«Դեկտեմբերի 1-ից և 6-ից հետո մենք էլի կունենանք անցած Սահմանադրություն և չենք ունենա իշխանափոխություն». Ստեփան Սաֆարյան
«Մի բան է տեսանելի «Նոր Հայաստանի» որդեգրած ստրատեգիայում՝ այն, որ իրենք հասկանում են, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը երբեք Հայաստանում մարդկանց լայն մոբիլիզացիա չի ապահովել ու այժմ էլ չի ապահովելու, և դրել են իշխանափոխության խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին, որը հայտարարել է, թե դեկտեմբերի 1-ին պատրաստվում է իշխանափոխություն անել:
Այնուամենայնիվ, Ս. Սաֆարյանը նշեց, որ իր համար անհասկանալի, հակաքաղաքագիտական ու հակաքաղաքական ինչ-որ դիզայն է կատարվել՝ դեկտեմբերի 1-ին նշանակելով հերթական հեղափոխության օրը. «Ցավալիորեն գնում են նույն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացել են նախկինում: Ես ցավով պետք է հայտնեմ, որ դեկտեմբերի 1-ից և 6-ից հետո մենք էլի կունենանք անցած Սահմանադրություն և սահմանադրական փոփոխություններ և չենք ունենա իշխանափոխություն»:
Նրա խոսքով՝ պայքարի օրակարգը պետք է ադեկվատ լինի իրականությանը. «Պատկերացրեք՝ «էլեկտրիկ Երևանի» ժամանակ ասեին հասարակությանը՝ հոսանքի գինը չի հետաքրքրում և թանկացումները չեն հետաքրքում, մենք իշխանափոխություն ենք իրականացնում, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ կունենայի՞նք մենք «Էլեկտրիկ Երևան», թե՞ ոչ: Այսինքն՝ օրակարգը պետք է ադեկվատ լինի իրականությանը»: