«Աչքերի մեջ հո գրա՞ծ չէ՝ ինձ ընդունեք աշխատանքի, ես մանյակ եմ». Տաքսի ծառայությունների սեփականատերերն ընդվզում են
«Այսօր Ճանապարհային ոստիկանությունը պարտադրում է տաքսի սերվիսների սեփականատերերին՝ վճարել վարորդների կատարած խախտումների համար: Ոստիկանությունը որոշել է տաքսի սերվիսներին մատնել հարկային դաշտին, ինչն անօրինական է և դրա դեմ բողոքում ենք, ու պատրսատվում բողոքի ակցիա իրականացնել»,-այսօրվա ասուլիսում ասաց «Ավտովարորդների պաշտպանություն» լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Աջակցություն տաքսի սերվիսներին» հ/կ փոխնախագահ Սուրեն Մկրտչյանը մանրամասնեց, թե ի՞նչ խնդրի մասին է խոսքտ.
«Մինչև հիմա խախտում արած վարորդների մասին հարցմանը պատասխանել ու գրություն ենք ուղարկել Պետավտոտեսչությանը և էլ չեմ խառնվել, որովհետև իմ պատասխանների հիման վրա կայացվել են որոշումներ ու ուղարկվել վարորդներին, որպեսզի նրանք վճարեն իրենց կատարած խախտումների համար: Օրենքն ասում է՝ ինձ պատասխանեք պատշաճ կերպով՝ էս ինչ օրը, էս ինչ ժամին՝ ո՞վ է եղել մեքանայի ղեկի դիմաց:
Ես պատսասխանում եմ, որ ակտը գնա վարորդին ու նա վճարի, ինչպես նախկինում: Բայց արդեն մեկ ամիս է՝ ակտը, որպես իրավախախտման որոշում, գալիս է վարորդի հասցեով, վարորդն ասում է՝ անվճարունակ է, ու ինձ ասում են՝ եթե քո հիմնարկում է աշխատում, դու պետք է վճարես: Տաքսի սերվիսներն ընդվզում են՝ ինչո՞ւ պետք է ես վճարեմ»:
Ս. Մկրտչյանը նշեց, որ տաքսի ծառայությունների տնօրենների համար միևնույնն է, թե ով կվճարի, իրենք պատասխանատու չեն վարորդի կատարած խախտումների համար ու բողոքում ենք այդ կարգի դեմ.
«Ենթադրենք՝ ես ունեմ սեփական պետհամարանիշներով ավտոմեքենա, դրա խախտումները գալիս են իմ անունով, ու իմ ներքին խնդիրն է՝ ես կվճարեմ, թե վարորդը, բայց որ պետական պետհամարանիշներով է մեքենան ու դրա վրա կարող եմ 15 վարորդ փոխել, բոլորի կատարած խախտումների համար հո չե՞մ վճարելու: Այդպիսի վարորդ չկա , որ խախտում չունենա, ես ամեն օր 30-40 հարցում եմ ստանում դեղին պետհամարանիշների մասին: Դա նույնն է, որ եթե իմ սերվիսում աշխատող վարորդը վարկ ունի ու չի վճարում, գան՝ ինձնից գումարը վերցնեն: Մեզ և՛ պարտքի տակ են գցում, և՛ բերում նրան, որ փակվենք: Փակվելուց հետո էլ երևի գալու են իմ տունը վերցնեն ու ես էլ վարորդի նման դառնամ անվճարունակ»:
Ս. Մկրտչյանը նշեց, որ նախկին օրենքով՝ եթե 5-օրյա ժամկետում հարցման պատասխանը չներկայացներ, այդ դեպքում ինքը պետք է վճարեր վարորդի փոխարեն, բայց եթե պատշաճ ժամկետում պատասխանում էր, վարորդն էր վճարում.
«Վարորդները, որ իմանան՝ չվճարելու դեպքում պետք է սերվիսը վճարի, խախտումներն ավելի կշատանան»: Հարցին՝ թե ինչո՞ւ տաքսի ծառայություններում օրինապահ վարորդների չեն ընդունում աշխատանքի, Սուրեն Մկրտչյանը պատասխանեց. «Սերվիսի սեփականատերը հետաքննչականի պետ չի, որ ստուգի, թե ո՞վ է այդ մարդը: Աչքերի մեջ հո գրա՞ծ չէ՝ ինձ ընդունեք աշխատանքի, ես մանյակ եմ»: