Անգամ Ռուսաստանի՝ նման ակտիվ ու հաջողված ներգրավվածությունը չի կարող հանգեցնել սիրիական հակամարտության հանգուցալուծմանը. արաբագետ

«Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում, ինչը շատ կարևոր իրողություն է: Բացի այդ՝ Ռուսաստանի հիմնական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան և հյուսիային շրջաններում է, որտեղ սիրիահայ համայնքն ունի բավականաչափ առարկայական ներկայություն: Բավական լուրջ երաշխիքներ են ստեղծվում սիրիահայ համայնքի անվտանգության համար: Ռուսաստանի, ինչպես նաև՝ Իրանի ներգրավվածությունը ՀՀ-ի համար էլ ստեղծում է հնարավորություններ՝ դիվանագիտական առումով որոշակիորեն ազդելու գործընթացների վրա: Այսինքն՝ երաշխիքներ ստանալու կամ բանակցություններ վարելու՝ սիրիահայ համայնքի անվտանգությունն ավելի բարձր մակարդակով ապահովելու առումով»,- այսօվա ասուլիսին նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանն ունի բավական լուրջ քաղաքական բաղադրիչ, որի բովանդակությունը, ըստ նրա՝ այն է, որ անգամ Ռուսաստանի՝ նման ակտիվ ու հաջողված ներգրավվածությունը չի կարող հանգեցնել սիրիական հակամարտության հանգուցալուծմանը. «Չափազանց կարևոր է, որպեսզի քաղաքական որևէ ձևաչափ ձևավորվի, որտեղ ընդհանուր հայտարարի գան այս հակամարտության ինչպես՝ ներսիրիական, այնպես էլ՝ արտասիրիական ուժերը»:

Ըստ արաբագետի՝ Բաշար ալ Ասադի այցելությունը Մոսկվա հենց քաղաքական նման ձևաչափն ակտիվացնելու համար էր. «Այս այցելությունը կազմակերպվել էր Մոսկվայի կողմից, այն կատարվեց հույժ գաղտնի ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ասադը վերադարձավ Սիրիա, նոր այդ մասին սկսեցին հայտարարել: Այցի անակնկալ բնույթը Ռուսաստանի քարոզչական շահերի շրջանակներում էր:

Այստեղ ոչ թե էական է՝ ի՞նչ են քննարկել Ռուսաստանն ու Սիրիան, այլ այցի բնույթը. Բաշար Ասադը 4.5 տարվա հակամարտությունից հետո առաջին անգամ լքեց Սիրիայի տարածքը և գնաց ոչ թե՝ Իրան կամ Լիբանան, այլ՝ հենց Ռուսաստան: Սրանով ընդգծվում է Ռուսաստանի դերակատարությունը սիրիական հակամարտության մեջ, և ,սիրիական տեսանկյունից եթե նայում ենք, Պուտինի հանդիպումն Ասադի հետ նշանակում է, որ Ասադը դեռևս գործուն է և նա անպայման դերակատարություն պետք է ունենա սիրիական հակամարտության շրջանակներում, ինչո՞ւ ոչ՝ նաև ապագայի Սիրիայում: Այսինքն՝ Ասադի քաղաքական դերի ամրապնդմանն ուղղված գործողություն էր սա: Չեմ բացառում, որ այս հանդիպումից հետո Ասադը ժամանի նաև Իրան, Իրաք»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս