդպիսի բան»: Երբ առաջին օրը եզդի տղայի անունը կարդացի,  անմիջապես մտքովս անցավ,  որ հենց նույն տղան է…:

Զուսպ, քչախոս կապիտան Ուրֆանյանը ծնողներին իր մասին քիչ բան է պատմել, փոխարենը սիրել է խոսել իր զինվորների մասին: Նորակոչիկներին կրտսեր եղբոր պես է վերաբերվել, զորավիգ է եղել:

– Եթե հանկարծ զգար, որ զինվորը շատ է հոգնած՝ քնատ վիճակում,դիրքում կփոխարիներ նրան: Մարտակերտով մեկ նրան սիրում էին: Ու Մարտակերտի համար էլ ընկավ…

Armenak Urfanyan (2)Ուրֆանյանների ընտանիքը երկար տարիներ բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Արմենակն ու կրտսեր եղբայրը այնտեղ են հասակ առել:

– Սիրում էր դաշույններ, հրացանի մասին էլ չենք խոսում,- ասում էհերոսի մայրը,-մանկապարտեզի ճանապարհին՝ Սուվորովի անվ.զինվորական  ուսումնարանի մոտով անցնելիս, ամեն անգամ ասում էր. «Ես էստեղ եմ սովորելու»: Վազգեն Սարգսյանի մասին որդուս վեցերորդ դասարանում եմ պատմել, Ռուսաստանո՛ւմ: Բայց չեմ մտածել, որհայրենիքին նվիրումը նրա մեջ այդքան խորն է նստած: Քանի որ ռազմական գործն այդքան շատ էր սիրում, մտածեցի՝ավելի լավ կլինի գնանք Հայաստան, այնտեղ սովորի: Այդպես էլ եղավ՝ սովորեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտոհրաձգային ֆակուլտետում: Զարմանում էի՝ եթե մեր տոհմում զինվորականներ չեն եղել,Արմենակիս մեջ էդ գենը, ձգտումը որտեղի՞ց էր: Իմ այն հարցին, թե ուրֆացի հո չե՞ն եղել նախնիները, պատասխանում է. «Հազվագյուտ ազգանուն են կրում տղաներս… Գուցե իրո՞ք նրա հայրական կողմի պապերը Ուրֆայից են եղել և մասնակցել են  հերոսամարտին, չգիտեմ…

…Դեպքից հետո, երբ եղբայրը իմացել է, որ զոհվածներից մեկը ինքը իրեն նռնակով պայթեցրել է՝ թշնամուն ողջչհանձնվելու համար,  մորը ասել է. «Էլ ո՞վ  կարող է լինել, եթե ոչ՝ նա, մամ…»:

Armenak Urfanyan (1)Երբ արդեն պատրաստվում էի հրաժեշտ տալ Արմենակի մորը, զգացի, որ էլի մի բան ուներ ասելու. «Ասում եք՝ Քյարամի մորը տեսել եք… Ես կուզեի հանդիպել…»: Հեռախոսն ունեի և անմիջապես հեռաձայնեցի… և ունկնդիր  եղա իրենց  հերոս որդիներին կորցրած երկու մայրերի խոսակցությանը:  Փորձելով խնայել միմյանց՝ նրանք միայն մխիթարանքի ու քաջալերանքի զուսպ խոսքեր էին փոխանակում, հորդորում մեկմեկու ամուր մնալ՝ հանուն  իրենց քաջարի զավակների հիշատակի: Շնորհակալություն էին հայտնում միմյանց՝ հավատարիմ ու հպարտ զավակներ մեծացնելու համար: «Ուզում էինք գալ ձեր տուն»,- ասում է զինվորի մայրը: «Սիրով կսպասեմ»,- պատասխանում է հրամանատարի մայրը:

…Երկու հերոս իրենց մայրերի ու բոլորիս հիշողության մեջ շարունակելու են ապրել.  կողք կողքի՝ միշտ պատրաստ… ամենադժվար պահերին նեցուկ լինելու մեզ, միմյանց, բոլորին…

Քնար Թադևոսյան
մայոր
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս