Բաժիններ՝

«Ջարդում էին, որ տեղն ազատվի, էնտեղ մի խանութ, կամ «բուտկա» դնեն»

asparez.am-ը գրում է. «Քաղաքը դիմագիծ պետք է ունենա, դա ոչ միայն շենք-շինություններն են, նաեւ հուշարձանները: Եւ քանդակագործներիս համար կարեւոր է ոչ միայն այդ քանդակը նախաձեռնելն ու հովանավոր գտնելը, նաեւ նրա տեղը պետք է գտնել քաղաքում: Քաղաքի մի տարածքում դրա տեղը, կարիքը պետք է զգացվի, նոր միայն ծնվի այդ կոթողը: Oրինակ, Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում Տիգրան Մեծի քանդակի կարիքը կա, բայց հնարավորություններին էլ պետք է նայել կամ բարերար գտնել, որովհետեւ առանց գումար ծախսելու գործ չի ստեղծվում: Դա շատ ծանր աշխատանք է, մեծ բլոկը բերում դնում են, ու էդ քարը «կրծում», տաշում ենք էնքան, որ պատկեր ծնվի: Այդ չարչարանքից հետո ուղղակի մի տեղ տանեն դնեն, սրտիս չի նստի»,- ասում է վանաձորցի քանդակագործ Սեւոն՝ Սարգիս Ղարիբյանը:

-Քաղաքում կա՞ն քանդակներ որ իրենց տեղերում չեն, կամ ստվերված են:

-Իհարկե, կան, ամեն ինչն իր տեղում լինելու համար, քաղաքում պետք է ճարտարապետներ լինեն, որ կարգավորված լինի, բոլորն իրենց տեղերում լինեն: Քաղաքը գլխավոր նկարիչ պետք է ունենա, որ միայն հաստիքային չլինի, այլ մտածող լինի իր քաղաքի մասին եւ դիմագիծը պահի, պատահական խզբզոցներ ու աղավաղումներ թույլ չտա:

-Իսկ պահպանությունից գո՞հ եք:

-Հուշարձանները պատմություն են, դրանք ոչ միայն պահպանել, այլեւ փայփայել է պետք: Վերածննդից հասած գործեր կան, եւ դրանցով մենք այսօր սովորում ենք, բայց մերօրյա քանդակները չեն պահպանվում, ջարդում ու փշրում են: Ու դա քաղաքացու լուռ անտարբերության ներքո, եթե նույնիսկ երեխաներն առանց հասկանալու լուրջ վնաս են հասցնում քանդակին: «Հին օրհնություն» քանդակ ունեի, «Կոլոբոկ» սճարանի դիմաց դրած, անընդհատ փչացնում էին, գնում էի վերանորոգում, լվանում, ու էլի վնասում էին, ու հետո հասկացա՝ ջարդում էին, որ տեղն ազատվի, էնտեղ մի խանութ կամ «բուտկա» դնեն: Մենք չենք գիտակցում դրա արժեքը, չենք հասկանում՝ դա ինչ է, այլ ազգեր խանութի դիմացի համար հատուկ պատվիրում են, իսկ մեր ժողովուրդը հակառակն է անում:

-Ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու:

-Նայած որտեղ է գրանցված հուշարձանը, բայց մեր քաղաքի հուշարձանների համար առաջին պատասխանատուն քաղաքապետարանն է: Սրտացավություն պիտի լինի, մենակ քաղաքպետարանով չէ, ազգովի պիտի սրտացավ լինենք ու պահպանենք: Քաղաքապետարանն էլ իր անելիքն ունի, նա կարող է ստիպել այգու տերերին, քաղաքը մաքրողներին, որ գոնե քանդակների շրջակայքը մաքուր պահեն՝ խոտից ազատեն, աղբը տարածքում չթափեն, ժամանակ առ ժամանակ էլ լվանան: Մեր քաղաքի գրեթե բոլոր հուշարձաններն ու քանդակները տեղադրվել են հենց այս քաղաքապետի օրոք: Չնայած մենք սովոր ենք ամեն ինչի համար մեղադրել իշխանությանը, բայց իշխանությունն առաջին հերթին մենք ենք, եւ մեր պահվածքով ու վերաբերմունքով պիտի ցույց տանք՝ ինչպես վերաբերվել քաղաքին ու բնակչությանը:

qandak-1-2

-Ինչպես եք նայում, որ ժամանակաշրջանի հետ քանդակներն ավիրվում են:

-Շատ մեծ ցավ եմ ապրել: Քանդակը պատմությունն է, հիմա փարավոնների ու արքաների քանդակները որ պահել են, բոլորը մեր բարեկամներն են եղել: Եթե ժամանակին այդքանը ջարդվեր, ի՞նչն էր մեզ հասնելու, ի՞նչ մշակութային ժառանգություն էինք ունենալու: Լենինի եւ այդ ժամանակաշրջանի քանդակները հանելուց հետո անգամ կարելի էր թանգարանում, կամ մի պուրակում դնել, որպես պատմություն, ոչ թե սադիստաբար ջարդեին: Եթե մեկին ասես՝ արի 2 սանտի քար կրծի, չի դիմանա, գոնե մարդու աշխատանքը պիտի գնահատվի: Այ մեր ահռելի Ստեփան Շահումյանի քանդակը կա հիմա, բայց ինչ օրի է: ես կուզենայի հավաքվենք, մաքրենք, լվանանք, բայց դա մի քանի հոգու գործ չէ: Դրա համար տեխնիկա է պետք:

qandak-1-1

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս