«Հանկարծ մի խումբ պատգամավորների կողմից բացահայտվեց, որ ունենք շուրջ 500.000 քաղաքացի, ովքեր ունեն նույնականացման քարտ»
Նախագծի կյանքի կոչման դեպքում, որը հնարավորություն է տալիս քվեարկել նույնականացման քարտերով, ընտրակեղծիքների և կրկնաքվեարկության վտանգ է ստեղծվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ դեռևս 2011թ., երբ ընդունվեց «Նույնականացման քարտերի մասին» օրենքը, դրա անցումային դրույթներով սահմանվեց աստիճանական անցումը նույնականացման քարտերին, և հին նմուշի անձնագրերը կարծես թե դուրս էին գալու շրջանառությունից: Հովհաննես Սահակյանի խոսքով՝ ամիսներ առաջ, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում փաստ դարձավ, որ բազմաթիվ քաղաքացիներ փորձում են քվեարկությունն իրականացնել նույնականացման քարտերով, որը համարվում է ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը փաստող փաստաթուղթ, կարծես թե Սահմանադրության հետ հակասություն էր առաջանում: Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ 18 տարին լրացած քաղաքացին քվեարկության իրավունք ունի, և այս առումով կարծես թե խոչընդոտ էր առաջացել: Հովհաննես Սահակյանը նշեց, որ 182.391 անձ ունի միայն նույնականացման քարտ և կարող է դրանով գնալ քվեարկության: Նրա խոսքով՝ սա բավական մեծ թիվ է, և, եթե չփորձեին կարգավորել այս խնդիրը, դա կարող էր դառնալ լուրջ շահարկման խնդիր. «Այն փաստը, որ 182.391 քաղաքացի պոտենցիալ զրկվել են ընտրական իրավունքն իրացնելուց, կարող էր էապես ազդեցություն ունենալ հանրաքվեի ելքի վրա և հիմք հանդիանալ՝ ինչո՞ւ չէ, չեղյալ հայտարարելու համար, և այլն, և այլն»:
Հովհաննես Սահակյանն այս նախաձեռնությունը շահարկողներին բաժանեց երկու խմբի՝ մի մասը նրանք են, ովքեր ևս մեկ անգամ ինքնահաստատվում են՝ որպես ընդդիմություն, մի մասն իսկապես շահագրգռված է, և այն ավանդույթը, որ չեն վստահում ընտրություններին, շարունակվում է. «Ես այստեղ մի փոքր, այսպես ասած, արհեստական քննարկումներ կամ մտահոգություններ եմ տեսնում, որովհետև Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս պատշաճ վերահսկողություն իրականացնել բուն ընտրական պրոցեսների վրա»:
Հարցին, թե ինչու են այսքան ուշ նախաձեռնել այս նախաձեռնությունը՝ նկատի ունենալով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը երկու տարի առաջ սկսվել էր, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ առնվազն երկու ամիս առաջ այս գործընթացը սկսված էր: Նրա խոսքով՝ որպեսզի օրենսդրական նախաձեռնությունը հասնի ԱԺ Պետական-իրավական հանձնաժողով, այն երկար ճանապարհ է անցնում: Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններից հետո Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել այս նախաձեռնությամբ, և արհեստական կլիներ ևս մեկ նախաձեռնություն դնել շրջանառության մեջ, հետագայում նախագիծը երկու շաբաթով հետաձգվեց, մեխանիզմները, որոնք ներկայացվել էին, իրենց համար ընդունելի չէին, այդ պատճառով իրենք հանդես եկան իրենց նախաձեռնությամբ. «Այստեղ որևէ միտում, որևէ չարամտություն չկա, ինչպես փորձում են որոշները ներկայացնել, որովհետև, եթե բացը կա, մենք պետք է շատ արագ արձագանքենք դրան և փորձել վերականգնել այդ բացը»:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ 2012թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Նույնականացման քարտերի մասին» օրենքը, բայց այդ օրենքով սահմանվում էր, որ 2014թ. հունվարի 1-ից հին նմուշի անձնագրերն այևս չեն տրվում քաղաքացիներին: Նրա խոսքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ նրանք, ովքեր փոխանակում կամ վերադարձնում էին անձնագիրը, ստանում էին միայն նույնականացման քարտեր:
Նա հիշեցրեց, որ 2014թ. Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, և քաղաքացիների մի մասը կանգնում էին խնդրի առաջ, երբ հարց էր ծագում՝ նույնականացման քարտով կարո՞ղ են քվեարկել, թե՞ ոչ: Նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամեն անգամ, ելնելով իրավիճակից, ընդունում էր իրավիճակային որոշումներ. ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, որպեսզի չխախտվի մարդու իրավունքը, անձին հնարավորություն էին տալիս քվեարկել նաև նույնականացման քարտով: Այսինքն՝ նրա խոսքով՝ արդեն այդ ժամանակ խնդիրը ծագել էր: Նա նշեց, որ իշխանությունները կամ հակասությունը չեն տեսել, կամ տեսել են, բայց քանի որ պահը պատեհ չեն համարել, չեն անդրադարձել այդ հակասությունը վերացնելուն:
Նրա խոսքով՝ 2014թ. հուլիսի 15-ին վարչապետը որոշում է ընդունել՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին. աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ներկայացներ հակասությունը վերացնելու համար: Նրա խոսքով՝ հանձնարարվել էր մեկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել: Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ, երբ հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, ԱԺ-ում հիմա է բարձրացվում այս հարցը, սակայն շատ երկար ժամանակ է եղել: «Հարց է ծագում՝ եթե աշխատանքային խումբ է ստեղծվել և արվել է որևէ բան, ապա ո՞ւր է արածը: Եթե խումբը ստեղծվել է, և վարչապետի որոշումը չի կատարվել, ապա ինչո՞ւ վարչապետի որոշումը չի կատարվել, ինչո՞ւ վարչապետն այդքան անհետևողական է գտնվել իր ակտի նկատմամբ և իր ստեղծած հանձնաժողովից արդյունք չի պահանջել:
Եթե սա պատահականություն է, շտապողականություն է, անփութություն է կամ ուղղակի կարևորություն չեն տվել, ես, իհարկե, սրա տակ կարող եմ միտում տեսնել, որովհետև պահը հարմար չէր, հանրաքվեի գաղափարը մտցվեց, հայեցակարգը երկու տարի շրջանառվեց, և այն պահին, երբ պիտի գնանք քվեարկության, հանկարծ մի խումբ պատգամավորների կողմից բացահայտվեց, որ մենք երկրում ունենք շուրջ 500 հազար քաղաքացի, ովքեր ունեն նույնականացման քարտ, այդ թվում՝ 180 հազարը՝ միայն նույնականացման քարտ, 320 հազարից մի փոքր ավելին՝ և՛ նույնականացման քարտ, և՛ հին անձնագիր, իհարկե, այստեղ սկսում ենք մտածել՝ ի՞նչն է այս շտապողականության պատճառը նախկին դանդաղկոտության նկամամբ»,- ասաց նա: