Բաժիններ՝

Օմբուդսմենը` Նիկոլայ Բաղդասարյանի գործի մասին

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն Օմբուդսմենին է դիմել եւ հայտնել, որ իրեն մեղադրում են անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու եւ տարածելու մեջ: Փաստաբանը նշել է, որ պաշտպանել է իր վստահորդին, մինչդեռ նախաքննական մարմինը դա դիտել է որպես անձնական գաղտնիքի տարածում:

Նիկոլայ Բաղդասարյանի դիմումից հետո Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազություն եւ Քննչական կոմիտե, որտեղից հայտնել են, որ տվյալ գործի նախաքննությունը շարունակվում է, ինչպես նաեւ գործը բողոքարկվում է դատարանում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործը նախաքննության փուլում է ու բողոքարկվում է դատարանում` օրենքն արգելում է մեզ որեւէ գնահատական տալ դատարանի գործունեությանը չմիջամտելու եւ գործի գաղտնիությունը չխախտելու նպատակով:

Այդուհանդերձ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել, որ, որպես ընդհանուր սկզբունք, անթույլատրելի է փաստաբանների, իրավապաշտպանների ու իրավապաշտպան կազմակերպությունների մասնագիտական գործունեությունը խոչընդոտման ցանկացած դրսեւորում, ինչը կարող է անհիմն ու անհարկի կաշկանդել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրենց գործունեությունը:

Ուշադրության կենտրոնում պահելով վերջին շրջանում իրավապաշտպանների ու փաստաբանների նկատմամբ հետապնդումների մասին հաճախակի դարձած դեպքերը՝ համապատասխան մարմիններին առաջարկում ենք հնարավորինս շտկել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը, ինչը տարընթերցումների տեղիք է տալիս: Տվյալ դեպքում հանցավոր է ոչ թե ԶԼՄ-ներով գաղտնի տեղեկություններ հավաքելը կամ պահելը, այլ դրանց հավաքելը կամ պահելն ապօրինի կերպով՝ այդ տեղեկություններն օգտագործելու կամ ԶԼՄ-ներով տարածելու նպատակով: Օրենսդրական կարգավորումն այս կերպ կնպաստի ոլորտի կարգավորման եւ փաստաբանների՝ իրենց մասնագիտական գործունեության չխոչընդոտման:

Հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները՝ լիահույս ենք, որ համապատասխան մարմինները գործի քննությունը հնարավորինս օբյեկտիվ, անաչառ եւ բազմակողմանի կիրականացնեն:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս