Բաժիններ՝

«Քանի տղաներիս ձեռքին զենք կա, ես ինձ շարքում եմ »

hayzinvor.am-ը գրում է. Արցախյան ազատագրական շարժումը անտարբեր չթողեց եւ ոչ մի հայի. հողագործ, բանվոր, գիտնական, վարորդ եւ ուսուցիչ բոլորը մեկեն դարձան հայրենիքի զինվոր ու միասին պաշտպանեցին երկիրը:

Բյուրեղավանցի Յուրի Ազարյանն էլ միացավ գնդապետ Սերգեյ Առաքելյանի հրամանատարությամբ կազմավորվող Հատուկ գնդի մարտիկներին: Ինքը եւս անտարբեր չէր կարող լինել համազգային պոռթկմանը, քանի որ իր ծննդավայր գյուղը` Բարումը, հայաթափ էր եղել:

-Աշխարհի ամենագեղեցիկ գյուղն է Բարումը` Գարդմանա աշխարհի իմ փոքրիկ անկյունը: Ով մեկ անգամ եղել է այս գյուղում, երբեք չի մոռանա տեղի չքնաղ բնությունը,- մանկության հուշի թեւերն է բռնել Յուրին:- Ես յոթ տարեկան էի, որ մեր ընտանիքը տեղափոխվեց Բյուրեղավան, բայց ամեն ամառ պարտադիր գնում էի գյուղ: Այնտեղի ամեն քար ու թուփ, ավազի հատիկն ու անգամ ավազի փոշին, հավատացեք, չեմ փոխի եվրոպաների հետ: Ես միացա Հատուկ գնդին` հոգուս խորքում հավատալով, որ մի օր ծննդավայրս էլ կազատագրեմ…

Յուրին Կարմիրի վաշտի կազմում էր: Այսօրվա պես հիշում է առաջին մարտը:

– Հաղորդում էինք ստացել, որ ադրբեջանցիներն ուզում են փախցնել սահմանամերձ Ճամբարակ գյուղի ոչխարի հոտը: Ութ հոգով «ՈՒԱԶ» նստեցինք ու քշեցինք Ճամբարակի դաշտերը… Ընկանք շրջափակման մեջ: 40-50 հոգի կրակում էր մեզ վրա,- պատմում է Յուրին,- Լավ է, մեր տղերքն օգնության հասան, ու շրջափակումից դուրս եկանք:

Հետո նկատում են, որ իրենց ընկերներից մեկը` Գրիգոր Ճաղարյանը, չկա: Նորից վերադառնում են: Տեսնում են՝ Գրիգորը վիրավոր ընկած է, իսկ մոտենալ չեն կարող, որովհետեւ հակառակորդը կրակի տակ էր պահում տեղանքը: Յոթ քարի արանքում էին` ի՞նչ անել: Այնժամ Յուրին հանում է սպիտակ շապիկն ու թափահարելով առաջ է գնում:

-Չկրակեցի՛ն: Վիրավոր Գրիգորին դուրս բերեցինք, բայց փրկել չկարողացանք. մեքենայի մեջ՝ ճանապարհին, շունչը փչեց,- դառնացած հիշում է Յուրին:- Գրիգորը մեր Հատուկ գնդի առաջին զոհն էր: 31 տարեկան էր, երեք տղա ուներ, կինը երեխով էր…

Հատուկ գնդի կազմում Յուրին բազմաթիվ մարտերի է մասնակցել` Շուշի, Կարմիր… Ստացած մեդալներն էլ անցած մարտական ուղու խոսուն վկաներն են, բայց ազատամարտիկը ամենամեծ պարգեւը ազատագրված հողն է համարում:

Պատերազմից հետո շարունակեց ծառայությունը: Երեք տղա ունի` Վլադիմիրը, Արմենն ու Մակիչը: Մակիչը խաղաղապահ է, Արմենն էլ հյուսիսարեւելյան ուղղությամբ է ծառայում, պայմանագրային սերժանտ է: Տղաներին ինքն է ուղղորդել, որ զինվորական դառնան: «Քանի տղաներիս ձեռքին զենք կա, ես ինձ շարքում եմ զգում: Մեր ուժերով պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, մենք ենք էս երկրի եւ՛ զինվորը, եւ՛ տերը», -բանաձեւում է Հատուկ գնդի վետերանը:

Կայքի թղթակցի հետ զրույցի պահին Արմեն որդին է զանգում սահմանից:

-Ո՞նց է վիճակը, կրակոց կա՞,- հարցնում է հայրը:

-Նորմալ է, պա՛պ ջան, հանգիստ եղեք, ամուր կանգնած ենք,- պատասխանում է որդին:

Պատերազմի դառնահամը ճաշակած մարդիկ երեւի ամենաշատն են ուզում, որ աշխարհում խաղաղություն լինի…

♦♦♦

Օրեր առաջ Հատուկ գնդի 25-ամյակն էր: Ամեն տարի պարտադիր հավաքվում են` անխախտելի կարգ է: Գնում են Եռաբլուր` խնկարկելու զոհված ընկերների հիշատակը: Ողորմի չեն ասում, ասում են` հավերժ փառք: Հետո այցելում են Հատուկ գնդի զորամաս, այնուհետեւ հավաքվում են մի տեղ՝ նշելու:

-Մեր տղերքից ամեն մեկը քայլող լեգենդ է,- հպարտությունը չթաքցնելով՝ ասում է վետերանը,- Է՜հ, 25 տարի է անցել պատերազմական այն օրերից, բայց այսօր էլ սահմանին կրակոցներ են, այսօր էլ զինվոր է զոհվում: Նշանակում է՝ պատերազմը դեռ չի ավարտվել, եւ եթե հարկ լինի, մեր տղերքը առաջվա նման առանց մի վայրկյան տատանվելու կգնան դիրքեր, կկանգնեն մեր հող ու ջուրը պաշտպանող զինվորի կողքին:

Հաճախ ենք հանդիպում, հին օրերից խոսում, հիշում ենք ու քահ-քահ ծիծաղում, հիշում ենք ու լաց լինում: Մեր մարտական օրերի երգն ենք թնդեցնում` «Բիթլիս քաղաք…»: Երբ իրար հետ ենք, այնքան ինձ հզոր եմ զգում: Ինձ թվում է` աշխարհի ամենաուժեղ մարդն եմ, ասես գերբնական զորություն եմ ստանում: Հաջորդ օրը նույն կյանքն է` իր ռիթմով:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս