Բաժիններ՝

«Նաիրիտ գործարանի» ներկա և նախկին աշխատակիցները կրկին նամակով դիմել են Սերժ Սարգսյանին

«Նաիրիտ գործարանի» ներկա և նախկին աշխատակիցները կրկին դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս անգամ՝ միանգամից երկու նամակով: Դրանցից մեկում նաիրիտցիները խնդրում են Ս.Սարգսյանի միջամտությունը՝ աշխատավարձի 18 ամսվա պարտքի հետ կապված, որի լուծումը, ըստ նրանց, մասնակի է եղել: Նաիրիտցիները նշում են, որ աշխատավարձի պարտքի վճարման համար «Նաիրիտ 2» ընկերության հետ իրենց պարտադրվել է ստորագրել տույժերի և տուգանքների իրավունքի զիջման պայմանագրերը:

«Մեր առջև հստակ նախապայման է դրվել, որ միայն այդ պայմանագրի ստորագրման դեպքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները կստանան աշխատավարձի մայր գումարը: Արտառոցն այն է, որ այդ պայմանագրերի ստորագրումը պարտադրվել է նաև այն մարդկանց, ովքեր աշխատավարձերի պարտքի վճարման պահին արդեն ունեին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ, որտեղ վճարման ենթակա գումարի մեջ ներառված են նաև օրենքով հաշվարկված տուգանքները»,- գրել են նաիրիտցիները և հավելել, որ նարիտցիներն այդ պահին անելանելի, ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակի մեջ են եղել և ստիպված են ստորագրել պայմանագրերը:

Նաիրիտցիների կարծիքով՝ իրենց պարտադրված պայմանագրերն ապօրինի են, և դրանցում ամրագրված պայմանները՝ ստորացուցիչ, ստրկացուցիչ, մարդկային արժանապատվությունը ոտնահարող են, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313 հոդվածի առաջին կետի համաձայն՝ պետք է չեղյալ հայտարարվեն («… այն գործարքը, որն անձը ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր»): Իրենց իրավունքների վերականգնման համար նաիրիտցիները խնդրում են Ս.Սարգսյանին՝ հարցը պահել անմիջական ուշադրության կենտրոնում:

Մյուս նամակում նաիրիտցիները բարձրացնում են գործարանի վերագործարկման խնդիրը: ««Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե արտադրական հնարավորությունների խնդիր է, այլ նախ և առաջ՝ հետևանք է կուտակված պարտքերի, որոնք, տարբեր հաշվարկներով, կազմում են 200-250 մլն դոլար: Պարտքի առաջացման պատճառները,- գրված է նամակում,- այնքան բազմաշերտ են՝ ապաշնորհ կառավարումից մինչև կոռուպցիոն ռիսկեր՝ պետական կառավարման ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավվածությամբ, որ պահանջում են Դատախազության ու դատական համակարգի լրջագույն ուսումնասիրությունը:

Կարդացեք նաև

«Պարտքային թնջուկի մանրակրկիտ ուսումնասիրությունն ու վերջնական բացահայտումը կարող են տարիներ տևել, ուստի, մինչ այդ ակնկալում ենք, որ բոլոր պարտքերը կսառեցվեն և հնարավոր ներդրողներին կներկայացվեն «Նաիրիտի» իրական հնարավորություններն ու պոտենցիալը»,- հույս են հայտնում նաիրիտցիները՝ ընդգծելով, որ առանց Ս.Սարգսյանի ազդեցիկ միջամտության, «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը կշարունակի մնալ ներկա անորոշ վիճակում, կամ կստանա ոչ նպաստավոր ընթացք: Ուստի խնդրում են Ս.Սարգսյանին՝ հանձնարարել պատմական մարմիններին քիմիական հսկայի խնդիրը դիտարկել միայն այն վերագործարկելու տիրույթում, «Նաիրիտի» վերագործարկումը համարել երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն:

Հաշվի առնելով, որ մեր երկրում ցանկացած հարց լուծում է ստանում միայն Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության դեպքում, նաիրիտցիները ճիշտ «թիրախ» են ընտրել իրենց դիմումների համար: Մնում է հուսալ, որ Սերժ Սարգսյանը կանսա ՀՀ քաղաքացիների խնդրանքին, ու երբեմնի քիմիական հսկայի վերագործարկման հարցում տեղաշարժ կգրանցվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս