«Ես չեմ էլ ցանկանում իշխանությունների նկատմամբ նման մեծ ատելություն տեսնել, քանի որ դա կարող է որոշակի գործընթացների բերել երկրում». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց , որ մարդիկ ոչ միայն կարող են մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ու «ոչ» ասել, այլև՝ ընդհանրապես չգնալ քվեարկության:

Հիշեցնենք, որ «Ոչ»-ի մյուս ճակատը՝ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, կոչ են անում անպայման գնալ հանրաքվեի ու «ոչ» ասել, որպեսզի իշխանությունները չկարողանան օգտագործել մարդկանց ձայները: Լրագրողներից մեկն Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ այսպիսով դուք իրար հակադիր կարծիքներ չե՞ք արտահայտում: Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ինքը հասարակության տեսանկյունից է դա ասում.

«Որպես հասարակության ներկայացուցիչ, եթե դուք ինքներդ չցանկանաք գնալ, մենք չենք կարող ձեր ձեռքից բռնել, ասել՝ անպայման գնացեք տեղամաս: Խոսքը սրա մասին է, որ հասարակության տարբեր ներկայացուցիչներ տարբեր տեսակետներ ունեն»:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ խնդրի ճիշտ լուծումն այն է, որ մինչև հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 1-ից, մարդիկ հավաքվեն ու փորձեն իսկապես լուրջ ազդեցություն ունենալ գործընթացների վրա.

«Եթե հնարավոր է՝ մինչև ամսի 6-ն իշխանափոխություն իրականացնենք, եթե հնարավոր չէ, ապա հասարակությանն ակտիվ պահելով՝ փորձենք որոշակի վերահսկողական գործառույթներ իրականացնել տեղամասերում, որովհետև ցանկացած պարագայում, միևնույն է, տեղամասում պետք է ֆիքսվի այն, ինչ կատարվում է: Տեղամասերի հետ կապված լուրջ աշխատանքների անհրաժեշտություն կա»:

Հարցին, թե իրականությունից կտրված հայտարարություն չէ՞ այն, որ, եթե հնարավոր է, մինչև դեկտեմբերի 6-ն իշխանափոխություն կանեք, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.

«Ես կարդացել եմ ցարական Ռուսաստանի ներքին գործերի նախարարի զեկույցը ցարին. Փետրվարյան հեղափոխությունից առաջ՝ ցարին հենց դրա առաջին օրը զեկուցում է, որ ամեն ինչ վերահսկելի է, ոչ մի խնդիր չկա, և այլն: Հաջորդ օրը տեղի է ունենում փետրվարյան հեղափոխությունը մեկ օրվա ընթացքում: Այն, որ մենք նայում ենք՝ Ազատության հրապարակում մարդ չկա, և այլն, ճիշտ է, բայց որևէ մեկս չենք կարող ասել՝ նմանատիպ անվստահության պարագայում իշխանությունների նկատմամբ ի՞նչ կարող է լինել: Անվստահությունը մի կողմ, դա ամենանվազ չարիքն է, այդքան մեծ ատելություն գոյություն ունի, ես չեմ էլ ցանկանում նման մեծ ատելություն տեսնել, քանի որ դա կարող է որոշակի գործընթացների բերել երկրում, որ իմ համար անցանկալի են»:

Տեսանյութեր

Լրահոս