«Շատ կարևոր է, որ «Ոչ»-ի արշավի մասնակիցների ձայները լսելի լինեն նույնքան, որքան և «Այո»-ի». Ռիչարդ Միլս

«Ինչպես պատմությունն է ցույց տալիս, բավարար չէ ունենալ միայն հիմնական ժողովրդավարական սկզբունքների երաշխիքները Սահմանադրության և օրենքների մեջ: Իրավունքի գերակայությունը, իրավունքի գերիշխանությունը կախված է անկախ դատական համակարգի գործունեությունից, իշխանությունների տարանջատումից և հակակշռումից, այն կախված է նաև ուժեղ ժողովրդավարական կառուցակարգերի գործունեությունից և գոյությունից, այդ թվում՝ ազատ ԶԼՄ-ների գործունեությունից: Ակնհայտորեն Սահմանադրությունը՝ որպես հիմնարար մոդել, ուղղակիորեն ներազդում է իրավական ողջ համակարգի վրա կոնկրետ երկրում և այդպիսով Սահմանադրությունը շատ մեծ կարևորություն ունի երկրի զարգացման համար»,- այս մասին այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով խորհրդաժողովի ընթացքում ասաց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ իր համար մեծ պատիվ է քննարկմանը լինել. «Սակայն Միացյալ Նահանգների դիրքորոշումը հետևյալն է՝ ինչպես է փոխվելու Հայաստանի Սահմանադրությունը, փոխվելո՞ւ է, թե՞ չի փոխվելու, մի որոշում է, որ պետք է Հայաստանը կայացնի: Միացյալ Նահանգները՝ որպես Հայաստանի բարեկամ, ով հայ ժողովրդի կողքին է, պաշտպանում է ժողովրդավարական արժեքները Հայաստանում, հավատացած է, որ որոշումը, որ պետք է ընդունվի, պետք է լինի բաց, ներառական բանավեճի արդյունքում, և այսօրվա միջոցառումն այդ բանավեճի կարևոր մասերից մեկն է»: Դեսպանը նշեց, որ անհրաժեշտ է, որ Հայաստանում բոլորը հնարավորություն ունենան մասնակցելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակալի քննարկումներին, բանավեճերին. «Հանրությունը պետք է հնարավորություն ունենա հարցեր տալ, հնչեցնել իրենց մտահոգությունները, որպեսզի կարողանան կշռադատված որոշում կայացնել հանրաքվեի ժամանակ»:

Դեսպանը նշեց, որ ժողովրդի հետ, ժողովրդի շրջանում քննարկումները պարտադիր են և անհրաժեշտ. «Հայաստանում հանրաքվեի արշավի շրջանում նրանք, ովքեր դեմ են այս նախագծին, պետք է նույնքան հավասարապես հնարավորություններ ունենան հայտնել իրենց կարծիքները, հատկապես՝ հեռարձակվող լրատվամիջոցներում, որոնք այդքան շատ տարածված են և այնքան շատ մեծ ազդեցություն ունեն Հայաստանում: Շատ կարևոր է, որ «Ոչ»-ի արշավի մասնակիցների ձայները լսելի լինեն նույնքան, որքան և «Այո»-ի: Իհարկե, շարքային ընտրողներին երկու ամսվա ընթացքում չեն կարող սահմանադրական իրավունքի մասնագետ դարձնել, բայց շատ կարևոր է, որ ընտրողները հասկանան, թե ինչ հարց է դրված, և ինչի համար են իրենք գնում քվեարկության, հետագայում ինչ փոփոխությունների կբերի Սահմանադրությունն օրենքներում, և ինչպիսի ազդեցություն կունենան այս որոշումներն իրենց և իրենց երեխաների կյանքում»: Դեսպանն ասաց, որ փոփոխություններին աջակցողները և նրանք, ովքեր դեմ են, պետք է պատրաստ լինեն բաց, հրապարակային, ըստ էության քննարկումների:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին ասաց, որ քաջալերված է մեծաթիվ մարդկանց ներկայությամբ, տեսնում է մեծաթիվ երիտասարդների դահլիճում և միջանցքներոմ, ինչը, կարծում է՝ լավ նշան է, որ երիտասարդ սերունդը շատ է մտածում երկրի ապագայի մասին և ցանկանում է քննարկել Հայաստանի մոտակա տարիների տեսլականը:

Կարդացեք նաև

«Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ձեր ինքնիշխան որոշումն է: Ինչպես ԱՄՆ-ի դեսպանն ասաց, Հայաստանի ժողովուրդն է որոշելու՝ ինչպիսի սահմանադրական համակարգ է ցանկանում ունենալ: Մեր կողմից միակ հույսը, որ ես կարող եմ ունենալ, այն է, որ դեկտեմբերի 6-ի ձեր որոշումը կօգնի, որպեսզի երկիրն առաջ շարժվի բարեփոխումների ուղղությամբ և արդիականացման ուղղությամբ: Երբ ես հանդիպեցի ձեր նախագահին, նա ինձ ասաց, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն աջակցություն ցուցաբերի ձեր բարեփոխումների ջանքերին: Մենք այս քննարկումների գործընթացքում բարյացակամ դիտորդ ենք, բայց մեր հիմնական նպատակն է՝ օգնել ձեզ բարեփոխումներում և օգնել, որպեսզի Հայաստանը ճիշտ ուղղությամբ շարժվի, բարեփոխումների, արդիականացման ուղղությամբ առաջ շարժվի: Բայց որոշումը դուք պետք է կայացնեք, ձերն է, և պետք է իրազեկված որոշում լինի, որոշումից առաջ պետք է խորհել: Սահմանադրական բարեփոխումները տրամաբանական են, եթե դրանց հիմքում երկրի ապագայի հստակ տեսլականն է: Եթե Սահմանադրությունը կարճաժամկետ քաղաքական նպատակների է ծառայում, եթե քողարկված կարճաժամկետային օրակարգ կա այս փոփոխություններում, ապա այն արդյունքի չի հասնի, նույնիսկ, եթե ընդունվի»:

Դեսպանն ասաց, որ Սահմանադրությունը, որը պարունակում է մարդու իրավունքների ամենասպառիչ և ամենաերկար ցանկը, 1936թ. Խորհրդային Միության Սահմանադրությունն էր. «Բայց, ինչպես գիտեք, այդ Սահմանադրությունն ընդունել էր ամենաբռնաճնշող ռեժիմներից մեկը՝ Եվրոպայի կամ ընդհանրապես մարդկության ժամանակակից պատմության տվյալներով: Ամենակարևորը ոչ միայն՝ խոսված, գրված բառերն են, այլ՝ թե ինչպես են դրանք կյանքի կոչվում: Մենք ուշի ուշով, որպես Եվրոպական Միություն, հետևում ենք հենց դրան: Մենք շատ ուրախ ենք, որ դուք քննարկում եք Սահմանադրություն, բայց մենք էլ ավելի հետաքրքրված կլինենք ձեր այն քննարկմամբ, թե ինչպես է այս Սահմանադրությունը կյանքի կոչվելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս