Արծվիկ Մինասյանը չգիտի` որքանով կնվազի գազի գինը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դեռ տեղյակ չէ, թե գազի գինը որքանով կարող է նվազել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Մինասյանը նշեց, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել: Ըստ նրա` գինն իջեցնելու հնարավորություն միշտ կա, համենայն դեպս, ամեն ինչ պետք է անել դրա համար:
«Շատ ավելի կարևոր է տեխնոլոգիական նորարարությունը երկրում, որպեսզի արտադրողականությունը բարձրանա: Մենք մեր երկրում այսօր արտադրողականության պրոբլեմ ունենք, մեկ միավոր աշխատողի հաշվին չափազանց մեծ ծախս է բաժին ընկնում: Տեխնոլոգիական, նորարարական լուծումները պետք է լինեն այս տնտեսության շարժիչ ուժը»,- ասաց Ա.Մինասյանը:
168.am-ի հարցին` տարիներ շարունակ խոսվում է գիտելիքահենք տնտեսության մասին, այսօր որքանո՞վ է մեր տնտեսությունը գիտելիքահենք, նախարարը պատասխանեց, որ կա ընթացք այդ ուղղությամբ, բայց խոսել, որ հասել ենք այն կրիտիկական կետին, որ ՀՀ տնտեսությունն արդեն ավտոմատ կզարգանա այդ ուղղությամբ, առնվազն միամտություն կլինի. «Մենք «գիտելիքահենք» որ ասում ենք՝ ի նկատի չունենք միայն մեկ ոլորտ` տեղեկատվական տեխնոլոգիաներ, որ ակնհայտորեն առաջ է անցել և ակնհայտորեն տարածաշրջանային մրցակցային հսկայական առավելություն է տալիս: Բայց մենք նաև պետք է խոսենք տեխնոլոգիական մյուս ուղղությունների մասին` ինովացիոն նախաձեռնությունների, դրա հենքի վրա գիտական նորարարությունների մասին, որը կապահովի մի կողմից՝ հաշվի առնելով ՀՀ շրջափակված վիճակը, ավելի լոգիստիկ առումով՝ հեշտ իրացվելի, բայց նաև՝ բարձր արժեք ունեցող ապրանքների ստեղծում»: