««Որոգայթը» մաֆիայի մասին է, բայց ոչ՝ մաֆիայի մեծարման համար». Հարություն Մովսիսյան
168.am-ն անդրադարձել է օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի ինչպես՝ գլխավոր, այնպես էլ՝ երկրորդ պլանի դերերում նկարահանվել են հայկական հեռուստաեթերի ու կինոարտադրության ամենահայտնի ներկայացուցիչները՝ Հարություն Մովսիսյան, Սարգիս Գրիգորյան, Սոս Ջանիբեկյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ելենա Բորիսենկո, Գրիգոր Աղախանյան, Ստեփան Ղամբարյան, Մարջան Ավետիսյան, Արմեն Մարգարյան, Արփինե Գաբրիելյան, Սաթենիկ Հախնազարյան և ուրիշներ:
Պրեմիերայից առաջ մենք զրուցեցիք «Որոգայթ» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար, դերասան Հարություն Մովսիսյանի, ռեժիսոր Ռոման Մուշեղյանի, սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի և դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ:
– Հարություն, ո՞վ է Ձեր կերպարը ֆիլմում:
– Հիմնականում պահպանվել է Հովիկի տեսակը: Վերջին հաշվով, երբ հեղինակը գրել էր այս սցենարը, հենց Հովիկի կերպարով էր սկսել այն: Տղամարդու լավագույն որակները կան Հովիկի կերպարի մեջ: Ուղղակի ամեն ինչ այնքան «լրջի վրա» էինք տարել, որ ֆիլմի վերջում հասկացա, որ ամբողջ ֆիլմի ընթացքում ես չեմ ծիծաղել:
– Երբ «Որոգայթը» դեռևս սերիալային փուլում էր, այն սկսեցին համեմատել նմանօրինակ հայտնի և շատ վաղուց արդեն նկարահանված այլ քրեական դրամաների հետ: Չե՞ք կարծում, որ զուգահեռներ են տարվելու Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմի հետ, և, որ նման համեմատության մեջ «մեր հայկական «Կնքահայրը» շահեկան դիրքերում չի լինելու»:
– Նմանությունը միայն ժանրային առումով է՝ քրեական դրամա: Ես գիտեմ, որ Վրաստանում, Ադրբեջանում կցանկանային «Որոգայթի» պես ֆիլմ ունենալ: Բայց նրանք չեն կարողանում նման ֆիլմ նկարել, քանի որ չունեն այդ կերպարը: Ուղղակի չկա Հովիկի կերպարը:
– Ուզում եք ասել, որ Վրաստանում և Ադրբեջանում չկա՞ մաֆիա, և դժվա՞ր է գտնել մաֆիոզի կերպար:
– Ուզում եմ ասել, միայն, որ այս ֆիլմը մեծ ձեռքբերում է: Մաֆիոզ, հանցագործ աշխարհն ամեն տեղ կա: Բայց կարո՞ղ է արդյոք ամեն պետություն նման որակի ֆիլմ նկարել՝ մաֆիայի մասին: Դա շատ դժվար քայլ է՝ հավատացեք: Մի առիթով երեկույթ էի վարում, որտեղ ինձ մոտեցավ Հունաստանի դեսպանի թարգմանիչն ու ասաց, որ դեսպանն իմ կենացն է խմում, քանի որ շատ է սիրում իմ՝ Հովիկի կերպարը, տղամարդու այդ տեսակը «Որոգայթ» սերիալում: Պարզվեց, որ դեսպանը թարգմանաբար նայել է մեր սերիալն ամբողջությամբ:
– Փաստորեն, մենք ունենք այնքան «լավ» մաֆիա, որ անգամ գեղարվեստական ֆիլմ ենք նկարում նրանց մասին և դեռ հպարտանո՞ւմ դրանով:
– Այս ֆիլմը մաֆիայի մասին է, բայց ոչ՝ մաֆիայի մեծարման համար:
– Եվ ինչպե՞ս է հանդիսատեսը «կռահելու» այդ մասին:
– Երբ հանդիսատեսը տեսնի Հովիկի տղամարդու տեսակը, անմիջապես կհասկանա դա: Տղամարդ, ով պատասխանատու է իր յուրաքանչյուր խոսքի և արարքի համար, ով կարողանում է ճիշտ ընկալել կյանքը՝ իր որոգայթներով հանդերձ: Ի վերջո, քրեական աշխարհը դա այն կյանքը չէր, որի մասին նա երազել է երիտասարդ տարիներին: Սակայն հանգամանքները նրան այլ ճանապարհներով են տանում: Մենք Հովիկի կերպարը կենտրոնացրել ենք հանցագործ աշխարհի, մաֆիայի մեջ, որպեսզի ֆիլմն ավելի հետաքրքիր դարձնենք: Եկեք չմոռանանք, որ իրականում մեր ազգի մեջ եղել են շատ ուժեղ մաֆիոզներ, որոնք շատ են օգնել մեր ժողովրդին, նույնիսկ Ղարաբաղի ազատագրման ընթացքում: Նրանք խուլիգաններ չեն, իրենք բոլորը զարգացած տղերք են՝ երկու-երեք լեզու իմացող: Իրենք տարօրինակ երևույթներ են աշխարհի վրա: Իրենց հետ պետություններ են հաշվի նստում:
Մենք զրուցեցինք նաև ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ:
– Ռոման, որպես ռեժիսոր՝ ինչպե՞ս որոշեցիք սերիալը դարձնել գեղարվեստական ֆիլմ:
– Փետրվար ամսից «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանի մոտ կար սերիալը գեղարվեստական ֆիլմի վերածելու գաղափարը: Մարտից սկսվեց ֆիլմի մեկնարկը, հունիսին ավարտվեցին նկարահանումները:
– Ըստ Ձեզ՝ ֆիլմը որքա՞ն կմնա էկրաններին՝ հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին մեծամասամբ կատակերգություններ են նկարահանվում:
– Այստեղ գոյություն ունի հայկական իրականության հարց: Եթե ֆիլմը կատակերգություն չէ, ապա չի կարող լինել կոմերցիոն: Մենք կփորձենք այս ֆիլմով կոտրել այդ կարծրատիպը: Վստահ եմ, որ միայն կատակերգության ժանրը չէ, որ պահանջված է: Ես որպես ռեժիսոր՝ փորձում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր նկարահանել: Վստահ եմ, որ դաշտում պետք է ամեն ժանրի ֆիլմ էլ լինի: Այլ կերպ մարդիկ կսկսեն դեգրադացվել: Ի վերջո, որքա՞ն կարելի է միայն կատակերգություն նկարել:
– Դուք ունեք այդ կարծրատիպը կոտրելու հնարավորություն, քանի որ «Որոգայթ» ֆիլմին նախորդող համանուն սերիալն արդեն իսկ բարձր վարկանիշ ուներ: Կլինե՞ր արդյոք այդ հնարավորությունը, եթե ֆիլմին չնախորդեր սերիալը:
– Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ, ըստ իս, ֆիլմը ստացվել է: Սակայն վերջնական խոսքը, անշուշտ, հանդիսատեսինն է: Ֆիլմը շատ լուսավոր է ավարտվում և ունի շարունակելի լինելու ակնարկ:
– Սերիալի պարագայում հնարավորություն ունեիք ըստ ցանկության՝ երկարացնելու տեսարանները: Գեղարվեստական ֆիլմի դեպքում ռեժիսորը զրկված է նմանօրինակ «շռայլությունից»: Այնուամենայնիվ, Ձեր ֆիլմը տևում է գրեթե 2 ժամ:
– Ես շատ խիստ եմ դատում ինձ և երբեք ֆիլմում չեմ դնի կադրեր, որոնք ուղղակի ափսոսում եմ մոնտաժել: Յուրաքանչյուր կադր պետք է արդարացված լինի: 30 րոպե ավելի նյութ էինք «հավաքել» ֆիլմի վերջնական տարբերակի համար, բայց վերջում որոշեցինք, որ դա ևս պետք է կրճատվի, որպեսզի ֆիլմը չկորցնի իր դինամիկան և հետաքրքրությունը: Այժմ ֆիլմը տևում է 1 ժամ 50 րոպե:
– Հայաստանի պարագայում ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիում: Իսկ ե՞րբ է սկսվելու ֆիլմի համաշխարհային «ճանապարհորդությունը»:
– Վաղվանից արդեն ֆիլմը կցուցադրվի նաև ԱՄՆ-ում՝ «Ալեքս» կինոթատրոնում: Ֆիլմը շուտով կցուցադրվի նաև Մոսկվայի տարբեր կինոթատրոններում:
– Գաղտնիք չէ, որ երբեմն ֆիլմի ամենալուրջ տեսարանները շատ զվարճալի նկարահանումներ են ունենում:
– Նման մի բան եղավ նաև մեր ֆիլմի պարագայում: Շատ զվարճալի տեսարան տեղի ունեցավ, երբ նկարահանում էինք գերեզմանոցում՝ թաղման տեսարանը: Տեսարանի նկարահանմանն անհրաժեշտ անձրևն ապահովելու համար մենք հրշեջ մեքենաներ էինք բերել «նկարահանման հրապարակ»՝ գերեզմանոց: Ես մի քանի անգամ բացատրեցի աշխատակիցներին, թե որ ուղղությամբ է պետք ապահովել «անձրևը»: Թվում էր, թե նրանք ամեն ինչ հասկացան, մինչև այն պահը, երբ ասացի՝ «մատոռ»… Այդ «անձրևը» տեսախցիկների առջև հոսելու փոխարեն՝ թրջեց 100 հոգանոց դերասանական կազմը: Աշխատակիցները սխալմամբ ջրի շիթերը պահել էին ուղիղ դերասանների վրա: Եվ մենք ստիպված սպասում էինք, թե երբ կչորանա մեր դերասանների հագուստը, որ կարողանանք վերսկսել նկարահանումները:
Ի դեպ, Ռոմանի պատմած զվարճալի նկարահանումները, թերևս, ֆիլմի ամենասահմռկեցուցիչ տեսարաններից մեկի համար էին արվել, երբ «չարաբաստիկ անձրևի» ներքո պայթում է դագաղի մեջ տեղադրված ռումբն ու սպանում և վիրավորում ներկաներին:
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն մեզ հետ զրույցում պատմեց, թե որ տեսարանին է անհամբերությամբ սպասում:
– Ելենա՛, որքանո՞վ է ստացվել Ձեր կերպարը, և ո՞րն է եղել ամենաբարդ տեսարանը:
– Չեմ կարող ասել, թե որքանով է ստացվել կերպարս, դրա իրավունքը հանդիսատեսին է պատկանում: Ֆիլմում կար մի բարդ և, միևնույն ժամանակ, շատ հաճելի տեսարան, երբ իմ հերոսուհին գալիս է իր սիրած տղամարդու մոտ և առաջինն է սեր խոստովանում նրան: Ամենասրտատրոփ տեսարանն է, որն անպայման ուզում եմ այսօր տեսնել:
Սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը մեզ հետ զրույցի ավարտին հիշեց, որ ֆիլմում, այնուամենայնիվ, կա մեկ հումորային ռեպլիկ:
– Հարություն, որքա՞ն ժամանակում գրվեց սցենարը, և ինչո՞վ է «Որոգայթ» ֆիլմը տարբերվելու համանուն սերիալից:
– Սցենարը գրվել է մոտ 3 ամիս: Սերիալից վերցրել եմ միայն ընդհանուր սյուժեն, որի վրա կառուցվել է լիովին նոր ֆիլմի սցենար, բոլորովին այլ պատմություն: Փոխվել են որոշ հերոսներ, ֆիլմն ինքնին ավելի դինամիկ է դարձել…
– «Շատ լուրջ ֆիլմում հումոր չի կարող լինել» սկզբունքո՞վ եք գրել սցենարը:
– Հումոր կարող է լինել ամենալուրջ տեսարաններում անգամ, սակայն մեր ֆիլմում հումոր չկա: Գրեթե չկա: Ուղղակի որոշեցինք տվյալ՝ քրեական դրամա ժանրը «մաքուր» նկարել: Հա, հիշեցի, մի տեղ հումորային ռեպլիկ կա…