
ՀՅԴ մարմինը փորձում է լիակատար իրազեկվածություն ապահովել Ադրբեջանի ագրեսիայի մասին Միացյալ Թագավորությունում

Հայ Հեղափոխական Դաշնակցության Միացյալ Թագավորության մարմինը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան, մասնավորապես, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմից զանգվածային ռազմական գործողությունների ձեռնարկումը:
ՀՅԴ մարմինն իր համերաշխությունն է հայտնել Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական կառույցներին, հայկական զինված ուժերին և Հայաստանի ու Արցախի բնակչությանը: «Մենք խոստանում ենք մեր բոլոր ռեսուրսները ներդնել այդ գործում: Մենք նաև արտահայտում ենք մեր խորը ցավակցությունն այն ընտանիքներին, ովքեր հարազատներ են կորցրել Ադրբեջանի հարձակման հետևանքով»,-ասված է ՀՅԴ Միացյալ Թագավորության մարմնի հայտարարության մեջ:
Նրանք նաև հայտնել են, որ աչալուրջ կերպով հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և քայլեր են ձեռնարկում ապահովելու լիակատար իրազեկվածություն Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ: «Դիմում ենք նաև բոլոր համայնքային կազմակերպություններին, որպեսզի պատրաստ լինեն ամեն պահի աջակցելու Արցախի ժողովրդին»: